Վերնաշենի համայնքապետ՝ Գլաձորի հանքավայրը կզրոյացնի Վերնաշեն համայնքի զարգացման ծրագրերը

Վերնաշենի համայնքապետ՝ Գլաձորի հանքավայրը կզրոյացնի Վերնաշեն համայնքի զարգացման ծրագրերը

ԷկոԼուր

«Մեր ամբողջ գյուղը հրաշք գյուղ է` իր ջրերով, մրգերով, ամեն ինչով: Մեր արոտները, խնձորի այգիները, խաղողի այգիները…տեսեք՝ ինչքան վնաս է մեզ տալու հանքը՝ անասնապահությունը, խաղողագործությունը դառնում են զրոյի հավասար, ծիրանը, խնձորը, պոպոկը…մեր խմելու ջրերը, ոռոգման ջրերը…ամեն ինչը լրիվ շարքից դուրս է գալիս», - Գլաձորի հանքավայրի շահագործման դեպքում Վերնաշեն համայնքի վնասներն է թվարկում համայնքապետ Միքայել Բաղդասարյանը:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում, Գլաձոր և Վերնաշեն համայնքների վարչական տարածքում: Հանքավայրը հավակնում է շահագործել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն, սակայն բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացությամբ մերժել է ընկերության նախագիծը: «Վայկ Մետալ»-ը որոշեց դատական կարգով վիճարկել իրեն տրված մերժումը և հայց ներկայացրեց ընդդեմ բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների:

Վերնաշեն համայնքը ներկայացնում է իր զարգացման ծրագրերը, որոնք կոնֆլիկտի մեջ են մտնում հանքավայրի շահագործման նախագծի հետ:

«Առաջին «Վերնաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվ» ծրագիրն է: Մենք համաֆինանսավորել ենք 1.5 միլիոն դրամ և տրամադրել մեր աշխատուժը: Ծրագրի համար ևս 35 միլիոն դրամ մեզ տրամադրել է Համաշխարհային բանկը՝ իր արոտների ջրարբիացման ծրագրով: Արոտօգտագործողների միավորման հիմնական նպատակը արոտների կառավարումն է, պահպանումը, ճիշտ օգտագործումը, անասնաբուծության զարգացումը, արոտների ջրարբիացումը: Այդ գումարը մենք ունենք, ստացել ենք և այս պահին օգտագործում ենք:
Երկրորդ ծրագիրն առաջինի շարունակությունն է, որը իրականացնում ենք Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ: Այդ նույն տարածքում ջրագիծ ենք կառուցել, խմոցներ ենք դրել: Մոտ 15 միլիոն դրամ արժե, ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Հողային, շինարարական աշխատաքները կատարել է համայնքը:

Երրորդը՝ այծաբուծության ծրագիրն է: Մեր այս ծրագրին հավանություն է տվել անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ծրագիրը պահանջում է 40 միլիոն դրամ ներդրում կառավարության ոկղմից և 20 միլիոն դրամ կոոպերատիվի կողմից: Շուկան այծի կաթի և պանրի անսպառ պահանջարկ ունի, այծի կաթի գինը 250 դրամ է, այս պահին դրա եկամտաբերությունը շատ բարձր է», - ներկայացրեց Վերնաշենի համայնքապետը և շեշտեց, որ Գլաձորի հանքավայրը ուղղակի կզրոյացնի Վերնաշեն համայնքի զարգացման ծրագրերը:

Վերնաշեն համայնքի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանի խոսքով՝ հանքավայրի տարածքում Վերնաշեն համայնքն ունի 2200 հեկտար արոտ:

«Այդ սարերը, որտեղ ուզում են հանքարդյունաբերություն անեն, ունեն 30 և ավելի աստիճան թեքություն: 30 աստիճան թեքության վրա գարնանային վաղ ձնհալի և անձրևի ջրերը հավաքվում և մի թևով գնում են դեպի Մալիշկա գետ, հետևի թևով գալիս են Գլաձոր, Վերնաշեն, գնում դեպի Եղեգնաձոր, միանում Արփա գետին, մյուս թևով՝ դեպի Կարմրաշեն, Հերհերի ջրամբար, որտեղից 6 համայնք սնվում է ոռոգման ջրով: Իսկ մյուս կողմից ձնհալի և անձրևի ջրերը գնալու են լցվեն Եղեգիս գետ: Այդտեղ վաղ գարնանը և ուշ աշնանը քամու արագությունը 30-ից 40 մ/վրկ է, այդ ի՞նչ ձևի բաց հանքարդյունաբերություն պետք է լինի, որ քամու փոշին չհավաքի այդ ամբողջը, տանի լցնի ջրերի մեջ, աղտոտի մեր իդեալական բնությունը»,- ասաց Գեղամ Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Մայիս 29, 2017 at 18:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր