

ԷկոԼուր
Հուլիսի 22-ին Ստեփանավանում տեղացած հորդառատ անձրեւից Ձորագետը պղտորվել է: Սակայն պատճառը, թե ինչից կարող է լինել, պարզ չէ, քանի որ 2 շաբաթ է` ինչ «Սագամար» ՓԲԸ-ի Արմանիսի ոսկու բազմամետաղանոց ֆաբրիկան չի գործում: Հուլիսի 23-ին գետի պղտորման պատճառները Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը քննարկեց ֆաբրիկայի նոր տնօրինության, Ստեփանավանի քաղաքապետարանի բնապահպանության բաժնի ներկայացուցիչի հետ:
Ինչպես www.aarhus.am կայքում գրում է Մանյա Մելիքջանյանը, նա կարծիք է հայտնել, թե, միգուցե, հանքի նախկին աղտոտումներից ափամերձ տարածքներում մնացած թափոններն են անձրևի հետ լվացվել և թափվել գետ, սակայն հանքի ներկայացուցիչները պնդել են, որ երևի հանքից վերև հայտնվել է մեկ այլ աղտոտիչ: Խումբը բարձրացել է Արմանիսից վերև գտնվող տարածքներ, սակայն աղտոտիչներ չի տեսել, բայց գետի վերին հոսանքներում ևս նկատել են պղտորվածություն:
Այդպիսով, գետի աղտոտման պատճառը չի հայտնաբերվել, փոխարենը հանքի ղեկավարությունը Ստեփանավանի Օրհուս կենտրոնին առաջարկել է այցելել հանքավայր և ֆաբրիկա և ծանոթանալ, թե ինչպես է փակ ցիկլով կատարվում թափոնների վերջնական մաքրումը՝ ստանալով մաքուր ջուր: Հիշեցնենք, որ ֆաբրիկայի նախկին տնօրինությունը թույլ չէր տալիս Ստեփանավանի Օրհուս կենտրոնին այցելել հանքի և ֆաբրիկայի տարածք` ծանոթանալու աշխատանքներին:
Լուսանկարը` www.aarhus.am կայքի
Հուլիս 26, 2013 at 12:24
