ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ

Էկոլուր

Սյունիքում ուրանի ծրագրի իրականացման դեմ դուրս եկած հասարակական շարժումը սպառնում է դուրս գալ փողոց: «Այս հողի համար մենք պայքարել ենք, և շատերը մահացել են: Ի՞նչ է ստացվում, որ հիմա միևնույնն է կմեռնենք ուրանի պատճառով»,-բացականչեց «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Այս հայտարարությունը հնչեց Կապանի Օրհուս կենտրոնում, որտեղ Կապանի (Սյունիքի մարզ) հասարակության ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների` մեդիա-տուրի մասնակիցների հետ, որը կազմակերպել էր Պատերազմի և Խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը մայիսի 24-ին:

«Ազատամարտ» կոմիտեն ուրանի ծրագրի դեմ ստորագրահավաք է սկսել: Ընտրվել է քվերակության «կողմ», «դեմ» և «ձեռնպահ» ձևը: «Ազատամարտ» կոմիտեին միացել է նաև Կապանի զարգացման բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի:

«Դա իմ կարծիքով, Ռուսաստանի կողմից ճնշումն է, ոչ թե մեր իշխանությունների նախաձեռնությունը: Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել ուրանի ծրագրի դեմ: Ով ուզում է միանալ, թող ստորագրի»,-հայտարարեց նա և ընդգծեց, որ ակցիան սկսվել է Կապանում, բայց նախատեսում են այն շարունակել նաև Սյունիքի շրջաններում:

«Մենք բոլորս պետք է փողոց դուրս գանք և «ՈՉ» ասենք ոչ միայն ուրանի հանքավայրերի շահագործմանը, այլ նաև հետազոտություններին: Մենք այլևս չենք կարող այս ամենը որոշել քննարկումների մակարդակում: Պետք է խնդիրը կոնկրետ լուծել»,-հայտարարեց «Սյունիքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Ստեփանյանը:

Օրհուս կենտրոնի կոորդինատոր Աշոտ Ավագյանը զարմացել էր ՀՀ կառավարության «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման մասնակցության մասին»  6 մարտի 2008 թ. համար 234-Ն որոշման առնչությամբ: Մասնավորապես, ուշադրության առնվեց նախաբանը, որում ասվում է. «Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է…» Այնուհետև տեքստում նշված են այդ համագործակցության կոնկրետ քայլերը:

«Մենք պատահական իմացանք այդ որոշման մասին (որոշումը ՀՀ կառավարության արխիվում գտել և հասարակությանն էր ներկայացրել «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը): Դեռ 2008-ին որոշում է ընդունվում ընկերություն ստեղծելու մասին, որը պետք է ոչ միայն հետազոտի, այլ նաև ուրան արդյունահանի և վերամշակի: Իսկ 2009-ին մեզ մոտ հասարակական լսում է կազմակերպվում, որում հարց է բարձրացվում, թե արդյո՞ք նպատակահարմար է ուսումնասիրել պաշարները, թե ոչ: Սա իսկական թատրոն է»,-հայտարարեց Աշոտ Ավագյանը: «Ես երկու ձեռքով կողմ եմ, որ մենք ավելի վճռական գործենք»,-ավելացրեց նա:

Հասարակական քննարկման ընթացքում, ինչպես և մեկ տարի առաջ 2009-ի օգոստոսի 4-ին, մասնակիցներից ոչ մեկը կողմ հանդես չեկավ ուրանի ծրագրին: «Ոչ մի համայնքի ղեկավար չի ցանկանա, որ իր մոտ ուրան արդյունահանեն»,-ասաց Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ավետիք Համբարձումյանը: «Մեր կարծիքը հաշվի չի առնվել: Մեզ ասել են, որ ամեն ինչ միայն հետազոտությունների մակարդակով է արվում: Բայց մենք ծանոթացանք կառավարության որոշման հետ և հասկացանք, որ այնտեղ արդեն շատ բան է ներառված»,-հավելեց նա:

«Մենք պետք է համակողմանի տեղեկատվություն ստանանք, և այդ հիմքի վրա մեր գործողությունները հստակեցնենք»,-կարծում է Երիտասարդ իրավաբանների ասոցացիայի Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Արշավիր Խալաթյանը:

Մասնակիցները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի Սյունիք գալու և նոր քննարկում կազմակերպելու խոստումը, ինչպես նաև քննարկմանը անկախ փորձագետներին հրավիրելու առաջարկությունը ընդունեցին կատակով:

«Արդեն ապացուցված է, որ Հայաստանը ի վիճակի չէ դիմագրավելու ուրանին: Մեր երկիրը այդքան մեծ տարածք չունի: Դա պարզապես կատաստրոֆիկ իրավիճակ կստեղծի»,-կարծում է «Խուստուփ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:

«Հանուն էկոլոգիական անվտանգության և դեմոկրատիայի զարգացման» հկ-ի իրավաբան Արթուր Ղազարյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ նախարարության ներկայացուցիչները գան, ապա դա ոչ թե հասարակական քննարկման տեսքով չի լինի, այլ պարզապես հերթական քննարկման: Նա ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ իրենց նամակագրությունը: «Մենք նախարարությանը առաջարկել ենք հանրաքվե անցկացնել, բայց պատասխան ստացանք, որ նախարարությունը պատրաստ է ևս մեկ անգամ քննարկել խնդիրը Սյունիքում: Հայտարարված ստորագրահավաքը իր ֆորմատով շատ է հիշեցնում հանրաքվեն, որովհետև հաշվի է առնում բոլորի կարծիքը, ի տարբերություն խեղաթյուրված արձանագրության (խոսքը 2009-ի օգոստոսի 4-ի քննարկման արձանագրության մասին է), որում այդ կարծիքը հաշվի չի առնվում»,-ասաց Արթուր Ղազարյանը:

Նույն օրը մեդիա-տուրը շարունակվեց Լեռնաձորում: Լեռնաձորցիների կարծիքը անփոփոխ է մնացել` «Ոչ` ուրանի ծրագրին»: Գյուղապետ Ստեփան Պետրոսյանը ավելացրեց. «Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ ամբողջ համայնքի հանձնարարությունը, որի առջև ես պատասխանատվություն եմ կրում»:

Մեդիա-տուրի մասնակիցների հրապարակումները ներկայացվում են ներքևում:

Պատերազմ ընդդեմ ուրանի շահագործման
Ա1+


«Միեւնույն է` ուրանի շահագործման դեպքում մեռնելու ենք` մեկ-երկու տարի ավել կամ պակաս, ուրեմն ավելի լավ չէ՞ պայքարենք, առաջը փակենք. սա էլ պատերազմի մի տեսակ է»,- ասում է «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, որը Կապանի մի շարք բնապահպանական ՀԿ-երի ու փորձագետների հետ միասին պատրաստ է գնալ մինչեւ վերջ ու թույլ չտալ Սյունիքում ուրանի պաշարների շահագործումը:

«Այս նույն տարածաշրջանի համար կռվել ենք, մեր տղաներից շատերը զոհվել են: Ուրանի շահագործման դեմ մեր պայքարը նույն կերպ մի պատերազմն է»,- ընդգծեց նա:

Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհը տրված է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: Ուսումնասիրությունները սկսվել են 2009թ. օգոստոսի 5-ից եւ տեւելու են մինչեւ 2014թ. օգոստոսի 23-ը: Ի դեպ, այս ծրագիրը հասարակական լսումներ չի անցել եւ կապանցիների վստահեցմամբ` կազմակերպության կողմից կազմվել է կեղծ արձանագրություն, թե իբր տեղաբնակները կողմ են ծրագրին:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լրագրողական այց Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Կապանի Օրհուսի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում,որի ժամանակ բնապահպանները հայտարարարեցին, թե ուրանի պաշարների` արդեն իսկ սկսված հետազոտական աշխատանքները մտահոգիչ են հատկապես առողջապահական տեսանկյունից:

Քննարկմանը մասնակից Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ավետիք Համբարձումյանը վստահեցրեց, որ իրենք միանշանակ դեմ են ուրանի շահագործմանը եւ տեղյակ չէին, որ բացի ուսումնասիրություններից, կազմակերպությունը մտադիր է նաեւ շահագործել հայտնաբերած պաշարները:

Կառավարությանը դիմելու համար, նրա ասելով` իրենք նախ պետք է ունենան ուրանի վտանգավորության մասին ուսումնասիրությունների արդյունքներ: ՀԿ-երի ներկայացուցիչները նրան առաջարկեցին օգտվել Սյունիքի մարզում անցկացվող ստորագրահավաքի արդյունքներից:

«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ուրանի հարստացման դեպքում կվարակվեն ստորգետնյա ջրերը, որոնցով բավականին հարուստ է մարզը: Դա իր հերթին կհանգեցնի Հայաստանի ամբողջ ջրային պաշարների աղտոտմանը, ինչպես նաեւ` մեծ հարված կհասցնի բերքի անվտանգությանը: Ուրանի հանքերի ստեղծումը փորձում են արդարացնել աշխատատեղերի ստեղծմամբ, սակայն նրա վստահեցմամբ` մարզի տղամարդկանց մեծ մասն աշխատանքով ապահովված է:

«Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» ղեկավար Տիգրան Ստեփանյան ներկաներին կոչ արեց փոխել քննարկումների այս ֆորմատն ու անցնել կոնկրետ գործողությունների. «Դուրս գանք փողոց ու միանշանակ` ասենք` ոչ, ուրանի խնդրով թող ընդհանրապես մոտ չգան մեր տարածաշրջանին ու հասնենք խնդրի համակարգային լուծման»:

Ուրանը բոլորիս վերջն է…
Սիրանույշ Պապյան, Լրագիր


Արդեն մեկ տարի է` լեռնաձորցին հանգիստ չունի, չգիտի` իր ճակատագիրն ով է որոշելու` կառավարությո՞ւնը, թե Աստված: Գյուղի հին բնակիչները կատակում են, թե Աստված իրենց 40 տարին մեկ որոշել է նույն փորձությանը ենթակել` մեկ 60-ականներին, մեկ էլ վերջին տարիներին:

Դեռ Խորհրդային Միության տարիներին Լեռնաձորը հայտնի էր որպես ուրանի պաշարներ ունեցող տարածք, 60-ական թվականներին տեղում առաջին անգամ սկսվեցին հետախուզական աշխատանքներ, արդյունքում` 6 զոհ: Իհարկե, Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը երկուսին է հիշում: Այնուամենայնիվ, գյուղապետը տեղեկատվության մեջ ուզում է ուղղում մտցնել` մահվան պատճառ եղել է ոչ թե ուրանից թունավորումը (քանի որ այն աստիճանաբար է քայքայում օրգանիզմը), այլ հետախուզումից առաջացած սողանքները:
 
Այն ժամանակ, սակայն, աշխատանքները դադարեցվեցին: Արդեն  2008 թվականի փետրվարի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագրի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է  ՀՀ տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեությունն իրականացնելու նպատակով փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար բանակցություններ վարել ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության հետ: Որոշումից հետո արդեն սկսվեցին այցեր Լեռնաձոր` ուրանի “կենտրոն”, ինչպես նաեւ քննարկումներ. մի բան հստակ է` ուրանի շահագործմանը դեմ են բոլորը:
 
Այսօր գյուղն ունի 444 բնակիչ, որոնք բոլորն էլ աշխատանքի խնդիր չունեն, քանի որ հիմնականում աշխատում են Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում: 2009-ի  օգոստոսի 4-ին Կապանի Օրհուս կենտրոնում սկսվեցին լսումներ «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականցման» վերաբերյալ. այն  հիմնականում վերաբերում  է Լեռնաձորում ուրանի հանքավայրի շահագործմանը: Սակայն, պազվում է, լսում են մի բան, արձանագրում` մեկ այլ բան. արձանագրել են, թե իբր Լոռնաձորի համայնքապետը դրական խոսքեր է ասում, գոհ է նման ծրագրի իրականացումից, աշխատատեղերի հեռանկարից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մինչ այսօր համայնքապետի իրական կարծիքը խիստ բացասական է:
 
Մայիսի 24-ին Կապանի մարզպետարանում տեղի ունեցավ Ուրանի հանքավայրերի հնարավոր շահագործման տեղեկատվական սեմինար, որի ընթացքում մասնակից բոլորը հ/կ-ները, կազմակերպությունները, ինչպես նաև Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչը փաստեցին ծրագրին դեմ լինելը:
 
Խուստուփ բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն իր մտահոգությունն է հայտնում խնդրի վերաբերյալ. «Ոչ մեկի համար նորություն չէ, որ մեր տարածաշրջանն ունի լուրջ էկոլոգիական խնդիրներ, առանց ուրանի հանքերի շահագործման էլ անգամ բավական էկոլոգիական խնդիրներ ունենք` կապված տեղական լեռնահանքային արդյունաբերության հետ», ապա նշեց, որ ուրանի խնդիրը ոչ միայն սյունեցու խնդիրն է, այլ նաև ողջ Հայաստանինը: Այնպիսի փոքրիկ պետություն, ինչպիսին մերն է, ուրանի շահագործումն անիմաստ է: Փորձում են մեզ համոզել, որ ուրանը վտանգավոր է դառնում հարստացումից հետո, բայց դա այդպես չէ, այդ ջրերը մտնելու են Ողջի գետի ավազան, իսկ Ողջի գետը մինչև Արաքս ապականելու է ողջ տարածաշրջանը. «Ոչ ոք չի ուզենա, որ իր սերունդները ծնվեն 6 գլխանի, 3 ոտանի, առանց այդ էլ մեր տարածաշրջանում շատ են տարածված սրտանոթային հիվանդությունները: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, հարավային դարպասը, հասկացող մարդը լավ գիտի, որ այստեղ ուրանի շահագործման պայմաններում չի կարող բնակվել և վտանգի ենթարկել իր և իր սերունդների կյանքը»:
 
Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահ Տիգրան Ստեփանյանն էլ այն կարծիքին է, որ ժամանակն է բոլորով փողոց դուրս գալու, որ այս խնդրին միանշանակ պետք է ոչ ասել, անգամ տեղում հետազոտություններ չպետք է թողնել իրականացնեն, ընդհանրապես թող այս տարածաշրջանին նման խնդրով մոտ չգան, ամեն անգամ քննարկումները ոչինչ չեն տալիս, խնդիրը քննարկումներով չի լուծվում: Ի դեպ, հիմա Կապանում, ինչպես նաև հարակից գյուղերում սկսվել են ստորագրահավաքներ: Իսկ լեռնաձորցին դեռ անորոշության մեջ է: Գյուղապետը մի պահանջ ունի` ուզում է ի վերջո իմանալ իրենց ինչ ճակատագիր է սպասվում. «Մենք երբեք դեմ չենք եղել պետական ծրագրերին, մենք օրինապաշտ ժողովուրդ ենք, միշտ պետությանը հարգող, պետության որոշումները կատարող, բայց այնպիսի անորոշություն է ստացվել, որ շիվարել ենք»:
 
Բանն այն է, որ մի կողմից կառավարությունը 2005-ին գումարներ է հատկացրել Լեռաձորի բնակիչներին, որոնք 68-ի երկրաշարժից հետո ապրում էին փայտե տնակներում (4,5 միլիոն յուրանքաչյուր ընտանիքի), ինչի արդյուքնում 112-ից 33-ը արդեն կառուցվել է, բայց կապված ուրանի հանքերի շահագործման հնարավոր լինելու հետ, մարդիկ մոլորված են, չգիտեն` կառուցե՞ն մինչև վերջ, թե չկառուցեն: «Ինչքան  էլ ակադեմիկոս Գրիգորյանը համոզի, ես չեմ համոզվի, որ վնասի չի տա, չէ՞ որ կան ստորգետնյա ջրեր, որոնք դուրս են գալիս, թափվում են Ողջի գետը», նշեց գյուղապետը` ավելացնելով, որ գյուղացին իր գյուղը կլքի միայն ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեպքում, իսկ հիմա գյուղը բնավ էլ աղքատ չէ, բոլորն աշխատանք ունեն:
 
Ուրանի շահագործումն աղետ է Հայաստանի համար: Տարեցտարի առանց այն էլ նվազում է աշակերտների, ինչպես նաև ծնունդների թիվը, շատ են հիվանդությունները` կապված Լեռնաձորի` Քաջարանին մոտ գտնվելու հետ: Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում աշխատող մի կին ծիծաղը դեմքին ասում է` թանկարժեք կին եմ, ամբողջ օրգանիզմս մոլիբդեն է, հետո էլ լրջանում է ու արցունքախառն ավելացնում` յեսիմ ինձ ինչքան է մտացել ապրելու: Ուրանի շահագործման դեպքում, դու էլ ես հիվանդանալու, ես էլ, բոլորս էլ...

Բնապահպանները կոչ են անում կանգնեցնել ուրանային ծրագիրը
Կարեն Ղազարյան, «Ռադիոլուր»


Սյունիքի մարզի բնապահպանական կազմակերպությունները խիստ մտահոգված են մարզի Լեռնաձոր համայնքում ուրանային պաշարների ուսումնասիրության ծրագրի իրականացման առնչությամբ:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ` Սյունիքի բնապահպանական Օրհուս կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ, հիմնավորելով իրենց խիստ մտահոգությունները, հասարակական շուրջ տասնյակ կազմակերպություններ հայտարարել են, որ կանեն ամեն ինչ` ծրագրի իրականացումը կանխելու համար:

Բնապահպաններն ու մարզի բնակիչները համոզված են, որ ուրանի հանքերի ուսումնասիրության ծրագրի իրականացման դեպքում` առավել կվատթարանա մարզի առանց այդ էլ վատ վիճակում գտնվող էկոլոգիան, ինչն իր հերթին կհանգեցնի արտագաղթի տեմպերի աննախադեպ աճի:

Հայաստանի տարածքում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհը տրված է «Հայ- ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ- ին: Բնապահպանների համոզմամբ` նախատեսված ծրագիրը շոշափում է Հայաստանի ամբողջ բնակչության շահերը:

«Սա Հայաստանի խնդիրն է, ոչ թե ինչ- որ Կապանի, Քաջարանի կամ միայն մեր տարածաշրջանի բնակչության, սա ողջ հայության խնդիրն է»,- ասում է Կապանի բնապահպանական Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյան:

Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի խոսքով` անհրաժեշտ է հանդես գալ հստակ փաստարկներով: Մարզպետարանի ներկայացուցչի փոխանցմամբ` միանշանակ է, որ որեւէ համայնքի ղեկավար չի կարող համաձայն լինել նման ծրագրի:

«Խուստուփ» բնապահպանական կազմակերպության ղեկավար Վլադիկ Մարտիրոսյան.«Եթե ցանկանում են ուրանը շահագործել առանց մարդկային ռեսուրսի, դա կարող են անել: Նորմալ, հասկացող մարդը, ուրանի շահագործման պայմաններում, չի կարող այստեղ բնակվել եւ վտանգի ենթարկել իր եւ իր սերունդներիմ կյանքը»:

Չնայած Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որի համաձայն` էկոլոգիական կարեւոր որոշումներն ընդունվում են հասարակության մասնակցությամբ, սակայն, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ` ուրանային ծրագիրը չի անցել հասարակական համապատասխան լսումներ: Ավելի ճիշտ, ըստ «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավարի, Լեռնաձոր համայնքում կազմակերպված լսումների արձանագրությունը, պարզապես, խեղաթյուրվել է` համայնքի բնակիչների` ծրագրի վերաբերյալ ունեցած կարծիքները ներկայացնելով ծուռ հայելու մեջ:

Մենք այցելեցինք նաեւ Լեռնաձոր համայնք, որի տարածքում պետք է իրականացվեն ուրանի հանքի ուսումնասիրություններ: Գյուղապետի փոխանցմամբ.«Սուտ տեղեկություններ էին տպել: Մեր համայնքը ոչ մի պրոբլեմ չունի»:

Լեռնաձորում մեզ հանդիպած բնակիչները նույնպես հաստատեցին, որ իրենք դեմ են նման ծրագրի իրականացմանը: «Բա ուրանը, որ բաց անեն, էստեղ մա՞րդ կմնա: Բաց անել հնարավոր չէ»:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում այն հավաստիացումներին, թե ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անվտանգ ուսումնասիրել եւ շահագործել ուրանի հանքավայրեր:

«Մենք պետք է ամեն ինչ անենք պաշտպանելու առողջ շրջակա միջավայրում ապրելու մեր շահերը»

Բնապահպանները կոչ են անում կանգնեցնել ուրանային ծրագիրը: Սյունիքի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամաբ` իրենք պատրաստ են ամեն ինչի դրա համար, իսկ որպես առաջին քայլ նախաձեռնել են ստորագրահավաք` ընդդեմ Լեռնաձորի տարածքում իրականացվելիք ուրանային ծրագրի: Բնապահպանները չեն բացառում նաեւ ծրագրի դեմ բողոքի ակցիաների կազմակերպումը: Այս նախաձեռնություններից անմասն չէ նաեւ տեղի ուսանողությունը:

«Ամբողջ ուսանողությունը դեմ է այդ հանքավայրի բացմանը ու շահագործմանը: Մենք բոլորս պատրաստ ենք, թե ստորագրահավաքին, թե խաղաղ ցույցերին մասնակցել»:

Իսկ եթե իրենց կարծիքը հաշվի չառնեն, ապա` կմտածեն շատ արագ հեռանալ տարածքից:

Ծրագրին դեմ արտահայտվեց նաեւ գյուղապետը: Ելնելով այս հանգամանքից` բնապահպանները ենթադրում են, որ ծրագիրը որոշվել է իրականացնել ամեն գնով, ուստի.

«Մենք պետք է ամեն ինչ անենք պաշտպանելու առողջ շրջակա միջավայրում ապրելու մեր շահերը»:

Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանր ասել է.«Արդեն վտանգված է ամբողջ այս տարածքի շրջակա միջավայրը հենց առաջին հերթին ընդերք օգտագործմամբ եւ հիմա դրան միանում է նաեւ ուրանի հանքերը: Սա արդեն, ուղղակի, ազգային անվտանգության սպառնալիք է, պարզապես` երկրի գոյության սպառնալիք»:

ՈՒրանի հանքերը` քաղաքականություն  
Մերի Սողոմոնյան Առավոտ


Կապանցիները հայտարարում են, որ խափանելու են ուրանի հանքերի շահագործման ծրագիրը, որը, ըստ նրանց, Ռուսաստանի պարտադրանքն է:

Սյունիքում ուրանի պաշարների ուսումնասիրության ծրագիրը դարձել է Հայաստանի հարավային այս մարզի թիվ մեկ մտահոգիչ խնդիրը: Սյունեցիների կարծիքները, շահագրգիռ կազմակերպությունների պարզաբանումները եւ Սյունիքի համար ծրագրի ազդեցությունը քննարկելու նպատակով Կապանի «Օրհուս» կենտրոնում մայիսի 24-ին քննարկում էր կազմակերպել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանի գրասենյակը:

Քննարկման ժամանակ կարեւոր բացահայտումներ եղան: Պարզվեց, որ ՀՀ կառավարությունը, դեռեւս 2008 թվականի մարտին հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջեւ ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հռչակագիրը, որոշել է Սյունիքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում իրականացնելու նկատակով հիմնադրել նոր ընկերություն՝ բանակցելով եւ համագործակցելով Ռուսաստանի հետ: Միայն մեկ տարի անց՝ 2009-ի օգոստոսի 4-ին է Կապանում այս ծրագրի հասարակական լսումներ կազմակերպվել:

ՀՀ կառավարությունը մի կողմից՝ ուշացումով է կազմակերպել հասարակական լսումներ, մյուս կողմից՝ կեղծվել է ուշացած լսումների արձանագրությունը: Հայտարարվել է, թե իբր Սյունիքում եւ մասնավորաբար Կապանի տարածաշրջանում մեծ խանդավառությամբ են ընդունել ուրանի հնարավոր շահագործման ծրագիրը՝ ոգեւորվել են նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով եւ դեմ չեն եղել: Սակայն մայիսի 24-ի քննարկման մասնակիցները, որ ներկա են եղել նաեւ անցած տարվա օգոստոսյան քննարկմանը, հայտարարեցին, որ ոչ մի ոգեւորություն էլ չի եղել, բոլորը դեմ են եղել:

«Մեր տարածաշրջանը առանց ուրանի հանքերի շահագործման էլ բնապահպանական բազում խնդիրներ ունի: Մեզ փորձում են համոզել, որ ուրանի հանքերի շահագործումը վտանգավոր չէ, բայց դա այդպես չէ: Ես, բացի բնապահպան լինելուց, նաեւ լեռնագործ եմ ու գիտեմ, որ հորատանցքեր անելիս դրանք հասնում են ստորգետնյա ջրերի շերտերին: Այդ ռադիոակտիվացած ջրերը լցվելու են Ողջի գետի ավազանը ու մինչեւ Արաքս ապականելու են մեր տարածքը: Եթե ուրանը շահագործվի՝ այստեղ մարդ չի ապրի: Ոչ ոք չի ցանկանա, որ իր երեխաներն ու թոռները վտանգի գոտում լինեն: Առանց այն էլ մեր տարածաշրջանում սրտանոթային եւ ուռուցքային հիվանդությունները շատ են: Պետք է այնպես անել, որ ուրանի հանքը չշահագործվի: Սա ոչ միայն Սյունիքի, այլեւ ողջ Հայաստանի խնդիրն է: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է եւ հարավային դարպասը, այս կարեւորագույն փաստը պետք է հաշվի առնվի»,- ասաց «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:

Քննարկման մասնակիցների կարծիքով, ժամանակն է՝ քննարկումներից անցնել գործնական քայլերի: Բոլորն էլ պատրաստակամություն հայտնեցին միասնական պայքարել ոչ թե հանքի շահագործման, այլ՝ հետախուզական աշխատանքների դեմ:

«Մինչեւ ծրագրի իրականացումը՝ մեր կարծիքը հաշվի չի առնվել: Տարածաշրջանի բնակիչների կարծիքն անտեսվել է, քննարկումներ չեն եղել: ՀՀ կառավարությունը որոշում կայացնելուց հետո՝ մեկ տարի անց, ինչ-որ «թատերական» լսումներ է կազմակերպել: Մենք այս հողի համար պատերազմել ենք թշնամու դեմ: «Ազատամարտ» կոմիտեն շուրջ 218 զոհված եւ 292 վիրավոր ազատամարտիկի ընտանիքի է միավորում: Մեր ընկերներից շատերը այս հողի համար ընկել են: Սա մեզ համար նույնն է՝ ինչ պատերազմը: Մեզ ուզում են համոզել, թե ժամանակակից տեխնոլոգիաներով կարելի է ուրանի հանքերը անվտանգ շահագործել: Այս հայտարարությունը մեզ համար հիմք չէ, քանի որ շահագրգիռ անձինք են այդ ամենը ասում: Մենք չենք թողնի, որ մոտ գան մեր տարածքներին»,- հայտարարեց «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:

Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանն էլ իր հերթին ասաց, որ Կապանի քաղաքապետարանը դեմ է այս ծրագրին: Շատ ավելի ուշագրավ էր Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի խոսքը: Ըստ նրա, խնդիրը քաղաքական ակունքներ ունի՝ միջազգային շուկաներում էներգակիրների գների թանկացման ֆոնին գերտերություններն իրենց ազդեցության տակ գտնվող երկրներում սկսել են ուրանի հանքերի պաշարների հետախուզական աշխատանքներ:

«Իմ կարծիքով, ՀՀ տարածքում ուրանի հանքերի շահագործումը ավելի շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքականացված հրամանն է, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությունը»,- նշում է Արմեն Փարսադանյանը:

Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանը ավելի շատ վրդովված է այն փաստից, որ կեղծվել է հանրային լսումների արդյունքը եւ հայտարարվել, թե Լեռնաձոր գյուղը ողջունում է ուրանի հանքերի շահագործումը:

«Մենք երբեք դեմ չենք եղել պետական ծրագրերին, բայց խիստ անորոշ վիճակում ենք, հստակ ոչինչ չեն ասում: Մի կողմից գումարներ են հատկացնում տներ կառուցելու համար, մյուս կողմից... Մարդիկ չգիտեն՝ շարունակեն տներ կառուցել, թե ոչ: Կարծում են, թե տեղափոխելու են բնակչությանը: Լեռնաձորցիները չեն ուզում հեռանալ գյուղից»,- հայտարարեց Լեռնաձորի գյուղապետը:

Լեռնաձորն այսօր 736 բնակիչ ունի, գյուղի դպրոցը՝ 52 աշակերտ: Լեռնաձորում 33 ընտանիք պետության տրամադրած միջոցներով տուն է կառուցել: Խորհրդային տարիներին էլ են այստեղ ուրան փնտրել: Լեռնաձորի կազմում գտնվող Կաթնառատ եւ Փուխրուտ գյուղերի բնակիչները տները լքել- հեռացել են: Լեռնաձորցիները մնացել են:

Լեռնաձորցի 70-ամյա Գեորգի Գեւորգյանը 40 տարուց ավելի ապրում է այս գյուղում: Տուն է կառուցել, ընտանիք կազմել եւ ասաց՝ ինչ էլ լինի՝ չի հեռանա գյուղից: 75-ամյա Ալյոշա Հակոբյանի վեց շնչից բաղկացած ընտանիքն էլ է այստեղ ապրում: Ալյոշա պապը ժամանակին աշխղեկ է եղել եւ ասում է, որ Կապան-Մեղրի ճանապարհի հիմնադիրներից է ու վստահեցնում է, որ ուրանի հանքերի շահագործման դեպքում այդ ճանապարհը կփակվի, քանի որ ուրանի պաշարների մի մասը ճանապարհի տակ է, մյուս մասը՝ ճանապարհից մոտ 200 մետր հեռու:

«Նախքան հանքը բացելը՝ պետք է բնակիչներին տեղափոխեն: Ոչ ոք չի ցանկանա այդ ճառագայթման տակ ապրել: Առանց այն էլ Քաջարանի կոմբինատի ազդեցությունը խիստ բացասաբար է անդրադառնում մեզ վրա: Բայց ոչ ոք չի ցանկանա լքել գյուղը»,- ասում է Ալյոշա պապը:

Լեռնաձորցի Մարուսյա Ղուկասյանն էլ զարմացած է ուրանի հանքերի շահագործման ծրագրի հեղինակների, իր խոսքով, անկուշտ ախորժակից:

«Անընդհատ մտածում են՝ հարստանանք, հարստանանք: Բա էս ժողովուրդը ի՞նչ անի: Ո՞ւր գնանք: Երեխաներ ու թոռներ ունենք, ուրիշ ապրելու տեղ չունենք: Եթե հանքերը շահագործեն՝ պիտի մեզ տեղափոխեն, բայց մենք չենք ուզում տեղափոխվել, լքել գյուղը: Մարդիկ կան՝ միլիոններ են ծախսել ու տուն կառուցել, ո՞վ է այդքան փող տալու նրանց, ո՞վ է փոխհատուցելու: Ես չեմ ուզում լքել իմ գյուղը: Այգի եմ տնկել, հող մշակել: Անասուն պահելով ու այգի մշակելով՝ մեր ապրուստը հոգում ենք, ոչ մեկին չենք խանգարում, վնաս չենք տալիս, ի՞նչ են ուզում մեզանից»,- վրդովված ասում է Մարուսյա տատը:

Ուրանի պաշարների հարցը մեծ հնչեղություն է ստացել եւ օրեցօր այս ծրագրի դեմ ավելի ու ավելի հզոր ալիքներ ու շարժումներ են բարձրանում: Կապանցիները նահանջելու մասին արդեն չեն էլ մտածում:

Մայիս 26, 2010 at 06:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր