

ԷկոԼուր
Հայաստանում հանքարդյունաբերական բումը նպաստեց նոր ընկերությունների ստեղծմանը: Դրանցից մեկն է «Միռամ» հանքարդյունաբերական ընկերությունը: ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստի համաձայն՝ «Միռամ» ՍՊԸ-ն գրանցվել է 2017թ-ի մայիսի 10-ին, ընդամենը 2 ամիս առաջ: Այն հիմնադրել են ՌԴ քաղաքացի Հենրիկ Գևորգյանը, ՀՀ քաղաքացիներ Անահիտ Դանիելյանը և Արայիկ Զադոյանը: Այս ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է հայտ ներկայացնել ՀՀ բնապահանության նախարարություն Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Հայտի հանրային 2 լսումները նշանակված էին հուլիսի 26-ին` Արդվիի համայնքապետարանում: Լսումները տեղի չունեցան, քանի որ Արդվիի բնակիչները փակեցին գյուղ տանող ճանապարհը և թույլ չտվեցին ընկերությանը մտնել համայնք: Էլեկտրոնային ռեգիստրից պարզ դարձավ, որ ընկերության հիմնադիրներից երկուսը`Արայիկ Զադոյանը և Անահիտ Դանիելյանը, դադարեցրել են իրենց բաժնետիրական մասնակցությունը ընկերությունում: Ըստ մամուլում տարածված լուրերի` Արայիկ Զադոյանը և Անահիտ Դանիելյանը առնչություն ունեն ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նշվում է, որ Արայիկ Զադոյանը Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Անահիտ Դանիելյանը Վահրամ Բաղդասարյանի եղբոր հարսն է: Վահրամ Բաղդասարյանը հերքում է իր կապը «Միռամ» ՍՊԸ-ի հետ:
«Միռամ» ՍՊԸ-ն ընգրկված չէ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին» տեղեկատվական ցանկում 2017թ-ի հուլիսի 1-ի դրությամբ:
Հուլիս 28, 2017 at 20:22
