

ԷկոԼուր
Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները մտահոգված են Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ծրագրի ռիսկերից: Դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նշանակված են «Միռամ» ՍՊԸ-ի` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի 2-րդ հանրային լսումները:
Շեկաղբյուրի հանքերևակումը, ինչպես և նշված է հայտում, իրենից ներկայացնում է ոսկի-բազմամետաղային հանքերևակում: Բազմամետաղային հանքաքարերը պարունակում են այն տարրերը, որոնք համարվում են մարդու առողջության համար խիստ վտանգավոր` կապար, ցինկ, բիսմուտ, մկնդեղ, ծարիր: Անկախ նրանից, թե ինչ օգտակար հանածոների պաշարներ է ցանկանում հայտնաբերել «Միռամ» ՍՊԸ-ն, օրինակ, ոսկի, բազմամետաղային հանքաքարի հիմնական բաղադրիչները կազդեն մարդկանց առողջության վրա:
Ցավոք, ՀՀ առողջապահության նախարարությունը չի զբաղվում մարդու առողջության վրա շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցության գնահատմամբ, իսկ մասնագիտական հիվանդությունների մասնագիտացված ինստիտուտը փաստացի փլուզված է: Սակայն Հայաստանի Ամերիկյան համալսարանն առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցությունն ուսումնասիրել է հենց Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ալավերդի և Ախթալա քաղաքներում:
Մեջբերենք գիտական առանձին ուսումնասիրությունների տվյալները առողջության համար ռիսկերի վերաբերյալ, որոնք անցկացվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից:
1. «Կապարի ցուցանիշները և IQ մակարդակը Ալավերդիի, Ախթալայի և Երևանի երեխանների շրջանում», Սիրան Գրբոյանի հետազոտական նախագիծը
Աշխատության մեջ, մասնավորապես, ասված է. «Այն մարդիկ, ովքեր ապրում են վտանգավոր գոտիների մոտակայքում, կարող են ենթարկվել կապարի ազդեցությանը օդի, խմելու ջրի, սննդի կամ կապարով աղտոտված փոշի շնչելու միջոցով: Նորածինները և փոքր երեխաներն առավել զգայուն են փոշի կամ հող շնչելու առումով: Հղի կանայք ևս համարվում են խոցելի` զարգացող պտղի վրա ազդեցության առումով…
Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը դասակարգում է կապարի միացությունները որպես կարցինոգեններ: Որոշ ուսումնասիրություններում ցույց է տրված կապարի ազդեցության և թոքերի, ստամոքսի, գլխուղեղի, երիկամների, միզապարկի, հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի միջև փոխկապակցվածությունը…Կենդանիների վրա լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս կապարի ազդեցության և քաղցկեղի կապը: Մասնավորապես, կապարի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել երիկամների ուռուցք…»:
2. «Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական համայնքներում երեխաների համար ռիսկի գործոնները` պայմանավորված արյան մեջ կապարի մակարդակով», հեղինակներ` Ռուզաննա Գրիգորյան, Վարդուհի Պետրոսյան, Ծովինար Մելքումյան:
«Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երևանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի մասնագետները նաև ցույց են տվել, որ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության շրջանակներում (ADHS), վիժումով ավարտված հղիությունների տոկոսը Լոռու մարզում 2010 թ-ին կազմել է 14,0 տոկոս: Սա Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է, միջինից գրեթե երկու անգամ ավելի: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ալավերդիում ապրող վերարտադրողական տարիքի կանայք վերարտադրողական առողջության խնդիրների նկատմամբ ունեն առավել բարձր ռիսկեր` համեմատած Արթիկում ապրող կանանց հետ, որտեղ հանքարդյունաբերություն չկա:
Հանքարդյունաբերության կամ մետաղների ձուլման գործունեությունից տուժածները: Արթիկի հետ համեմատած` Ալավերդիում ապրող կանանց շրջանում 2.38 անգամ ավելի հավանական է մեռելածնությունը և 2.67 անգամ ավելի հավանական է հղիության արհեստական ընդհատումը բժշկական նկատառումներով: McMichael et al., 1986; Wulff Marianne et al., 1995-ի տվյալներով` այն քաղաքներում, որտեղ կան ձուլարաններ, առկա է մեռելածնության և պերինատալ մահացության բարձր ռիսկ, որը կապված է ծանր մետաղների և ծծումբի երկօքսիդի արտանետումներով: Օձունը համայնքն իրեն միացված գյուղերի հետ միասին արդեն իսկ ենթարկվում է Ալավերդու պղնձաձուլարանի բացասական ազդեցությանը: Շեկաղբյուրի ծրագրի իրականացման դեպքում Օձունը կունենա առողջության համար բացասական ազդեցություն ունեցող նոր ռիսկային գործոն:
Նոյեմբեր 20, 2017 at 13:52
