

էկոԼուր
«Deno Gold Mining» ընկերության 13 նախկին աշխատողներ դատի են տվել ընկերությանը` պահանջելով 2005-2009թթ. ընթացքում գիշերային աշխատանքների համար ընկերության կողմից չվճարված գումարները: Տեղի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն գրություն է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ մանրամասնորեն ներկայացվել է պահանջի էությունը:
Մասնավորապես նամակում նշված է. «Ելնելով նախկին փորձից (խոսքը Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի լուծարման մասին է, երբ աշխատողների աշխատավարձերը, որոնք կազմում էին մոտ 100 միլիոն դրամ, այդպես էլ չվճարվեցին)` մենք չենք ցանկանում, որ նույնը նորից կրկնվի»: Կազմակերպությունը նախարարությանը խնդրում է պարտավորեցնել «Deno Gold Mining» ընկերությանը ոչ միայն դատարան դիմած աշխատողներին, այլ բոլոր աշխատողներին վճարել 2005-2009թթ. գիշերային աշխատավարձերը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նամակում նշված է, որ դեռ 2009թ. նոյեմբերին «Deno Gold Mining» ընկերությունում ստուգում է անցկացվել, որը ցույց է տվել, որ խախտվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի պահանջները, որոնց համաձայն` աշխատողներին չի վճարվել 11 367 374 դրամի չափով գումար: Խախտվել են նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Չվճարված գումարը 6 742 000 դրամ է: Նախարարությունը նշում է, որ ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալետտային հանձնարարական է տրվել չվճարված գումարները վճարելու պահանջի պարտադիր կատարման մասին:
Հունիս 10, 2010
