Կառավարությունն իր ընտրությունն անում է օգուտ Քաջարանի հանքավայրի

Կառավարությունն իր ընտրությունն անում է օգուտ Քաջարանի հանքավայրի

ԷկոԼուր

Էկոլոգիական հասարակական դաշինքը ստացել է Հայաստանի բարձրագույն իշխանությանն ուղղված հայտարարության պատասխանը: Դաշինքն իր հայտարարությամբ կոչ էր անում անվավեր ճանաչել 2011թ. ապրիլի 28-ի ՀՀ կառավարության 627-Ն որոշումը, որով Սյունիքի մարզի 6 համայնքների հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ` այդ հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից օգտագործվելու նպատակով: Գյուղերից մեկը` Քաջարանը, որից վերցնում են 181,7 հա հող, հանդես է եկել որոշման դեմ:

Պատասխան նամակը ստորագրված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանի կողմից:

Նամակում նշված է. «Ձեր կողմից ՀՀ նախագահին ուղղված դեկտեմբերի 26-ի գրության վերաբերյալ հայտնում եմ, որ Հայաստանի կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի,  Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 627-Ն որոշումն ընդունվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչը հանդիսանում է տվյալ ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը: Նշված օրենքն ազդեցության գնահատման, մասնագիտական հիմնավորումների և փորձագիտական եզրակացությունների անցկացման, հասարակության մասնակցության պահանջ չի սահմանում: Վերոնշյալ որոշմամբ կարգավորվել են միայն որոշ տարածքներում համայնքի, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող  հողերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին հարցերը:

Գրության մեջ նշված հողերի` գերակա հանրային շահ ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն, ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ամրապնդմանը, խթան կհանդիսանա տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, որի մասին է վկայում 2006թ. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմված կոմբինատի ընդլայնման` հանքաքարի տարեկան արտադրողականությունը մինչև 12,5 մլն տոննա հասցնելու, բացահանքային տնտեսության աշխատանքային նախագիծը:

Կցանկանայի տեղեկացնել, որ ներկայումս ընթանում են համատեղ քննարկումներ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի ղեկավարի հետ, վերջիններիս կողմից բարձրացված` Քաջարան գյուղին առնչվող հարցադրումների վերաբերյալ»:

Մեր կողմից նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին  ուղղված նամակում  հղում է արվում  միևնուն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին, որում նշված է. «Եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր»: Սեփականության օտարման գործընթացն դեռևս չի իրականացվել, իսկ այն սկսելու վերջնական ժամկետն ավարտվել է. այն սահմանված էր մինչև 2012թ. հունվարի 1-ը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակից տեղեկանում ենք, որ ՀՀ էներգետիկային և բնական պաշարների նախարարությունը մշակել և  ներկայումս շրջանառության մեջ է դրել «Հայաստանի կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 627-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «հունվարի» բառը փոխարինել «ապրիլի» բառով, այսինքն գործընթացը սկսելու ժամկետ սահմանվել է 2012թ. ապրիլի 1-ը, իսկ 4-րդ կետի 4-րդ ենթակտում «3-ամսյա» բառը փոխարինել «9-ամսյա» բառով:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ կառավարությունից խնդրում է անվավեր ճանաչել 627-Ն որոշումը` չկատարելով նախատեսվող փոփոխությունները:

Մարտ 02, 2012 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր