

ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ծրագրի դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս «Միռամ» ՍՊԸ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին մտնել գյուղապետարանի շենք, որտեղ պետք է անցկացվեն Շեկաղբյուրի ծրագրի երկրորդ հանրային լսումները:
Արդվիի, Մղարթի, Օձունի, Այգեհատի, Արևածագի բնակիչները Մղարթում փակել են գյուղ տանող ճանապարհը, սակայն ընկերության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչներն այլ ճանապարհով մտան գյուղ: Ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին գյուղապետարանի շենքի մոտ և փակեցին մուտքը:
Բնապահպանության նախարարության փորձագետներ Կարինե Մովսիսյանը և Զարուհի Զուռնաչյանը մոտեցան բնակիչներին, առաջարկեցին զրուցել, քննարկել ծրագիրը, սակայն ստացան մերժում: Բնակիչների հետ փորձեց խոսել «Միռամ»-ի երկրաբանը: Նրան ևս մերժեցին` վանկարկելով «հեռացեք»:
Ընդհարում տեղի ունեցավ բնակիչների և Մղարթի նախկին համայնքապետ Երվանդ Նավասարդյանի միջև, ով առաջին լսումների ժամանակ տվել էր նախնական համաձայնություն Շեկաղբյուրի ծրագրին:
Դեկտեմբեր 01, 2017 at 13:40
