

ԷկոԼուր
Լիճքի հանքավայրի դատական գործը ձգձգվում է: Հետաձգվել է նաև մայիսի 29-ին նշանակված դատական նիստը, «ԷկոԼուր»-ին հայտնեց այս գործով հայցվոր, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:
Հայցվորի պահանջն է՝ առ ոչինչ ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը: Գործով պատասխանող կողմ են հանդես գալիս ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները: Որպես երրորդ կողմ ներգրավված է «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, որը ստացել է Լիճքի հանքավայրի շահագործման համար թույլատրող փաստաթղթերը:
Հայցվոր կողմը պնդում է, որ բնապահպանական թիվ ԲՓ 96 եզրակացության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 10.02.2016 թվականի թիվ 20-Ա որոշման արդյունքում «Թաթսթոուն» ՍՊԸ-ի նախատեսվող գործունեության համար տրամադրվող հողատարածքի մի մասը հայտնվել է «Արևիք» ազգային պարկի տարածքում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է:
«Դատական նիստը հետաձգվեց, որովհետև բնապահպանության նախարարությունը չէր ներկայացրել վարչական վարույթի նյութերը, որպեսզի հայցվոր կողմը ծանոթանար և դիրքորոշում հայտներ: Իսկ էներգետիկայի նախարարությունը վարչական վարույթի նյութերը ներկայացրել էր միայն դատարանին, այնինչ պետք է ներկայացներ նաև հայցվորին՝ դիրքորոշում հայտնելու համար», - հայտնեց Արթուր Գրիգորյանը:
Լիճքի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 10:30: Մինչ այդ պատասխանող կողմերը պետք է հայցվոր կողմին ներկայացնեն վարչական վարույթի նյութերը, որպեսզի հաջորդ դատական նիստին հայցվորը ներկայացնի իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ:
Մայիս 30, 2017 at 11:51
