ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԷկոԼուր

«Deno Gold Mining Company» ընկերությունը պարզաբանում է ընկերության 34-ամյա աշխատակից Արմեն Եղիազարյանի մահվան պատճառները:  Հիշեցնենք, որ Արման Եղիազարյանը մահացել է փետրվարի 8-ին`հանքային փորվածքում:

«Deno Gold»-ի տնօրեն Իլյա Գարկովի նամակում մասնավորապես նշված է. «Տեղեկացնում ենք, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ավարտվել է արտադրական դժբախտ դեպքի պատճառների տեխնիկական քննությունը եւ ներկայացնում ենք քննությամբ պարզված դեպքի հանգամանքները: Փետրվարի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Արմեն Եղիազարյանը հանդիպում է հերթափոխի պետին, տեղյակ է պահում կատարված աշխատանքների մասին և հորատման հաստոցի ապամոնտաժման համար անհրաժեշտ գործիքներ բերելու նպատակով հանքից դուրս գալու թույլտվություն ստանում, որից հետո ճանապարհվում է դեպի դուրս: Մի քանի րոպե անց նույն փորվածքով հանքաքար է տեղափոխում բեռնատար մեքենան, որը կատարում է իր հերթական ուղերթը: Բեռնատարի մեքենավարը հանքաթեք N9-ի անվտանգության N2 խցի մոտ ժամը 5:10-ի սահմաններում նկատում է 15 մետր հեռավորության վրա իր առջևով բարձրացող աշխատողին: Մտածելով, որ աշխատողը մտել է N2 անվտանգության խուցը, որը գտնվում էր նրանից ընդամենը 3 մետր դեպի վերև, շարունակում է վարել բեռնատարը:

Համաձայն հանձնաժողովի եզրակացության, Արմեն Եղիազարյանը փորվածքում քայլելու ժամանակ վստահ է եղել իր գտնվելու վայրի անվտանգության մեջ կամ մտածել է, որ կհասցնի հասնել անվտանգության խուցը, այդ իսկ պատճառով լուսային ազդանշան չի տվել: Ինքնաթափի մեքենավարը 15 մետր հեռավորությունից նկատել է տուժածին, բայց այնուհետև, չտեսնելով տուժածին փորվածքում և չստանալով ազդանշան, մտածել է, որ տուժածն արդեն գտնվում է անվտանգության խցում և վստահաբար առաջ է շարժվել: Մեքենան և հետիոտնը հանդիպել են այնպիսի վայրում, որտեղ հետիոտնը առաջ կամ ետ փախչելու ճանապարհ չի ունեցել և բնազդաբար անկանոն շարժումներով փորձել է բարձրանալ մեքենայի վրա և հայտնվել է մեքենայի և փորվածքի պատի արանքում: Մեքենավարը մոտեցել է տուժածին, ձայն է տվել և, պատասխան չլսելով, անմիջապես գնացել և տեղյակ է պահել հերթափոխի պետին կատարվածի մասին, որը իր հերթին անմիջապես մոտ ժամը 5:22-ին տեղեկացրել է արագ արձագանքման խմբին: Արագ արձագանքման խումբը տեղ հասնելուն պես տուժածին տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն:

Հանձնաժողովը ենթադրում է, որ Արմեն Եղիազարյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել վթարային իրավիճակում բնազդաբար վտանգից խույս տալու փորձ կատարելու ժամանակ: Դժբախտ դեպքի նպաստող հանգամանքներն են մարդկանց և հանքի շարժակազմի անվտանգ երթևեկության ներքին ընթացակարգի խախտումը և ընթացակարգերի ոչ պատշաճ կատարման նկատմամբ հանդուրժողականությունը:

Մեր ընկերությունը նախաձեռնեց իր սեփական հետաքննությունը: Պատահարից անմիջապես հետո, Դանդի Փրեշըզ Մեթըլզի ավագ մասնագետները Դինո Գոլդ-ի մասնագետների հետ միասին իրականացրեցին պատահարի պատճառների հետազոտություն: Հետազոտության հիմնական նպատակը ոչ թե պատահարի մեջ ներգրավված անձանց, այլ այն աշխատանքային պրակտիկայի կամ պայմանների հայտնաբերումն էր, որոնց առկայությունը ուղղակիորեն նպաստել է դժբախտ պատահարին, կամ էլ որոնց բացակայությունը չի նպաստել դժբախտ պատահարի կանխմանը:

Հետազոտությունը բացահայտեց մի շարք գործոններ, որոնք, ուղղակիորեն դժբախտ պատահարի պատճառ չհանդիսանալով, կարող էին նպաստել դժբախտ պատահարի տեղի ունենալուն: Դրանք են.

1.    Աշխատողների եւ շարժվո մեքենաների մուտքի եւ ելքի համար միեւնույն հանքուղու օգտագործումը:

2.    Երթեւեկության վայրերում աշխատակիցների առկայության մասին տեղեկցման համար անհրաժեշտ հաղորդակցման միջոցների սղությունը:

3.    Անմիջական ղեկավարների մոտ առկա կասկածի աստիճանը անվտանգության հարցերը պարտադրելու գործում իրենց լիազորությունների վերաբերյալ:

Հանքի ղեկավարության, գլխավոր տնօրենի, ինչպես նաև շարքային աշխատողների ու անմիջական ղեկավարների հետ խորհրդատվությունից հետո մշակվել և համաձայնեցվել է պլան` այդ գործոնների հետ կապված ռիսկի նվազեցման կամ բացառման համար:...

Ընկերության ղեկավարությունը կիսում է մահացածի ընտանիքի և ընկերների վիշտը: Ընկերությունը առավելագույնս փորձել է մահացածի ընտանիքին բարոյական, կազմակերպչական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել նրանց համար այդքան դժվարին ժամանակներում, հստակ գիտակցելով, որ դա չի վերադարձնի մեր գործընկերոջը, բայցևայնպես որոշակիորեն կսփոփի ընտանիքի վիշտը:

Ապրիլ 07, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր