Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ

Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ

ԷկոԼուր

ԷկոԼուրը նամակով դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ պահանջով մերժել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտը, քանի որ այն չի արտացոլում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռիսկերի  կանխարգելման կամ նվազեցման համար անհրաժեշտ պահանջները:

«Գլաձորի հանքաքարում առկա մետաղները և տարրերը լուրջ ռիսկեր են պարունակում հանքի շահագործման փուլում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար. ծծումբ՝ 573264 տոննա, կադմիում՝ 1464 տոննա, կանխատեսումների կատեգորիայում նշված է նաև ծծումբ՝ 2118116տ, բիսմուտ՝ 2983 տ, տելլուր՝ 14460տ, թալիումը՝ 17տ, ինչի մասին հայտում նշված չէ…Գնահատված չէ բաց հանքերի ազդեցությունը Վերնաշեն համայնքի խմելու և ոռոգման ջրի աղբյուրների վրա…Առանց ուրանային պաշարների մասնագիտացված ուսուումնասիրությունների, որոնց համար պետությունը պետք է հատուկ թույլտվություն տա, ոչ ոք իրավունք չունի տալ գնահատական՝ կա այնտեղ ռադիոակտիվ տարրերի հանքերևակում, թե՝ ոչ…», - մասնավորապես ասված է նամակում:

ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխան նամակում հայտնում է.  «Փորձաքննության նախնական փուլում կանխորոշվել են շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները՝ հաշվի առնելով նաև Վերնաշեն համայնքի կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված գրության պահանջները, սահմանվել են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվել են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվել և ձեռնարկողին է տրամադրվել այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը»:

Նամակում ասված է, որ ԷկոԼուրի բարձրացված հարցադրումները կքննարկվեն ձեռնարկողի կողմից հիմնական գնահատման փաստաթղթերով «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման» նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական փուլ ներկայացնելուց հետո: «Մինչև այժմ Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական փուլ», - նշված է բնապահպանության նախարարության պատասխան նամակում: 

13:36 Օգոստոս 10, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news