ՀՀ էներգետիկայի նախարար. Ղարաբաղում քարածխի ծավալների ուսումնասիրմանը նպատակաուղղված հետազոտություններն առաջիկա տարիներին կշարունակվեն

ՀՀ էներգետիկայի նախարար. Ղարաբաղում քարածխի ծավալների ուսումնասիրմանը նպատակաուղղված հետազոտություններն առաջիկա տարիներին կշարունակվեն

ԱրմԻնֆո

 ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի քարածխի հանքավայրում քարածխի ծավալների ուսումնասիրմանը նպատակաուղղված հետազոտություններն առաջիկա տարիներին կշարունակվեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում:

Այդուհանդերձ, նրա ասելով, արդեն այսօր ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում բավականաչափ քարածխի պաշար կա Երևանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկի վերագործարկման նախագծի իրագործման համար: Ինչպես նշել է նախարարը, 2 տարի առաջ ՋԷԿ-ում շահագործման հանձնվեց նոր, շոգեգեներատորային կայանքով ժամանակակից բլոկը, ինչը թույլ տվեց աշխատանքի ռեժիմից դուրս բերել հին, տնտեսապես անարդյունավետ բլոկը: Սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կարգադրել է հետազոտություն անցկացնել հին էներգաբլոկի օգտագործման հնարավորությունը պարզելու նպատակով: ՙՄեզ անհրաժեշտ էր գտնել նաև ինժեներային լուծումներ, որոնք թույլ տային նվազագույն կորուստներով օգտագործել հին բլոկը: Արդյունքում` ընտրությունը կանգ առավ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի քարածխի հանքավայրի քարածխի օգտագործման վրա: Հենց այստեղից է նախատեսվում ամեն օր մինչև 2 հազար տոննա քարածուխ մատակարարել Երևանի ՋԷԿ-ի հին բլոկ, որից կարտադրվի էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ածխաջրածին: Նախագիծն զգալի է ինչպես ֆինանսական, այնպես էլ ներդրումային և կազմակերպական տեսանկյունից: Նմանօրինակ նախագծերը նոր են սկսում կիրառել աշխարհում, նշել է նախարարը: Աշխատանքի արդյունքում հանրապետությունը կստանա համեմատաբար էժան էլեկտրաէներգիայի լրացուցիչ հզորություններ, ինչը թույլ կտա ինչպես այն արտահանել, այնպես էլ օգտագործել ներքին շուկայում: Վերջնական արդյունքում այդ նախագծի իրագործումը թույլ կտա մեղմել էներգակիրների համաշխարհային գների հերթական թռիչքի հետևանքները՚, - ասել է նա:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում քարածխի պաշարների առկայությունը հաստատվել էր դեռ1980-ական թվականների վերջում անցկացված հետազոտությունների արդյունքում: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հավաստմամբ, նախագծի իրագործումը կդառնա Ղարաբաղի և Հայաստանի էներգետիկ անկախության լուրջ ծրագրերից մեկը, քանի որ այսօր ջեռուցման և էլեկտրաէներգիայի ստացման համար հիմնական վառելիքը, գազից հետո, համարվում է քարածուխը: Հանքավայրի շահագործումը լուրջ հարստություն կդառնա Արցախի համար, հայտարարել է Հարությունյանը:

Հունվար 12, 2012 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր