Կապանի ՀԿ-ներ` մենք թիկունք ենք կանգնում «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը

Կապանի ՀԿ-ներ` մենք թիկունք ենք կանգնում «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը

ԷկոԼուր

Կապանի մի շարք հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով միջամտել  «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում ստուգումներ իրականացնող պետական կառույցների գործունեությանը: Նամակում ասված է.

«Սովորաբար Ձեզ և կառավարությանն ենք դիմում այս կամ այն հանքերի շահագործումը դադարեցնելու պահանջով, որոնք բնապահպանական տեսանկյունից անթույլատրելի են և հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

Բայց այս նամակը իր բովանդակությամբ տարբերվում է մյուսներից և, որքան էլ որ զարմանալի է, մենք այս հարցում թիկունք ենք կանգնում Կապանում գործող «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը:

Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ընկերության գլխավոր տնօրենի, բնապահպանության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրենց գործառույթները իրականացնում են ոչ պատշաճ, որի շարունակական լինելու դեպքում ընկերության տնօրինութունը ստիպված կլինի աշխատանքից ազատել ընկերության մոտ 300 աշխատակիցների:

«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը Կապանում սոցիալական կայունություն ապահովող ձեռնարկություն է և մենք չենք կարող հանդուրժել, որ պետական կառույցները արհեստականորեն վարչարարական խնդիրներ առաջացնեն` խախտելով ընկերության բնականոն գործունեությունը: 

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մարզկենտրոնի համար, հայցում ենք Ձեր միջամտությունը, վերոնշյալ կառույցների համապատասխան պաշտոնյաների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու և պետական տարբեր կառույցների կողմից անհարկի խոչընդոտները վերացնելու նպատակով:

Հարգանքով`

"Կայուն զարգացում" ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
Կապանի "Ազատամարտ" կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան 
Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի "ՈՂՋԻ" ՀԿ նախագահ` Կամո Դավթյան
"Մշակույթ և հասարակություն" ՀԿ նախագահ` Գագիկ Ղահրամանյան
"Խուստուփ" բնապահպանական ՀԿ նախագահ` Վլադիկ Մարտիրոսյան
"Կապանի կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան
"Կապանի Տարածաշրջանի Զարգացման" Հիմնադրամի գործադիր տնօրեն` Կատերինա Գաբրիելյան
"Մեղու" ՀԿ նախագահ` Վլադիկ Ղուկասյան»:

Հիշեցնենք, որ «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը Կապանում օգոստոսի 15-ի իր ելույթի ժամանակ հրապարակայնորեն մեղադրել է բնապահպանության նախարարությանը, Սյունիքի մարզի դատախազությանը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ընկերության բնականոն  գործունեությանը խոչընդոտելու համար:

Օգոստոս 23, 2013 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր