

ԷկոԼուր
4 օր շարունակ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում աշխատավարձերի բարձրացման պահանջով: Կոմբինատի տնօրինության հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
Ագարակի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ գործադուլը սկսվել է այն ժամանակ, երբ կոմբինատի տնօրինությունը հայտարարել է, որ 5 տոկոսով բարձրացնելու է աշխատավարձերը: Աշխատավարձերի բարձրացման գործընթացը սկսվելու է հարստացուցիչ ֆաբրիկայից, քանի որ այն ամենավտանգավոր օբյեկտն է, և այնտեղ աշխատակիցները ստանում են 85-90 հազար դրամ: «Դա հակառակ էֆֆեկտ տվեց: Աշխատակիցները պահանջեցին աշխատավարձերի բարձրացում 30 տոկոսով: Բողոքը սկսվեց հարստացուցիչ ֆաբրիկայից և շղթայական տարածվեց մյուս արտադրամասերով: Աշխատակիցների հետ հանդիպել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը: Գլխավոր տնօրենն ասել է, որ 30 տոկոսով աշխատավարձերի բարձրացման դեպքում իրենք ստիպված են լինելու փակել կոմբինատը: Առաջարկվել է 30 տոկոսով բարձրացնել միայն մինչև 100 հազար դրամ ստացողների աշխատավարձերը, 100-150 հազար դրամ ստացողներինը բարձրացնել 15 տոկոսով, իսկ 150 հազարից բարձր ստացողներինը` 10 տոկոսով: Սակայն աշխատակիցները չեն համաձայնվել և ասել են, որ բոլոր արտադրամասերում պետք է աշխատավարձերը բարձրացնել 30 տոկոսով», - ասաց Մարիամ Ծատրյանը:
Իր հերթին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը այսօր կոչ է արել աշխատակիցներին դադարեցնել գործադուլը` խոստանալով, որ բանակցություններն ընկերության հետ կշարունակվեն: «Գործադուլավորների կողմից առաջ քաշված պահանջները, քիչ բացառություններով, արդարացված են, բայցևայնպես տրամաբանական և ողջախոհության շրջանակում է Ընկերության կողմից՝ խնդրի լուծման առաջարկվող փուլային տարբերակը՝ հաշվի առնելով այս մեկ տարվա ընթացքում կոմբինատի տնօրինության կողմից արտադրությունը տեխնիկապես վերազինելու և որակական նոր փոփոխություն հաստատելու ռազմավարությունը:
Լիահույս եմ, որ հընթացս հանրապետությունում ստեղծված նոր իրողության՝ կուտակված խնդիրները կլուծվեն ըստ առաջնահերթության և փոխըմբռնման մթնոլորտում: Անսալով վարչապետի հորդորին՝ կոչ եմ անում անցնել բնականոն աշխատանքային ռեժիմի, քանի որ պարապուրդի յուրաքանչյուր օրը բացասաբար է անդրադառնում և́ ձեր, և համայնքի և́ երկրի կայունության վրա, իսկ Ընկերության հետ բանակցությունները կշարունակվեն առավել կառուցողական մթնոլորտում և աշխատանքային բնականոն գործունեության պայմաններում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետը:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ռուսական «GeoProMining» խմբի ընկերություններից է: Այս ընկերությունը Հայաստանում շահագործում է նաև ոսկու ամենամեծ` Սոթքի հանքավայրը:
Մայիս 18, 2018 at 16:25
