

ԷկոԼուր
Ապրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով առաջին դատական նիստը:
Այս գործով դատական հայց է ներկայացրել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների: Հայցի առաջին մասով ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությանը բնապահպանության նախարարության կողմից տրված բացասական եզրակացությունը: Հայցի երկրորդ մասով «Վայկ Մետալ»-ը պահանջում է պարտավորեցնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը իր հետ կնքել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիր:
Դատական նիստին ներկայացել էին՝ հայցվոր կողմի փաստաբան Արսեն Մարտիրոսյանը և պատասխանող կողմի՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանը: Պատասխանող մյուս կողմը՝ բնապահպանության նախարարությունը, դատական նիստին չէր ներկայացել:
Դատական նիստը նախագահող դատավոր Կարեն Ավետիսյանը նշեց, որ հայցի այն պահանջը, որը վերաբերում է պայմանագիր կնքել պարտավորեցնելուն, վարչական դատարանում քննման ենթակա չէ, քանի որ պայմանագիր կնքելը վարչարարություն չէ:
Հայցվոր կողմի փաստաբան Արսեն Մարտիրոսյանը չառարկեց՝ նշելով, որ հայցի այդ մասով պահանջը կարող է քննության չառնվել:
Դատավոր Կարեն Ավետիսյանը որոշեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ուղղված պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճել և դատարանում քննել միայն հանքավայրի նախագծի ՇՄԱԳ հաշվետվությանը տրված բացասական եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջը:
Գլաձորի հանքավայրի գործով նախնական դատական նիստը նշանակվեց ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին:
Ապրիլ 26, 2017 at 14:31
