

ԷկոԼուր
Մեղրի համայնքը տվեց իր համաձայնությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ մայիսի 16-ին տեղի ունեցած հանքավայրի շահագործման հայտի վերջին հանրային լսումների ժամանակ:
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կարևորեց նախատեսվող ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առումով և տրամաբանական չհամարեց հանածոն չռեալիզացնելը: Նրա խոսքով` համայնքում պոչամբար չի լինելու և վնասը նվազագույնն է լինելու:
Նշենք, որ ԷկոԼուրի հետ զրույցում Մեղրիի ակտիվիստը մտահոգություն է հայտնել հանքի շահագործման վերաբերյալ: «Պայթեցումների արդյունքում ռադիոակտիվ զանգվածը, ծանր մետաղները, հանքային ջրերի հետ ներծծվելով, կհայտնվեն Մեղրի գետում: Թեպետ ընկերությունը նշում է, որ այդտեղ ռադիոակտիվ ֆոնը ցածր է, բայց հանքավայրում առկա է ցրված ուրան և թորիում, որը արտադրական նպատակով պիտանի չէ, բայց բաց օդային շփման ընթացքում այն մահաբեր կդառնա տարածաշրջանի համար: Չկա որևէ երաշխիք, որ որևէ վթար չի լինելու, և աղտոտված ջրերը չեն լցվելու Մեղրի գետ, որը սնում է Մեղրի տարածաշրջանի հողերը»,- ասել է Մեղրիի ակտիվիստը:
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեղրիգետ գետի միջին հոսանքի աջ ափին: Մոտակա բնակավայրերն են Եղնիկասար, Վարդանիձոր, Լեհվազ, Թխկուտ, Լիճք գյուղերը և Այգեձոր ավանը:
Հանքավայրը փակ եղանակով շահագործելու է «Polymetal International» ընկերությունների խմբի մեջ մտնող «Լիճքվազ» ՓԲԸ-ն: Տարեկան արդյունահանվելու է 300.0 հազար տոննա հանքաքար, շահագործման ժամկետը 12.5 տարի է: Հանքը պարունակում է՝ ոսկի, արծաթ, պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, արսենապիրիտ, տենատիտ, ավելի սակավ թելուրաբիսմութիտ, տետրադիմիտ, բիսմութին: Հանքավայրի շահագործման համար ջուրը վերցվելու է Մեղրիի գետից:
Հայտում ոչինչ ասված չէ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա հանքավայրի շահագործման ազդեցության մասին: Նշենք, որ Մեղրու տարածքաշրջանում է գտնվում «Արևիք» ազգային պարկը։ Հայտում տեղեկատվություն չկա, թե որքան է հեռու հանքը ազգային պարկի սահմաններից: Միայն նշված է. «Համաձայն СН 245-71 սանիտարական նորմերի, որոնք գործում են ՀՀ տարածքում, ստորգետնյա եղանակով մետաղների և մետալոիդների արդյունահանման դեպքում՝ բացառությամբ ծարիրի, սնդիկի, մկնդեղի և մանգանի, սանիտարա-պահպանական գոտին 100մ է»:
Լիճքվազ-Թեյի հանքավայրից արդյունահանված հանքաքարը վերամշակվելու է Կապանի հարստացուցիչ ֆաբրիկայում:
Մայիս 22, 2017 at 17:03
