

ԷկոԼուր
Մայիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը որոշեց բավարարել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և անվավար ճանաչեց Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ մերժումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժման որոշման կապակցությամբ դատարանը հայտնեց. «…դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է և միաժամանակ նույն որոշմամբ խախտվում է հայցվորի իրավունքը, որպիսի փաստը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի կիրառմամբ որոշումն անվավեր ճանաչելու հիմք է»: Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծին տրված ՀՀ բնապահպանության նախարարության բացասական եզրակացության վերաբերյալ դատարանը հայտնեց. «Նման պայմաններում դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից փաստացի փորձաքննություն իրականացված չլինելու, և ըստ այդմ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացության, որպես վիճարկվող որոշման հիմքում վկայակոչված ապացույցի, որ իրավաչափ լինելու մասին ընկերության փաստարկների իրավական գնահատմանը՝ բանաձևելով, որ ընկերության հայտի հիման վրա կարող է իրականացվել պատշաճ փորձաքննություն, որն էլ կարող է գնահատվել վարչական մարմնի կողմից նոր վարույթի շրջանակներում»:
Ըստ այս հիմնավորման դատավոր Կարեն Ավետիսյանը կայացրեց հետևյալ վճիռը. «Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 114-րդ հոդվածի 6-րդ մասով, 124-127-րդ, 130-րդ հոդվածներով՝ դատարանը վճռեց «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2016 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 05/29.2/6994-16 մերժումը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հօգուտ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցման գումար:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:
Նշենք, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն նաև պահանջում էր անվավեր ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությանը տրված բացասական եզրակացությունը: Սակայն ընկերությունը հրաժարվել էր ՀՀ բնապահպանության նախարարության դեմ ուղղված հայցապահանջից, քանի որ բնապահպանական եզրակացությունը չի դիտվում որպես վարչական ակտ, այլ դիտվում է որպես ապացույց:
Մայիս 30, 2017 at 11:39