

ԷկոԼուր
Հրազդանցինների համար հանելուկ մնաց քաղաքային իշխանությունների չմասնակցելը «Fortune Oil» ընկերության կողմից Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ բողոքի ակցիային, որը տեղի ունեցավ մարտի 31-ին` Հրազդանի Սահմանադրության հրպարակում: Հրազդանի Օրհուս կենտրոնի եւ տեղի հասարակական կազմակերպությունների կազմակերպած ակցիային մասնակցում էին ոչ միայն հրազդանցիները, այլ նաեւ Երեւանից ժամանած հյուրեր, մամուլը, ինչպես նաեւ ոստիկաններ, ովքեր եկել եին` հասարակական կարգը պահպանելու: Ներկա չէին միայն քաղաքային իշխանությունները, թեեւ ակցիան տեղի էր ունենում նրանց լուսամուտների առաջ:
«Ու՞ր է քաղաքապետը, ինչո՞ւ չի գալիս` պատասխանելու մեր հարցերին»: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ներկայությունն էին պահանջում հրազդանցիները: Հրազդանցիներին վրդովեցրել էր ոչ միայն քաղաքապետի բացակայությունը, այլ նաեւ այն հանգամանքը, որ քաղաքապետարանը հրաժարվել էր հոսանք տալ ակցիայի կազմակերպիչներին` բարձրախոսները միացնելու համար: Այն հարցին, թե ինչու քաղաքապետը չէր մասնակցում ակցիային եւ ինչու վերջին պահին ակցիայի կազմակերպիչներին քաղաքապետարանը մերժեց հոսանքի տրամադրման հարցում, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանեց. «Ինձ մոտ եկան երկու երիտասարդ եւ Անահիտը: Ասացին, որ ակցիա են կազմակերպում: Իրենց հարցրեցի` ինչով ձեզ օգտակար լինեմ, ասացին, ոչ մի բանով, դուք թույլատրությունը տվեք Սահամանդրական հրապարակում անցկացնել: Ասացի` խնդիր չկա: Հարցրեցի` պե՞տք է ես գամ, մասնակցեմ: Ասին չէ, հասկանում էք: Հիմա ես կազմակերպիչը չեմ, որ դինամիկ դնեմ, հոսանք քաշեմ: Հոսանքն էլ թող կողքերից բերեին: Հոսանք տվողը ե՞ս եմ: Կազմակերպիչը պետք է տա»:
Միեւնույն ժամանակ Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ ակցիայի նախօրեին հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետի հետ: «Քաղաքապետը մեզ հարցրեց, թե ինչով մեզ կարող է օգնել: Մենք իրեն ասացինք, որ ամեն ինչ կարգին է, միայն էլեկտրաէներգիա է անհրաժեշտ: Խնդիր չկա, ասաց մեզ քաղաքապետը»: Այն հարցին` արդյոք քաղաքապետը հրավիրվել էր ակցիային, թե ոչ, Մնացականյանը պատասխանեց. «Նրան հատուկ հրավերք չի եղել, քանի որ ակցիան բաց էր, եւ քաղաքապետը կարող էր մասնակցել, եթե կամենար»:
Ապրիլ 04, 2011
