Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրային լսումների անցկացման պատշաճ վայր չէ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրային լսումների անցկացման պատշաճ վայր չէ

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 8-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) կազմակերպվեցին  ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղինձմոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխությանն ու դրա ազդեցության գնահատման գործընթացների վերաբերյալ հասարակական լսումներ, որին մասնակցելու ժամանեց ԷկոԼուրի թիմը:

Մինչ լսումները սկսելը ԶՊՄԿ-ի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը ԷկոԼուրին նախազգուշացրեց, որ դա իր տարածքն է, իսկ ԷկոԼուրը հյուր է, և որ նա կարող է հեռացնել հյուրերին այդ տարածքից: Հարցին, թե կլինի նախազգուշացում, Վահե Հակոբյանն ասաց, որ եթե պետք լինի, ապա ԷկոԼուրն առաջինը կիմանա:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի հատուկ անվտանգության համակարգ, որը ենթարկվում է կոմբինատի ղեկավարությանը և կարող է թույլ չտալ լսումներին մասնակցելու այն մարդկանց, որոնց համար տրվել են համապատասխան հանձնարարականներ (ինչի մասին ԷկոԼուրին զգուշացրեց ԶՊՄԿ-ի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը):

Կոմբինատի անվտանգության աշխատակիցները, ովքեր կանգնած էին ճաշարանի դռների մոտ, որտեղ անցկացվում էին լսումները, սկզբում թույլ չտվեցին «Էկոիրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչներին մտնել լսումների վայր՝ պատճառաբանելով, որ նրանք ուշացել են: Կազմակերպիչներից թույլտվություն ստանալուց հետո միայն «Էկոիրավունք»-ի թիմը կարողացավ մտնել դահլիճ:  Սա լրացուցիչ ճնշում էր մասնակիցների վրա: Լսումների կազմակերպիչները պետք է առաջնորդվեն օրենքով, այլ ոչ իրենց ներքին կանոնակարգով:

Կազմակերպիչները սահմանափակեցին հարցերի ժամանակը՝ հայտարարելով, որ ով հարց ունի, թող անհատական կարգով մոտենա: Սա նշանակում է, որ բոլոր այն հարցերը, որոնք հուզում էին մասնակիցներին, արդեն չեն ներառվի լսումների արձանագրության մեջ:

 Քննարկվող փաստաթուղթը անհասանելի էր մասնակիցների համար. մինչ լսումների  օրը փաստաթուղթը հրապարակված չի եղել ոչ լիազոր մարմնի www.mnp.am կայքում, ոչ էլ ԶՊՄԿ-ի www.zcmc.am  պաշտոնական կայքում:

Մենք կարծում ենք, որ կազմակերպված լսումները հակասում են Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգին՝ լսումների վայր մասնակիցների ազատ մուտքի իրավունքին, կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին, քննարկվող փաստաթղթերի ձեռքբերման մատչելիության և  ծանոթանալու իրավունքին: Այս պատճառով կարծում ենք, որ պետք է կազմակերպվեն նոր լսումներ՝ հաշվի առնելով օրենքի տառը:

Շարունակելի

Հուլիս 11, 2016 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր