

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Նամակում ասված է. «Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարությունում դիտարկվում է Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը, որը կարող է ծայրաստիճան բացասական ազդեցություն ունենալ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու վրա:
Բնապահպանության նախարարության կայքում` «Փորձաքննություն» բաժնում հրապարակված են փաստաթղթեր, որոնք ներկայացնում են «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ոսկու կորզման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (http://www.mnp.am/?p=315): Սակայն իրական ռիսկերը փաստաթղթերում ներկայացված չեն: Որպես հիմնավորում ներկայացնում ենք մեջբրում Շ. Ամիրյանի, Ա. Կարապետյանի «Մեղրաձորի ոսկու հանքավայրի հանքաբանական եւ երկրաքիմիական բնութագիրը» հոդվածը (Հայաստանի ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի հրատարակություն XVII, N2, 1964): «Լուսապատկերային եղանակով հաստատվել է ոսկու պարունակությունը հանքանյութում 0,03%-ից մինչեւ 0,1 %, արծաթինը` 0,1%-ից մինչեւ 0,3%, սնդիկինը` 0.01%, մկնդեղի պարունակությունը` ավելի քան 10%: Բազամետաղային փուլերի հանքաքարերում ամենից շատ շահ ներկայացնում թելլուրիդները` Au, As, Bi, Pb…»:
Սա նշանակում է, որ Մեղրաձորի հանքավայրի հանքաքարում առկա են միացություններ, որոնք շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար ամենից բարձր տոքսիկության աստիճանն ունեն, դրանք են` սնդիկը, մկնդեղը, բիսմուտը եւ կապարը: Այդ միացություններն արդեն իսկ արտանետվում են մակերես փոշու եւ հանքաքարի մանրացված մնացորդների տեսքով, այն բանից հետո, երբ ոսկով եւ արծաթով հագեցած խտանյութը տեղափոխվում է Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկա: Այժմ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը որոշել է ցիանային տեխնոլոգիաները տեղափոխել իր մոտ` Մեղրաձոր` դրանով բազմիցս ավելացնելով Մարմարիկ գետի ջրահավաք ավազանի, գյուղատնտնեսական նշանակության հողերի աղտոտման ռիսկերը, որոնց վրա լցվում են այսպես կոչված դատարկ ապարները, որոնք պարունակում են ծանր եւ տոքսիկ տարրեր:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի՝
նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում եւ գնահատում.
Ա) կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձեւաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի,
Բ) բնակչության առողջության եւ բարեկեցության,
Գ) բնակավայրերի շրջակա միջավայրի,
Դ) բնական պաշարների օգտագործման,
Ե) պատմամշակութային հուշարձանների նկատմամբ:
Այդ օրենքի դրույթների համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետներին խնդրում ենք կարծիք հայտնել Ա) եւ Գ) կետերի վերաբերյալ, ՀՀ առողջապահության նախարարության փորձագետներին` Բ) կետի վերաբերյալ, գյուղատնտեսության նախարարության փորձագետներին` Ա) կետի վերաբերյալ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ազդեցության մասով, ՀՀ մշակույթի նախարարության փորձագետներին` Ե) կետի վերաբերյալ»:
Հունվար 10, 2013 at 15:13
