

ԷկոԼուր
Խոշորացված Օձուն համայնքի բնակիչները դեկտեմբերի 1-ին պաշտոնապես մերժեցին «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը: «Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Այգեհատ, Օձուն, Արևածագ բնակավայրերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին քննարկման անցկացումը: Ս.թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00, ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտի երկրորդ հանրային քննարկումը չկայացավ», - նշված է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի ստորագրությամբ կազմված արձանագրության մեջ, որն ուղղված է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:
Արձանագրությունը կազմվեց Մղարթ գյուղում բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին Շեկաղբյուրի ծրագրի ազդեցության տակ գտնվող Օձուն համայնքի` Արդվի, Մղարթ, Այգեհատ, Օձուն, Արևածագ գյուղերի բնակիչները:
Դեկտեմբեր 01, 2017 at 15:01
