Հայաստանը հայտնվել է հանքարդյունաբերության ճիրաններում

Հայաստանը հայտնվել է հանքարդյունաբերության ճիրաններում

Կարինե Մանուկյան, ԱրմԻնֆո  

Հայաստանը հայտնվել է հանքարդյունաբերության ճիրաններում: Այդպիսին է հայկական բնապահպանական կազմակերպությունների վճիռը, որոնք հունիսի 5-ին նշում էին Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը: Այդ օրն առավել քան ակտուալ է Հայաստանի համար, նշում են բնապահպանները:

Արդեն առաջին տարին չէ, որ բնապահպանները և հասարակական կազմակերպությունները փորձում են իշխանությունների ուշադրությունը սևեռել բնապահպանության ոլորտի խնդիրների վրա: Մասնագետներին առավել մտահոգում է այն, որ այդ պայմաններում շարունակում են բարձրաձայնել լեռնահանքային ոլորտում նոր նախագծերի իրականացման ծրագրերի մասին: Դրանց թվում է Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործումը, որը կարող է հանգեցնել իսկական բնապահպանական աղետի: Հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքից 800 մետր և Հրազդան գետից 1,5 կմ հեռավորության վրա: Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, հանքավայրը կարող է քաղաքի`ծանր մետաղներով աղտոտման և տեղի բնակչության մոտ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:Հատկապես հարվածի տակ կհատնվեն երեխաները, քանի որ հանքավայրից առնվազն 2 կմ հեռավորության վրա է գտնվում 3 դպրոց: Կ.գ.թ Ջենիֆեր Լայմի փորձագիտական գնահատականի համաձայն / «AUA»  հայկական էկոլոգիական կենտրոն/, հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջուր, քանի որ բլուրի մոտ, որտեղ գտնվում է հանքավայրը, կան մի քանի աղբյուրներ, որից օգտվում են հարյուրավոր բնակիչներ:

Ոչ պակաս մտահոգիչ է ուրանի ծրագրի իրագործումը Հայաստանի Սյունիքի մարզում: Չնայած ծրագրի իրականացման դեմ արդեն ստորագրել է ավելի քան 14 հազար մարդ`կառավարությունը շարունակում է աչք փակել տեղի բնակիչների դժգոհության վրա, ովքեր հայտնվել են մեկընդմիշտ իրենց տներնը և հողերը լքելու հեռանկարի առջև: Ինչպես նշում են մասնագետները, ուրանի ծրագրի իրագործման արդյունքը կլինի Սյունիքի մարզի գրունտային ջրերի վարակումը: Ըստ որում, Հայաստանի էկոլոգիական իրավիճակն առանց այդ էլ մտահոգություն է հարուցում. հանրապետության տարածքում արդեն կա 15 պոչամբար և թունավոր նյութերի առնվազն 2 գերեզմանոց: Չնայած հասարակական մեծ բողոքին` ուրանի ծրագրի իրագործողները Հայաստանում, այդուհանդերձ, ձեռնամուխ են եղել ուրանի հետախուզման հորատման աշխատանքներին, որոնք արդյուքն չեն տվել:

Բնապահպանները նշում են, որ հետապնդելով գերշահույթ` խոշոր ընկերությունները գործում են հակառակ երկրի օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Դրա օրինակ կարող է ծառայել Թեղուտի  պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, որի հարցում բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները ստիպված էին դիմել Ժնևի Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտե: 2010 թվականի վերջին Ժնևի Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեն որոշում է կայացրել այն մասին, որ Հայաստանը չի կատարել որպես կոնվենցիայի կողմ ստանձնած որոշակի պարտավորություններ: Խոսքը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի մասին է, որով խախտվեց հասարակության իրավունքը` արդյունավետ մասնակցություն ունենալ կառավարության որոշումների ընդունման գործընթացում (Օրհուսի կոնվենցիայի երկրորդ մաս): Ինչպես նաեւ չի ապահովվել հասարակության իրավունքը` դատական կարգով լուծել Թեղուտի հարցը (Օրհուսի կոնվենցիայի երրորդ մաս): Դատական տարբեր ատյաններ մի քանի անգամ անիրավականորեն մերժել են հայկական հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցը, սակայն իրավիճակը չի փոխվել նաև Կոմիտեի որոշումից հետո. 2011 թվականի ապրիլի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Թեղուտի հայցը:

Բնապահպանները նշում են` Հայաստանի էկոլոգիան զոհ է գնացել բիզնեսին: Դա է հաստատում նաև ՙԸնդերքի մասին՚ նոր օրինագիծը, որը պաշտպանում է լեռնահանքային ընկերությունների իրավունքները`ի վնաս էկոլոգիայի: Մասնավորապես` օրինագծում թափոնները և ոչ արդյունագործական նշանակության ապարները լցակույտերի տեսքով դուրս են բերված հարկային դաշտից: Արդեն հիմա ընկերությունները ոչինչ չեն վճարում շրջակա միջավայրին հասցրած վնասի համար, պոչամբարները չեն ենթարկվում ո’չ տուգանքի, ո’չ վճարումների: Ըստ որում, հանրապետությունում գործունեություն ծավալած գրեթե բոլոր լեռնահանքային ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում:

«Հնարավոր չէ խոսել զբոսաշրջության և մաքուր արտադրանքի մասին մի երկրում, որտեղ կան մի շարք չլուծված էկոլոգիական խնդիրներ, որոնց նորերն են ավելանում»,- նշում է «Հանուն կայուն զարգացման»  ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Հունիս 07, 2011 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր