Թեժ լսումներ Գլաձորի հանքի շուրջ. Գլաձորը և Վերնաշենը կրկին դեմ քվեարկեցին (Լուսանկարներ)

Թեժ լսումներ Գլաձորի հանքի շուրջ. Գլաձորը և Վերնաշենը կրկին դեմ քվեարկեցին (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների բնակիչները 28 դեմ 2 կողմ ձայների հարաբերակցությամբ դեմ քվեարկեցին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը: Այս հանքի շահագործման համար «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դիմեց համայնքներին` նախնական համաձայնություն ստանալու համար: Հիշեցնենք, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դատական կարգով փորձում է ստանալ Գլաձորի հանքավայրի շահագործման իրավունք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի երկրորդ դատական հայցն ուղղված է Գլաձորի համայնքապետի դեմ որոշակի գործողություններ կատարելու պահանջով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայտը` բաց և փակ եղանակներով շահագործել Գլաձորի հանքավայրը:

Սույն թվականի հուլիսի 18-ին Գլաձոր համայնքում նշանակված առաջին հանրային լսումների ժամանակ ընկերությունը փորձեց ստանալ ազդակիր Գլաձոր և Վերնաշեն համայնքների համաձայնությունը Գլաձորի հանքը փակ եղանակով շահագործելու համար:

«Վայկ Մետալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամ Օսիկյանը հայտնեց, որ ընկերությունը հրաժարվել է հանքավայրը բաց եղանակով շահագործելու մտքից և մտադիր է շահագործումն իրականացնել բացառապես ստորգետնյա եղանակով: Արամ Օսիկյանը հանրային լսումներին ներկայացել էր առանց որևէ փաստաթղթերի՝ բերելով իր հետ միայն երկրաբանական քարտեզ: «Նախագիծ, ոչ մի բան կազմված չէ, ընկերությունը նոր պետք է ներկայացնի հայտ ստորգետնյա եղանակով շահագործման համար: Նախնական նախատեսվում է երկու կամ երեք բովանցքով ստորգետնյա եղանակով շահագործում: Մեր նախնական հաշվարկներով՝ մաքսիմում արտադրողականությունը պետք է լինի 40-80 հազար տոննա/տարեկան: Արտադրական տարածքը` երեքը միասին, լինելու է ոչ ավելի 1 հեկտարից: Կոպիտ ասած՝ շահագործման եղանակի մեթոդների վերաբերյալ փոխզիջումների գալուց հետո նոր վերջնական նախագիծը տեսք կստանա: Նախագծում կներառվեն և համայնքի, և օրենքով սահմանված կարգը, օրենքի սահմանված կարգով ամեն ինչը հաշվի կառնվի», - ասաց Արամ Օսիկյանը:

Իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկում է Գլաձորի հանքի մասամբ բաց եղանակով շահագործման առաջին նախագծին տրված ՀՀ բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունը և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության մերժումը: «Դուք դատական գործընթացներով ապացուցում եք, որ բաց հանքի մասը պատմության գիրկ չի գնացել: Ձեզ երկու նախարարություն մերժել է բաց հանք բացել այս տարածքում և գրել է, թե ինչ վտանգներ կան և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս երկու գյուղերի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար: Դուք դիմել եք դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի: Հիմա դա բողոքարկվել է: Այսինքն, գործընթացի մեջ եք, դուք չեք հրաժարվել բաց հանքից, - ասաց Նազելի Վարդանյանը, - Դուք նաև դիմել եք Վայոց ձորի դատարան, որ Գլաձորի գյուղապետը ձեզ խոչընդոտ է հանդիսացել, և վճիռ ունեք, որպեսզի պարտավորեցնեն ձեզ հետ հողօգտագործման պայմանագիր կնքել, որն անօրինական վճիռ է, օրենքի խախտումով է կայացվել, որովհետև գյուղապետը միանձնյա չի կարող որոշում կայացնել: Դրա համար մարդիկ ընտրել են ավագանի, որ իրենց սեփականությանը տեր կանգնի: Դուք երկու ուղղությամբ պայքար եք տանում, հիմա մարդկանց թյուրիմացության մեջ եք գցում»:

Արամ Օսիկյանը պնդեց, որ բաց հանքն անցյալում է, և նշեց, որ փորձաքննությունը սկսվում է զրոյից: «Այսօր բնապահպանական հարցեր են քննարկվում, ոչ թե իրավաբանական», - արձագանքեց Արամ Օսիկյանը:

«Դուք մարդկանց ասում եք, որ օրենքի տառին հետևելու եք, հիմա էլ ինձ ասում եք, որ սա իրավաբանական հարց չէ: Եթե հետևում եք օրենքին, պատասխանեք և մարդկանց թյուրիմացության մեջ մի գցեք», - պատասխանեց Նազելի Վարդանյանը:

Լսումների ժամանակ բարձրացվեցին հարցեր՝ կապված հանքավայրի տարածքում գտնվող ջրային աղբյուրների հետ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ անմիջապես հանքավայրի տարածքում ջրային աղբյուրներ չկան:

Արամ Օսիկյանին առարկեց Վերնաշեն համայնքի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանը. «Այնտեղ 17 հատ աղբյուր կա, մի հատ էլ ոռոգման կա՝ 28 լ/վրկ ջուր է գալիս: Ձեր քանդելուց 250 մետր ներքև է գտնվում՝ Ղազմայի կապիտալ զաբոյի ջուրը: Էս ժողովրդին արտագաղթի մի տարեք, թողեք ժողովուրդն ապրեն»: Այնուհետև նա ներկայացրեց իր հաշվարկները՝ որքան եկամուտ կկորցնեն համայնքները հանքավայրի շահագործման դեպքում:

«Եղեգնաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Կարմրաշենի վերևի համայնքներում 5800 հեկտար գյուղացիական նշանակության հող են ավիրելու: Էս 5800 հեկտար հողերը էս 5 համայնքներին տալիս են 1.8-2.8 միլիարդ դրամ փող: Եթե կգա մասնագետ, ես կդնեմ, հաշվիչով կբացատրեմ: Էս սարերը կան, օգտագործում են, մեզանից հետո էլի օգտագործելու են, իսկ ձեր օգտագործելուց հետո այլևս այնտեղ ոտք դնել չի լինի: Մեր գյուղատնտեսական արտադրությունը ձեր հանքարդյունաբերությունից մեզ համար խիստ շահութաբեր է, որակով, անվտանգ և առողջարար», - հայտարարեց Գեղամ Մարգարյանը:

Հաջորդ հարցը կապված էր ուրանի առկայության հետ: Գեղամ Մարգարյանը և Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ներկայացրեցին Գրոմովյան, Կոլցովյան էքսպեդիցիաների արդյունքները, որի համաձայն` Գլաձորի հանքավայրի տարածքում կա ցրված ուրան, որը փակ վիճակում անվտանգ է, սակայն օդի հետ շփվելու դեպքում՝ քայքայվելով դուրս է գալիս, համարվում է ամենավտանգավոր ծանր մետաղը, առաջացնում է տարբեր հիվանդություններ, քայքայում է մարդու օրգանիզմը:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ նախագիծը պետք է համալիր ներկայացվեր, թե որտեղ է լինելու հանքը, որտեղ ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լիներ ճիշտ գնահատել հանքարդյունաբերության ռիսկերը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Հուլիս 20, 2017 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր