«Գոլդեն Լենդ» և «Մետալս Մայնինգ Գրուպ» ընկերությունները Սիսիանի շրջանում մտադիր են ոսկի որոնել

«Գոլդեն Լենդ» և «Մետալս Մայնինգ Գրուպ» ընկերությունները Սիսիանի շրջանում մտադիր են ոսկի որոնել

ԷկոԼուր

2017-2020թթ-ի ընթացքում Սյունիքում միանգամից երկու բազմամետաղային երևակման տարածքում թանկարժեք մետաղներ որոնելու հայտեր են ներկայացրել «Գոլդեն Լենդ» և «Մետալս Մայնինգ Գրուպ» ընկերությունները:

«Գոլդեն Լենդ» ընկերությունը նախատեսում է գնահատել Արևիսի բազմամետաղային երևակման մեջ ոսկու և ուղեկցող մետաղների պաշարները: Արևիսի երևակումը գտնվում է Սիսիանի ենթաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաբազուկների սահմաններում, 1800-2300 մետր բացարձակ բարձրությունների վրա: Երկրաբանական աշխատանքները իրականացվելու են Արևիս, Թասիկ և Բնունիս համայնքների շուրջ 800 հեկտար տարածքի վրա: Հայտով նախատեսվում է հորատել 182-250 մետր խորությամբ 15 հորատանցք:

Հետախուզվող տարածքի հիմնական ջրային միավորը Սիսիան գետն է՝ իր բազմաթիվ վտակներով: Հայտում նշվում է, որ հանքային դաշտի սահմաններում կան բազմաթիվ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրներ:

«Մետալս Մայնինգ Գրուպ» ընկերությունը նախատեսում է գնահատել Շամբի բազմամետաղների երևակուման մեջ ոսկու, պղնձի, մոլիդբենի և ուղեկից այլ մետաղների պաշարները:

Շամբիի երևակումը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաճյուղերի սահմաններում, 1780-2176 մետր բացարձակ բարձրությունների վրա:

Որոնողական աշխատանքները իրականացվելու են Դարպաս, Որոտան, Ույծ և Տոլորս համայնքների 877 հեկտար հողերի վրա: Դրանից 38.6 հեկտարն անտառային հողեր են: Ըստ հայտի՝ այդ տարածքներում լեռնային փորվածքների անցում նախատեսված չէ: Հայտով նախատեսվում է հորատել 11 հորատանցք՝ 182-250 մետր խորությամբ:

Հետախուզվող տարածքի հիմնական ջրային միավորները Որոտան և Սիսիան գետերն են՝ իրենց բազմաթիվ վտակներով:

Երկու հայտում էլ նշված է, որ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, բացառվում է Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունը:
Երկու երևակումների շրջանում է գտնվում «Զանգեզուր» պետական արգելավայրը: Ըստ հայտերի՝ որոնողական աշխատանքների համար նախատեսված տարածքները չեն մտնում արգելավայրի տարածքի մեջ:

Շամբի բազմամետաղների երևակման հայտի լսումները նշանակված են ս.թ. մայիսի 29-ին՝ ժամը 13.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տոլորոսի համայնքապետարանում, իսկ Արևիսի բազմամետաղային երևակման հայտի լսումները՝ ս.թ. մայիսի 30-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Թասիկի համայնքապետարանում:

Մայիս 22, 2017 at 17:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր