Էկոլոգիական հասարակական դաշինքի բաց նամակը Հայաստանի իշխանություններին

Էկոլոգիական հասարակական դաշինքի բաց նամակը Հայաստանի իշխանություններին

ԷկոԼուր

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին

«Cronimet Mining» ընկերության ղեկավարությանը

«Մաքուր երկաթ» ԲԲԸ-ի ղեկավարությանը

«Արմենիան Մոլիբդեն փրոդաքշն»  ՓԲԸ-ի ղեկավարությանը

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի ղեկավարությանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարությանը

Էկոլոգիական հասարակական դաշինքի հայտարարությունը

2011թ. ապրիլի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի,  Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 627-Ն որոշումը: Հողերը տրվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ): Կառավարության որոշումը հանքանյութի արդյունահանման ընդլայնման անհրաժեշտության, հումքի արտահանման մեծացման, ԶՊՄԿ-ի ամրապնդման մասին ընդհանուր արտահայտություններից բացի   ոչ  մի հիմնավորում չի պարունակում: Բացակայում է նման աննախադեպ ընդլայնման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, իսկ համայնքները, որոնց վրա այդ ծրագիրն անմիջականորեն ազդում է, տեղեկացված չեն եղել: Վրդովեցնում է «բացառիկ` գերակա հանրային շահ» ձեւակերպումը, որով ընդունվել է կառավարության որոշումը, երբ հասարակությունը դեմ է:

Եթե տվյալ որոշումն իրականացվի, ապա Քաջարան գյուղը ոչ միայն կկորցնի իր հողերը, այլեւ կհայտնվի պղնձամոլիբդենային փոշու տակ, որով կծածկվի գյուղը հանքի առաջին իսկ պայթեցումներից հետո: Նման պայմաններում գյուղում մնալն անհնար կլինի, ինչպես նաեւ անհնար կլինի գյուղատնտեսությամբ զբաղվելը:

Բնակիչները բողոքի նամակ ուղարկեցին կառավարություն` պահանջելով որոշումն անվավեր ճանաչել: Կառավարության հանձանարարությամբ ստեղծված աշխատանքնային խումբն առաջարկում է բնակիչների համար անընդունելի լուծումներ, օրինակ` հանքի սահմանը գերեզմանոցից տեղափոխել 150-200մ: Բայց գյուղի բնակիչները պատրաստ են իրենց հողերը մինչեւ վերջ պաշտպանել:

Մենք միանում ենք Քաջարան գյուղի բնակիչներին: Պահանջում ենք չեղյալ համարել  2011թ. ապրիլի 28-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի,  Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 627-Ն որոշումը: Հայաստանի համար գյուղի կորուստը նշանակում է մարդկանց կորուստ, ովքեր պաշտպանում են ոչ միայն իրենց տները, այլեւ մեր սահմանները: Եթե նրանք տեղահանվեն, ապա նրանց փոխարեն սահմանին կլինի հանք եւ նրա տերերը` «Cronimet Mining»,  «Մաքուր երկաթ», «Արմենիան Մոլիբդեն փրոդաքշն», «Զանգեզուր Մայնինգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները: Հարց` իսկ նրանք պատրա՞ստ են բնակիչների նման հողի համար արյուն թափել, պատրա՞ս տ են պաշտպանել մեր սահմանները:

Մենք կոչ ենք անում այդ ընկերություններին գյուղը թողնել քաջարանցիներին: Իսկ որպես սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության նշան, որի մասին հայտարարում են ընկերությունների պաշտոնական կայքերը, կոչ ենք անում, որ իրենց շահույթն ուղղեն մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի բարելավմանը, որպեսզի քաջարանցիներների սեղաններին չհայտնվեն ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով աղտոտված մթերքներ, իսկ երեխաների մազերում չհայտնաբերվեն սնդիկ եւ մկնդեղ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի 50 անդամների անունից

Դաշինքի համակարգող խմբի անդամներ

Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ     

Դեկտեմբեր 26, 2011 at 12:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր