Գեղանուշի պոչամբարի սեյսմիկ անվտանգությունն ապահովված չէ. «Կապանի ԼՀԿ»-ն մտադիր է այն վերակառուցել

Գեղանուշի պոչամբարի սեյսմիկ անվտանգությունն ապահովված չէ. «Կապանի ԼՀԿ»-ն մտադիր է այն վերակառուցել

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15.00-ին, Կապանի համայնքապետարանում տեղի կունենան «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումները:  

Ըստ հայտի՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի փաստացի վիճակը չի համապատասխանում աշխատանքային նախագծին և անվտանգության պահանջներին: Մասնավորապես, «Գեոռիսկ» ընկերության կողմից Հյուսիսային պատվարի փաստացի վիճակի կայունության հաշվարկի արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում՝ 8.5 բալ:

Գործող նախագծով պոչամբարի լցման նիշը 850 մ է, պատվարի բարձրությունը՝ 90-95 մ, պոչամբարի ծավալը՝ 11 միլիոն խմ, մակերեսը՝ 45 հեկտար: Պոչամբարի պատվարները նախկինում նախատեսվել է, որ պետք է ձևավորվեին պոչերի նստվածքից և Շահումյանի հանքից հանվող դատարկ ապարներից: 2018 թ-ի օգոստոսի դրությամբ Հյուսիսային պատվարի առավելագույն բարձրությունը մոտ 60 մ է, կատարի նիշը՝ 821 մ, իսկ Հարավային պատվարի կատարի նիշը՝ 819.5 մ:

«8.5 բալը գերազանցող սեյսմիկ ազդեցության դեպքում պատվարի ստորին բիեֆում հնարավոր է պատվարի փլուզում և պուլպայի արտահոսք, որը կարող է ծածկել պատվարից ներքև տարածքները, ներառյալ արտադրական և այլ շինություններ, հաղորդակցության և այլ ենթակառուցվածքներ:

Պատվարի հետ միասին կքանդվի Գեղանուշ բնակավայրի ճանապարհի՝ պատվարի վրայով անցնող հատվածը: Արտահոսած պոչերը կծածկեն միջպետական Մ17 ճանապարհի մի հատվածը: Այդուհետ պոչերի զանգվածը կարող է Ողջի գետի հունը լցվելով արգելափակել այն՝ ստեղծելով Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի ջրածածկման վտանգ, ինչն ուժեղ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակում առանձնապես վտանգավոր է, քանի որ խոչընդոտներ կառաջանան օպերատիվ արձագանքման և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքների համար», - նշված է հայտում:

Ըստ նախագծողների՝ պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ է ամրացնել հիմնական հիդրոտեխնիկական կառույցները, նորացնել հնացած և ռեսուրսը սպառած ենթակառուցվածքները, այդ թվում՝ պոմպերը և խողովակաշարերը:

Հայտում նշված է. «Հյուսիսային պատվարի կայունության նախնական հաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ սեյսմիկ ազդեցությունների դեպքում կառույցի կայունության բարձրացման համար անհրաժեշտ է կիրառել ժայռային գրունտից լրաբեռնում ստորին շեպի կողմից: Լրաբեռնումը կառուցվում է փուլային՝ տարբեր հաշվարկվող կոնֆիգուրացիաներով՝ ըստ թեքության, բարձրության և լայնության: Մինչև 850 մ նիշը բարձրացնելու դեպքում Հյուսիսային պատվարի կայունությունն ապահովելու համար լրաբեռնման ժայռային գրունտի նախնական գնահատված ծավալը կկազմի 900 հազար խմ: Պոչամբարի՝ գործող աշխատանքային նախագծով սահմանված ծավալը՝ 11 միլիոն խմ, չի փոխվի:

Ռեսուրսը սպառած ենթակառուցվածքների թարմացման շրջանակներում վերակառուցվելու են մասնավորապես՝ պոչերի հիդրոտրանսպորտային համակարգը, շրջանառու ջրամատակարարման համակարգը, դրենաժային համակարգը, պոչամբարի հարթակից անձրևահոսի հավաքման և հեռացման համակարգը, պոչային տնտեսության կառույցների էլեկտրամատակարարման, կապի, լուսավորության համակարգերը, հաշվիչ-չափիչ սարքերը, մերձատար և շահագործական ավտոճանապարհները»:

Պոչամբարը Գեղանուշ գետի կիրճում է: Գեղանուշ գետի ջրերի հեռացումը պոչամբարի տարածքից կատարվում է 1150մ երկարությամբ և 139 խմ/վ հզորությամբ թունելի միջոցով, որը համապատասխանում է 0.1% ապահովվածությանը 1-ին դասի հիդրոտեխնիկական կառույցների համար:

Հայտի համաձայն՝ շինարարական, հորատման և փորման աշխատանքների իրականացման տարածքներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, բույսերի տեսակներ չեն հայտնաբերվել: Պոչամբարի տարածքը չի հատվում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ:

Պոչամբարի վերակառուցման աշխատանքների ժամանակ կոչնչանա բուսականությունը նոր կառուցվող անապարհների և հրապարակների տարածքներում, եթե այն առկա է, կփոխվեն կենդանիների կենսապայմաններն աղմուկի և փոշու հետևանքով, փոշու արտանետումները կհասնեն դեպի բնական լանդշաֆտներ և բնակելի թաղամասեր:

Ընկերության մասին. «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող կոմբինատը ներառում է տարեկան 600 հազար տոննա հանքաքար արտադրողականությամբ Շահումյանի ոսկի-բազմամետաղային ստորգետնյա հանքը և վերամշակող ֆաբրիկան, արտադրում է ոսկու, պղնձի, արծաթի և ցինկի խտանյութեր, որոնք արտահանվում են: Ըստ հայտի՝ 2018 թ-ի առաջին կիսամյակում ընկերությունն արդյունահանել է 311 հազար տոննա հանքաքար և վերամշակել 312 հազար տոննա: Արտադրվել է մոտ 0.4 տոննա ոսկի, 6 տոննա արծաթ, 800 տոննա պղինձ և 3000 տոննա ցինկ: 2018 թ-ի առաջին կիսամյակում արտադրության ծավալը ոսկու համարժեքով կազմել է 0.8 տոննա:

Նշենք, որ 2018 թ-ի հոկտեմբերին «Chaarat Gold Holdings Limited»-ը 55 միլիոն ԱՄՆ դոլարով գնեց «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն «Polymetal» խմբից, որն էլ իր հերթին ձեռք էր բերել այն 2016 թ-ի ապրիլին՝ 25 միլիոն ԱՄՆ դոլարով, կանադական «Dundee Precious Metals»-ից:

Դեկտեմբեր 12, 2018 at 19:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր