

ԷկոԼուր
ԷկոԼուրը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի ՇՄԱԳ-ի հասարակական լսումներին Ֆիոլետովո համայնքի բնակիչների իրավունքների ապահովման համար:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն նախարար,
ներկայումս «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում ընթանում է «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման նախագծին եզրակացություն տրամադրելու գործընթացը:
ԷկոԼուրին դիմեցին նախագծի անմիջական ազդեցության տակ գտնվող Ֆիոլետովո համայնքի բնակիչները:
Պարզվեց, որ նախագծի վերաբերյալ համայնքում երկու հասարակական լսումներն անցկացվել են հասարակության մասնակցության ողջ գործընթացի խախտումով: Համայնքում բնակվում են մոլոկաններ, ովքեր բացի ռուսերենից այլ լեզվի չեն տիրապետում: Միանշանակ պետական լեզուն հայերենն է: Բայց հարկավոր էր հաշվի առնել այն հանգամանքը, որ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր ապրում են ապագա հանքավայրից 1 կմ-ից պակաս հեռավորության վրա և որոնց առողջությունը և տնտեսությունը կարող է ենթարկվել հանքարդյունաբերության բոլոր ռիսկերին:
Հասարակական լսումներին պետք է առավելագույն կերպով ապահովված լիներ մարդկանց իրազեկումը ինչպես նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ, այնպես էլ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքների վերաբերյալ, ինչը չի արվել:
«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն, որը պատասխանատու է հասարակական լսումների կազմակերպման համար, չի ապահովել ՇՄԱԳ-ի թարգմանությունը տեղի բնակիչների համար: Մարդկանց չեն ծանոթացրել հասարակական լսումների անցկացման գործընթացի հետ, չեն տեղեկացրել ժամկետների մասին, որի ընթացքում իրենք պետք է ներկայացնեն իրենց կարծիքը, չեն տեղեկացրել այն մասին, ով է լիազորված որոշումներ կայացնել (տվյալ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը):
Բնակիչները մեզ տրամադրել են լսումների Արձանագրությունը, որոնք տեղի են ունեցել Ֆիոլետովոյում 2014թ-ի նոյեմբերի 25-ին: Արձանագրության մեջ իրենք արտահայտում էին համընդհանուր բացասական կարծիք: Խնդիրն այն է, որ ոչ համայնքի բնակիչները, ոչ համայնքապետը չեն պատկերացնում՝ ինչ տեսքով այդ բացասական կարծիքը պետք է պաշտոնապես գրանցվի:
Մենք չենք ցանկանում կողմնակալության մեջ մեղադրել ընկերությանը, որը պետք է ապահովեր հասարակական լսումների կազմակերպումը, սակայն ակնհայտ է, որ մարդկանց չիրազեկելը, թե ինչ է իրենից ներկայացնում փորձաքննության գործընթացը և ինչպես է ապահովվում մարդկանց մասնակցությունը նախագծի ՇՄԱԳ-ի հասարակական քննարկմանը, նրանց օրինական իրավունքների բացարձակ խախտում է:
Համայքնի բնակիչները նամակներով սկսեցին դիմել տարբեր ատյանների՝ ՀՀ վարչապետին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին, Վանաձորի քաղաքապետին, գործարար Ռուբեն Վարդանյանին` արտահայտելով իրենց բողոքը նախագծի դեմ: Այս սրված իրավիճակում 2014 թ-ի դեկտեմբերի 23-ին` ՀՀ բնապահպանության նախարարությունում, նշանակվել էին հաջորդ մասնագիտական լսումները, որոնք տեխնիկական պատճառներով չկայացան: Նշենք, որ համայքնի բոլոր բնակիչները, ներառյալ համայնքապետը, տեղեկացված չեն եղել այդ լսումների անցկացման մասին և տեղեկացել են դրա մասին «ԷկոԼուր»-ում:
Պարոն նախարար, խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Ֆիոլետովո համայնքում արտագաղթ բացարձակ չկա: 200 տարիների ընթացքում մարդիկ ապրել են այստեղ՝ ձեռք բերելով Հայաստանում իրենց երկրորդ հայրենիքը, պահպանելով իրենց լեզուն և ավանդույթները: Եվ հենց այս համայնքում բնապահպանական փորձաքննության գործընթացի հետ կապված բացթողումները սուր հնչեղություն են ստացել:
Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ ապահովել բնակիչների բոլոր իրավունքները բնապահպանական փորձաքննության անցկացման գործընթացում, կոչ անել ընկերությանը ապահովել բնակիչների իրազեկումը նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ և հաշվի առնել բնակիչների կարծքիը, որն արդեն արտահայտված է բազմաթիվ նամակներում, Ֆիոլետովո համայնքում 2014թ-ի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական լսումների Արձանագրության մեջ: Կից ներկայացնում ենք նոյեմբերի 25-ի հասարակական լսումների Արձանագրությունը, որը ԷկոԼուրին տրամադրել են Ֆիոլետովո համայնքի բնակիչները»:
Հունվար 12, 2015 at 15:28
