

Արթուր Հովհաննիսյան, Հայացք
2007 թ. հունվարի 26-ին, երբ ՀՀ բնապահպանության նախարարը Վարդան Այվազյանն էր, հրազդանցիների (և ոչ միայն) առողջությունը վտանգի տակ դնող Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման լիցենզիա է տրվել նույն Վ.Այվազյանի կնոջ` Մարիամ Գինոսյանի, որդու` Գագիկ Այվազյանի և Չարենցավանի գրանցում ունեցող ևս երկու անձանց անունով հիմնադրված «Նագին» ՍՊԸ-ին:
Այսօր հրազդանցիներն ահաբեկված են վերոնշյալ հանքավայրի հնարավոր շահագործման հեռանկարով: Նրանք բողոքի տարբեր միջոցառումներով և այլ գործողություններով փորձում են կանխել հանքավայրի շահագործման դեպքում իրենց, տարածաշրջանի այլ բնակավայրերի բնակիչներին և Հրազդանի ջրերով սնուցվող Արարատյան դաշտի գյուղմթերքներից օգտվողներին սպառնացող վտանգը:
Աստված մի արասցե, որ մարդիկ «ղաչաղ» դառնալուց բացի այլընտրանք չունենան:
Հրազդան քաղաքի անմիջական հարևանությամբ կա երկաթի հանքավայր, որը բաց եղանակով շահագործելու իրավունքը «Նագին» ընկերությունն ամբողջությամբ կամ մասամբ վաճառել է չինական Fortune Oil ընկերությանը, վերջինս էլ արդեն սկսել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները: Իրենց սահմանադրական և գոյապահպանման իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիների նախաձեռնող խումբը բողոքի տարբեր միջոցառումներով, պայքարի տարբեր միջոցներով հանդես է գալիս անգամ մեր ազգային անվտանգությանը սպառնացող հանքավայրի շահագործման դեմ:
- Հանքի շահագործումն աղետալի հետևանքներ է ունենալու Հրազդան քաղաքի ոչ միայն էկոլոգիական, այլև ժողովրդագրական վիճակի վրա,- ասաց նախաձեռնող խմբի անդամ, «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը:- Շահագործումն իր հետ բերելու է ոչ միայն մթնոլորտի, հողի աղտոտում, այլև ջրի աղտոտում, իսկ այդ ջուրը խմում են մինչև Երևան քաղաքն ընկած բոլոր բնակավայրերի բնակիչները, շուրջ 300 հազար մարդ է օգտագործում այդ ջուրը: Ես այսօր մեր ժողովրդին ուղղակի կոչ եմ անում համախմբվելու, հավաքվելու, միասնական դառնալու` հանքի շահագործման դեմն առնելու համար: Պայքարի տարբեր եղանակներ կան, սա ձևերից ընդամենը մեկն է, մենք մտադիր ենք պայքարի շատ ավելի լուրջ մեթոդներ ու միջոցներ կիրառել: Մենք կորցնելու ենք մեր առողջությունը:
Ըստ Կ.Առաքելյանի` Հրազդան քաղաքի բնակչությունը չպետք է թույլ տա հանքավայրի շահագործումը` անգամ կանգնելով մեքենաների, բուլդոզերների առաջ, ինչի նախադեպերը շատ են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
«Բլրի գագաթից հանքի շահագործման նպատակով փորվելու է մի հսկայական փոս, խոռոչ, որի չափերը լինելու են մոտ 100 x 500 մ վրա` 270 մ խորությամբ,- ասաց «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ի նախագահ Մովսես Մանուկյանը:- Բլրի ստորոտին գտնվող խմելու ջրի աղբյուրները, որտեղից այսօր խմելու ջուր են ստանում Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան քաղաքները և Երևանի մի մասը, գտնվում են բլրի ստորոտից ընդամենը 4-5 մ խորության վրա, այսինքն` այդ խոռոչը խմելու ջրի աղբյուրներից գտնվելու է 70-80 մ ավելի խորը: Պատկերացրեք, թե ինչ է կատարվելու` խմելու ջրի աղբյուրներն այդ խոռոչից հեռու են ընդամենը 100 մ: Այդ քաղաքներ գնացող խմելու ջուրը կամ վերանալու է, կամ թունավորվելու է:
Անդրադառնանք ոռոգման ջրի խնդիրներին. բոլորս գիտենք, որ Հրազդան գետի ոռոգման համակարգով ոռոգվում է Արարատյան դաշտավայրի մեծ մասը: Հրազդան գետը հոսում է այս բլրի ստորոտով, և Ծովինար լիճն այդ համակարգի կարևոր բաշխիչ լճերից է: Հաստատված է 76 հա տարածք մոտակայքում, 4 կմ հեռավորության վրա, որտեղ լցվելու են հանքի մնացորդային ապարները, որոնք արդեն մշակված ու մանրացված են լինելու, և որոնց մեջ բացի երկաթից, որը կորզվելու է, առկա են լինելու այլ մետաղական միացություններ` ցինկ, արսենիում և այլ թունավոր մետաղական միացություններ, որոնք մանրացված վիճակում այդ 76 հեկտարի վրա տեղակայվելու են փոքր ձորակում: Պատկերացրեք, թե ինչ է լինելու ձնաջրերից, անձրևաջրերից հետո: Այդ մանրացված մետաղական բոլոր միացությունները ներծծվելու են ջրերի մեջ, միանշանակորեն խախտվելու է ոռոգման համակարգը, և Արարատյան դաշտավայրը ստանալու է ծանր մետաղներով հագեցած ոռոգման ջուր»:
Մ. Մանուկյանի հավաստմամբ` լուրջ վտանգի տակ է նաև Հրազդանի օդային ավազանը, որն առանց այն էլ, պաշտոնական տվյալների համաձայն, թույլատրելիից մի քանի անգամ ավելի աղտոտված է: Հանքի արդյունահանման, բեռնելու-բեռնաթափելու, այդ հանքանյութն աղալու ժամանակ մթնոլորտ են արտանետվելու փոշիներ` դարձյալ ծանր մետաղներով հագեցած, և մթնոլորտի աղտոտվածությունը Հրազդանում բարձրանալու է ևս մի քանի անգամ, բայց արդեն ավելի վտանգավոր միացություններով, որոնք մարդկանց, հատկապես երեխաների մոտ առաջացնելու են օնկոլոգիական լուրջ խնդիրներ, ինչն առկա է Ալավերդի քաղաքում:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հավաստմամբ` քաղաքային կոյուղին, կենցաղային կեղտաջրերը, ի վերջո, մտնում է ոռոգման համակարգ, կոյուղաջրերը հատուկ մաքրվում են, առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում ու գնում դառնում են ոռոգման ջուր: Մինչդեռ տվյալ հանքարդյունաբերության թափոնաջրերի մեջ կան ծանր մետաղներ, թունավոր նյութեր, որոնք քաղաքային կոյուղու մաքրման կայանի կողմից չեն կարող մաքրվել:
- Այնպես որ, բնապահպանության նախարարության տված եզրակացությունը հակագիտական է, էլ չեմ ասում, որ մոլորեցնող է,- հայտարարեց Հ. Սանասարյանը, ապա հավելեց, որ ժողովրդի ու պետության ունեցվածքը հանձնվում է առանձին ընտանիքների:
Այդ ընտանիքի կամ ընտանիքներից մեկի անունը բարձրաձայնեց Հրազդանի առաջին քաղաքապետ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` երկաթահանքի շահագործման դեպքում տարածաշրջանի բնակչությունը հարկադրված կլինի արտագաղթել, ապագա սերունդը, երբ հիվանդանա ու նույնիսկ հաշմանդամ դառնա, կարո՞ղ է ընդհանրապես բնակվել այդտեղ, թե՞ ոչ: Ս. Միքայելյանը նշեց, որ հանքավայրի շահագործման իրավունքը փաստացի ձեռքբերողը, հանքավայրին, ըստ էության, տիրացածն ու հետագայում շահագործման իրավունքը չինացիներին վաճառածը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն է: Ասաց նաև, որ եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն և հանքավայրն, ի վերջո, շահագործվի` վտանգելով բնակչության առողջությունն ու շրջակա միջավայրը, ապա ինքը հարկադրված կլինի «ղաչաղ» դառնալ:
Ս. թ. նոյեմբերի 9-ի բողոքի միջոցառումը շարունակվեց դեպի Հրազդանի դիմաց գտնվող բլուր (հանքավայրի տարածք) երթով, որտեղ իրավացիորեն զայրացած բնակչությունը հերթական անգամ պահանջեց վերջ տալ հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներին: Ներկաներից մի քանիսը պնդում էին, որ տվյալ տարածքն իրենց սեփականաշնորհված թե վարձակալության տրված հողն է, և որևէ մեկն առանց իրենց թույլտվության իրավունք չունի մտնել այնտեղ և աշխատանքներ կատարել:
Տեղում հետախուզական նպատակով հորատման աշխատանքներ կատարող «Վահան» ՍՊԸ-ի աշխատակցից, որը ներկայացավ որպես հորատման տեղամասի ղեկավար, Մյասնիկ Մանուկյան անուն-ազգանվամբ (նա տեղամասում գտնվող ընկերության աշխատակիցներից ամենաբարձր պաշտոն ունեցողն էր, քանի որ ընկերության ղեկավարները, դատելով ամենից, խուսափեցին բողոքի միջոցառման մասնակիցների հետ հանդիպելուց), բնակիչները և նախաձեռնող խմբի անդամներն այս աշնան ընթացքում արդեն երկրորդ անգամ պահանջեցին համապատասխան փաստաթղթեր: Սակայն ոչ նա, ոչ էլ ընկերության երկրաբանա- հետախուզական արշավախմբի ներկա անդամներից մեկ ուրիշը որևէ փաստաթուղթ չուներ: Բողոքողներից առավել զայրացած մեկ-երկուսը շուռ տվեցին հանքաքարի հանույթի նմուշներ պարունակող արկղերը և սպառնացին, որ եթե հաջորդ անգամ էլ փաստաթղթեր չներկայացվեն, հերթը կարող է հասնել հորատող տեխնիկան շարքից հանելուն: Հրազդանի երկաթահանքի շահագործման անթույլատրելի լինելու խնդրին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն:
Մեր երեխաները ցեմենտի հետ նաև երկաթի փոշի՞ շնչեն
Հրազդանի երկաթահանքի շահագործումը կարող է փորձանք դառնալ
Արթուր Հովհաննիսյան, Հայացք
Բազմաթիվ հրազդանցիների համոզմամբ` Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներն ապօրինի են: Համենայն դեպս, այսօր անհասկանալի է, թե ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կնոջ և որդու անունով հիմնադրված «Նագին» ընկերությունը կամ թեկուզ չինական Fortune Oil ընկերությունը, որին «Նագինն» ամբողջությամբ կամ մասամբ վաճառել է իր բաժնեմասը (հանքավայրի շահագործման իրավունքը), իրավական ի՞նչ հիմքերով է Հրազդանի երկաթի հանքավայրի տարածքում կատարում հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներ:
Ինչպես ասում են` դատեցեք ինքներդ. «Նագին» ՍՊԸ-ին տրված Հրազդանի երկաթի հանքի վերագնահատման, ուսումնասիրման լիցենզիան ուժը կորցրել է, քանի որ դրա ժամկետը եղել է մինչև 2007 թ. դեկտեմբերի 31-ը: Հետագայում` 2007 թ. հունվարի 26-ին, ընկերությունը ձեռք է բերել նշված հանքավայրի շահագործման լիցենզիա: Հանքարդյունահանման թիվ ՀԱ- Լ-14/453 հատուկ լիցենզիայի հիման վրա «Նագին» ընկերությունը, ճիշտ է, Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ ձեռք է բերել հաջորդ փաստաթուղթը` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության թիվ ԲՓ-118 փորձաքննական դրական եզրակացությունը, սակայն...
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն»:
Չնայած հիշյալ եզրակացության ուժը կորցրած լինելուն` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը Հրազդանի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Ա. Մնացականյանին ուղարկած 23.09.2011 թ. պատասխանում, կարծես իբրև հիմնավորում Հրազդանի երկաթի հանքավայրում կատարվող աշխատանքների օրինականության կամ առաջիկայում հանքավայրի շահագործման անվտանգ լինելու, հղում է կատարել հենց նշված եզրակացությանը:
Վերոնշյալի կապակցությամբ Հրազդանի «Օրհուս» կենտրոնը, «Անտառները գալիք սերունդներին», «Երեխաների աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունները, Կոտայքի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը» և «Հրազդան» հեռուստաընկերությունը 2011 թ. նոյեմբերի 3-ին արդեն իսկ դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և պահանջել համապատասխան պարզաբանում: Նույն պահանջին միանում ենք նաև մենք և ակնկալում նախարարության գրավոր պատասխանը:
Հիշյալ կազմակերպությունները սպասում են բնապահպանության նախարարի նաև այն պարզաբանմանը, թե ի՞նչ աշխատանքներ են արդեն 4 ամիս շարունակ իրականացվում բլրի վրա` երկաթահանքի տարածքում: Իրոք, դրանք հանքաքարի արդյունահանման աշխատանքներ չեն, հորատման միջոցով տարբեր վայրերից հանքաքարի նմուշարկումը հիշեցնում է երկաթի հանքի վերագնահատման, ուսումնասիրման աշխատանքներ, որոնք, սակայն, մինչև 2007 թ. հունվարի 26-ն ավարտվել են, դրանք իրականացնելու իրավունք տվող լիցենզիայի ժամկետն էլ, ինչպես արդեն նշեցինք, ավարտվել է 2007 թ. դեկտեմբերի 31-ին:
Վերը նշվածից չի՞ ստացվում արդյոք այն տպավորությունը, որ չինացիները, չվստահելով «Նագին» ընկերությանը և գոյություն ունեցող փաստաթղթերին, հանքավայրի շահագործումից առաջ հանքաքարի պաշարները կամ հանքաքարում երկաթի պարունակության տոկոսն իմանալու նպատակով իրենք են նոր ուսումնասիրություններ պատվիրել (մոռանալով, որ համապատասխան լիցենզիան ուժը կորցրել է), կամ էլ այդկերպ ուզում են հավաստիանալ, որ հանքավայրի խորքում երկաթից բացի կա նաև երկաթից թանկարժեք մոլիբդեն կամ մեկ այլ մետաղ, ինչի մասին, թերևս, նրանց ականջին շշնջացել է հանքավայրի տերը:
«Քանի որ ներկայացված նախագիծը բնության վրա իր ազդեցությամբ պարունակում է լուրջ վտանգներ, որոնց համառոտ նկարագրությունը կցված է, խնդրում ենք նոր փորձաքննություն անցկացնելիս հաշվի առնել մեր մտահոգությունները` խստագույնս առաջնորդվելով նույն օրենքի («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի.- Ա. Հ.) 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներով»,- նշված է ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված հիշյալ կազմակերպությունների նամակում:
Իբրև Հրազդանի երկաթահանքի շահագործման անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ` հաճախ է նշվում, թե նոր աշխատատեղեր են բացվելու:
- Ասում են, որ եթե հանքը շահագործենք, ձուլարանը կառուցվի, աշխատատեղեր կբացվեն,- ասաց «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ նախագահ Մովսես Մանուկյանը:- Հանքի շահագործման և մետաղաձուլարանի կառուցման նախագծով Հրազդանում նախատեսվում է բացել 200-250 աշխատատեղ: Սակայն ուզում եմ ասել, որ այդ աշխատատեղերի մեծ մասը կզբաղեցնեն Չինաստանից Հայաստան ներգաղթած տղամարդիկ, հիմնական, լուրջ աշխատատեղերը կզբաղեցնեն չինացիները, այս ոլորտում Հրազդանից կաշխատի, լավագույն դեպքում, մոտ 100 մարդ, սևագործ բանվորներ:
Հրազդանի հանքը նախատեսվում է շահագործել 25 տարի, այսինքն` աշխատատեղեր կունենանք ընդամենը 25 տարի, սակայն դրա արդյունքում, Մ. Մանուկյանի հավաստմամբ, բնության աղտոտվածության հետևանքով մենք կորուստներ կունենանք Հրազդանում և հանգստավայր հանդիսացող շրջակա բնակավայրերում` Հանքավանում, Արզաքանում, որտեղ այսօր մշտական աշխատատեղերով զբաղված է 1500-2000 մարդ:
- Միանշանակ է, որ հանքի շահագործման առաջիկա տարում այդ բնակավայրերի հյուրանոցներում և նոր հյուրանոցների շինարարությունում կկրճատվի առնվազն 500 աշխատատեղ,- ասաց հիշյալ ՀԿ-ի նախագահը:- Հանքի արդյունահանման նախագծում դրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, որը տրվել է 2 տարի առաջ և չունի լուրջ հիմնավորումներ, բացակայում են հասարակական լսումները, այսօր ուժը կորցրել է: Եթե երկաթի հանքը շահագործվի, պետք են լինելու նոր հասարակական լսումներ ու նոր փորձաքննական եզրակացություն: Մենք պայքարելու են, որպեսզի բնապահպանության նախարարությունը, առանց այդ լուրջ վտանգները հաշվի առնելու, առանց հիմնավոր փորձաքննություն անցկացնելու, նման դրական եզրակացություն չտա, ինչ տվել է 3 տարի առաջ:
- Իբր մեզ համար քիչ էր ցեմենտի փոշին, որ արդեն երկար տարիներ շնչում ենք, հիմա ուզում են, որ մեր երեխաներն այս ցեմենտի հետ շնչեն նաև երկաթի փոշին: Պատկերացրեք, թե մեր երեխաների թոքերում ինչեր են առաջանալու,- ասաց Հ. Աղագումյանը:- Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի բնապահպանության նախարարություն, որը մեր բոլոր հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով` բնության պահպանության ուղղությամբ գրեթե ոչինչ չի անում, տալիս է այսպիսի կեղծ եզրակացություններ` իբր հանքի շահագործումը Հրազդանի բնակչությանը կամ շրջակա միջավայրին վնաս չի պատճառելու:
Ըստ Հ. Աղագումյանի` ինքը, քաջատեղյակ լինելով Հրազդան քաղաքի և կոյուղու կոլեկտորի և Քաղսի գյուղի մոտ գտնվող մաքրման կայանի վիճակին, կարող է վստահաբար ասել, որ Հրազդան քաղաքի կեղտաջրերը լցվելու են Հրազդան գետ, հետևաբար այն եզրակացությունը, որը տվել է ՀՀ բնապահպանության նախարարությունը` առանց որևէ հասարակական լսում կազմակերպելու, անհիմն է:
- Հրազդան քաղաքի կոյուղին լցվում է Ծովինար լիճը, և այնտեղից այդ կեղտաջրերը Հրազդանով տարածվելու են գրեթե ամբողջ հանրապետությունով մեկ, այնպես որ, դրան գումարվելու են նաև այդ երկաթահանքի շահագործման հետ կապված բոլոր կեղտաջրերը, որոնք լցվելու են դարձյալ նույն Հրազդան գետն ու տարածվելու են,- ասաց նա:
ՀՀ կառավարությունն ունի բնապահպանության նախարարություն, որը մեր բոլոր հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով` բնության պահպանության ուղղությամբ գրեթե ոչինչ չի անում:
Նոյեմբեր 22, 2011 at 15:09
