Արդվի գյուղը շարունակում է դիտարկվել ՄԱԶԾ-ի էկոտուրիզմի զարգացման ծրագրում

Արդվի գյուղը շարունակում է դիտարկվել ՄԱԶԾ-ի էկոտուրիզմի զարգացման ծրագրում

ԷկոԼուր

Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն Լոռու մարզի Արդվի գյուղը դուրս է բերվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրից, որի նպատակը գյուղական և էկոտուրիզմի զարգացումն է:

ԷկոԼուրի հետ զրույցում ծրագրի համակարգող Արմեն Վալեսյանը ժխտեց այս տեղեկատվությունը` նշելով, որ ծրագիրը դեռ չունի վերջնական ցանկ, և Արդվին շարունակում է դիտարկվել որպես ծրագրի թիրախային գյուղ:

«350 գյուղից պետք է ընտրվեն տուրիզմի զարգացման համար բարձր պոտենցիալ ունեցող 60 գյուղեր: Վերջնական ցանկ դեռ չկա, Արդվին ոչ ընտրվել է, ոչ էլ դուրս է բերվել, այն ընթացիկ գյուղերի ցանկի մեջ է: Ասեմ ավելին, Արդվիում մենք արդեն ունենք կատարած աշխատանք. այնտեղ մենք քայլուղի ենք ապահովել դեպի գյուղի վերևի բլուրը: Արդվին ունի հեռանկարներ ընդգրկվելու ծրագրում, ինչպես մնացած 350 գյուղերը, - ասաց Արմեն Վալեսյանը և հավելեց, - ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ունեն Արդվիում և նաև մնացած գյուղերում տուրիզմի զարգացման գաղափարներ, թող դիմեն մեզ: Ցանկացած միտք մեր կողմից ողջունվում է, և մենք պատրաստ ենք սատարել»:

Հիշեցնենք, որ 2017 թ-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Արդվի գյուղը հայտնվել է հանքարդյունաբերության վտանգի առջև: «Միռամ» ՍՊԸ-ն հավակնում էր երկրաբանական ուսումնասիրություն անցկացնել «Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տարածքում: Գյուղի ապագան տուրիզմի հետ կապող արդվեցիներին հաջողվեց պաշտպանել իրենց իրավունքները և կանխել հանքարդյունաբերական ծրագիրը: Արդվեցիների բոյկոտից հետո «Միռամ»-ը նոր հայտ ներկայացրեց բնապահպանական փորձաքննության, որում Արդվիի տարածքը դուրս էր բերվել նախատեսվող գործունեության տարածքից: Սակայն անմիջական ազդեցությունը Արդվիի վրա էր լինելու: Այդ հայտը ևս արժանացավ բոյկոտի և հետ ուղարկվեց լրամշակման:

Օրեր առաջ արմատներով Արդվի գյուղից Ավետիք Քալանթարյանը «Բնությունը և սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայությամբ բարձրացրեց Շեկաղբյուրի ծրագրի հարցը` շեշտելով, որ այդ ծրագրի իրականացումը անթույլատրելի է: Քալանթարյանը հարց տվեց` ինչ է լինելու Շեկաղբյուրի հայտի հետ:

Արձագանքելով հարցին` նախարար Մինասյանը պատասխանեց. «Պատահական չէ, որ Շեկաղբյուրի ծրագրի ամբողջ փաթեթը հետ է վերադարձվել, որովհետև բազմաթիվ հարցադրումների պատասխաններ այդ փաթեթում չկան: Քանի դեռ այդ փաթեթը չի ամբողջացվել, քանի դեռ հանրային լսումները և հանրության կողմից բարձրացված հարցերը սպառիչ պատասխաններ չեն ստացել, քանի դեռ մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում, որոնք պատշաճ գնահատված չեն, մենք չենք կարող դրական եզրակացություն տալ այս ծրագրին»:

Մարտ 21, 2018 at 18:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր