

ԷկոԼուր
«Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ, առանց բացառության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ: Վերջին տարիների ակտիվ շփումները բացահայտել են համագործակցության մի շարք առաջնային ուղղություններ: Այդպիսիք են հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, որտեղ, ինչպես գիտեք, զգալի ձեռքբերումներ կան»,- ապրիլի 12-ին հայ-չինական գործարար համաժողովի ընթացքում իր ելույթում մասնավորապես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության քայլերն արդեն արված են: Չինական «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել Հրազդանի, Սվարանցի եւ Աբովյանի երկաթահանքերի շահագործման կոնցեսիոն իրավունքը, ինչը հասարակության շրջանում դժգոհություններ է առաջացրել: Հրազդանի երկաթահանքը գտնվում է ջրային աղբյուրների մոտ, որոնք սնուցում են ոչ միայն Հրազդան քաղաքը, այլ նաեւ Երեւանը: Եւ այդ մասին չգիտեին ոչ միայն չինացիները, այլ, ամենայն հավանակաությամբ նաեւ մեր կառավարությունը: Իսկ ինչ վերաբերվում է Սվարանցի հանքավայրին, ապա մեր կառավարության ուշադրությունն ենք հրավիրում, որ այդ հանքավայրը պարունակում է ոչ միայն երկաթ, այլ նաեւ թանկարժեք տիտան, որը կարտահանվի երկաթի հետ միասին որպես սովորական խարնուրդ: Հանքավայրերը գնահատվել են դեռեւս խորհրդային տարիներին:
Հրազդանի հանքավայրում երկաթի պարունակությունը կազմում է 34%, ընդորում` բարձրորակ երկաթի, այնքան բարձրորակ, որ խորհրդային տարիներին Երեւանում սկսեցին մաքուր երկաթի գործարան կառուցել տարեկան մինչեւ 100 հազար տոննա մաքուր երկաթի արտադրական հզորությամբ: Ինչ-ինչ պատճառներով գործարանի կառուցումը չավարտվեց եւ հիմա վերամշակում է Զանգեզուրի կոմբինատի պղնձամոլիբդենային կոնցենտրատը:
Աբովյանի հանքավայրը թաքնված է բազալտների տակ, որոնք կարող են շինարարության մեջ օգտագործվել:
Իսկ Սվարանցի հանքավայրի բնորոշ առանձնահատկությունները հազվադեպ եւ թանկարժեք տիտանի, վանադիումի եւ մագնեզիումի բարձր պարունակությունն է:
Ապրիլ 15, 2011
