ԱՐԴՅՈ՞Ք ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ ՄԵՂՐԻՆ, ԹԵ՞ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԿԳԱ

ԱՐԴՅՈ՞Ք ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ ՄԵՂՐԻՆ, ԹԵ՞ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԿԳԱ

ԷկոԼուր

«Եթե լեռնահանքային արդյունաբերությունը գա մեր գյուղ, ապա գյուղն այնպես կոչնչանա, ինչպես ոչնչացավ Ագարակ գյուղը»: Այս կարծիքը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՀՀ ԱԺ-ի նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, գյուղի բնակիչներ:  Գյուղի կողքին անցկացվում են ոսկու եւ այլ գունավոր մետաղների պաշարների երկրաբանական հետազոտություններ: Արտոնագրի սեփականատերը գործարար Սիլվա Համբարձումյանն է, ով հայտնի է հանքարդյունաբերության ոլորտում օտարերկրյա ընկերությունների հետ իր գործարքներով: Նա արդեն Լիճքում հետազոտություններ անցկացնելու արտոնագիր ունի: Լիճքի մասին տարբեր լուրեր են պտտվում: Գլխավոր անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ Լիճքի մաքուր աղբյուրները խմելու ջուր են մատակարարում Մեղրու շրջանի բնակեցված խոշոր կետերին` հենց Մեղրի քաղաքին եւ Ագարակ քաղաքին: «Եթե Լիճքում սկսեն հանքի շահագործումը, ապա երաշխիք չկա, որ այդ ջուրը չի կեղտոտվի, եւ այդ ժամանակ Մեղրու կիրճում ոչ ոք չի կարողանա ապրել»,- կարծում է Գրիգոր Հարությունյանը:   

«Պետական աջակցության բացակայության պայմաններում Շվանիձոր գյուղը, միեւնույնն է, դատապարտված է»,- ասում է Շվանիձորի գյուղապետը: Կտրուկ նվազել է գյուղատնտեսական արտադրությունը: «Եթե նախկինում մեր գյուղը 64-65 տոննա թուզ էր տալիս ջեմերի եւ մուրաբաների պատրաստման համար, այժմ ոչ ոք մեր արտադրանքը չի գնում: Վերամշակող ֆաբրիկաները մեզ մոտ չեն գալիս, իսկ բնակիչները տրանսպորտ չունեն: Ինչ աճեցնում են, փոխանակում են ապրանքներով, կոշիկով, հագուստով»,- ասաց Օհանյանը: Երիտասարդությունը գյուղից հեռանում է: Նախկինում դպրոցում սովորում էր 280 աշակերտ, իսկ հիմա` 43: «Ինչպես ապրեն, եթե այստեղ ոչ մի պայման չկա, չկա ոչ ջուր, ոչ կոյուղի»,- ասաց Օհանյանը:

Մեղրիում 1200 զինվորական կա: Տեղի բնակիչները վստահ են, որ եթե բանակը գյուղացիներից մթերք գնի, ապա դա լավ հնարավորություն է եւ բանակի, եւ գյուղի համար: Նախկին պատգամավորը ցավով նշոմ է, որ բանակը մթերքի մատակարարման պայմանագրեր օլիգարխների հետ է կնքում: «Նրանք հարստանում են, իսկ գյուղն աղքատանում է»,- եզրակացրեց նա:

Ապրիլ 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր