ԷկոԼուր
Արմավիրի մարզի խնդիրներն ու հեռանկարները ԷկոԼուրին ներկայացրեց մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Ըստ նրա՝ 97 համայնքից բաղկացած մարզի ամենահրատապ խնդիրը ջրի խնդիրն է: «Ջրի խնդիրը ազգային անվտանգության խնդիր է, որն ուղիղ կապ ունի սոցիալական և տնտեսական խնդիրների հետ», - ասաց մարզպետը:
Ջրամբարների մասին
«Ինչպես գիտեք, մարզում գյուղատնտեսական արտադրությունը տուժում է, երբ տարին բնութագրվում է սակավաջուր կամ հայտարարվում է երաշտ: Նման իրավիճակներից զերծ մնալու համար, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխությունը հաշվի առնելով` լրացուցիչ ջրային պաշարների ստեղծումը մեզ համար դառնում է առաջնային: Նշեմ, որ մարզում ոռոգման ջրի սակավության, ոռոգման ցանցի բացակայության պատճառով չի մշակվում շուրջ 10200 հեկտար հողատարածք: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է կառուցել և վերանորոգել ներտնտեսային ցանցերը, նոր խորքային հորեր հորատել, եղածները վերանորոգել և ջրամբարներ կառուցել: Պակաս կարևոր չէ ջրի օպտիմալ մատակարարումն ու արդյունավետ օգտագործումը և աստիճանական անցումն այլընտրանքային ջրամատակարարմանը»,- ասաց Համբարձում Մաթևոսյանը:
Ջրի որակի մասին
«Մենք ջրի որակի հետ կապված լուրջ խնդիր ունենք. կոշտության մակարդակը շատ բարձր է, և ջուրը խմելու համար գրեթե պիտանի չէ: Շատերը ստանում են ջուր արտեզյան հորատանցքերից: Ջուրն աղակալված է, մեր մաքրման կայանները չեն գործում: Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը», - նշեց Արմավիրի մարզպետը:
Ջրի դեֆիցիտի մասին
«Ես կարծում եմ, որ մենք ջրի դեֆիցիտ չունենք: Դեֆիցիտը ջրի վատ կառավարման արդյունք է: Արարատյան դաշտում բուռն զարգացած ձկնաբուծությունը սպառում է արտեզյան ավազանի ջրային պաշարներին: Կան ձկնաբուծարաններ, որոնք ջրի աղբյուրից անօրինական և անխնա են օգտվել: Այդ ձկնաբուծարանները պետք է փակվեն: Բայց ինչ որոշում էլ կայացվի, մենք պետք է հաշվի առնենք և բիզնես շահերը, և գյուղատնտեսական», - ասաց Համբարձում Մաթևոսյանը:
Կոյուղաջրերի խնդրի մասին
«Ունենք կոյուղաջրերի խնդիր Մեծամորում, Զարթոնք և Արտաշար համայնքներում: Ժամանակին անգամ մահացու դեպքեր են եղել խոլերայից: Կարծում եմ, որ սա ազգային անվտանգության հարց է և պետք է շատ շուտ լուծել: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, հարցի շուրջ հանդիպում եմ ունեցել նշված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Այժմ փորձում ենք կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով համապատասխան լուծում տալ այդ խնդրին»,- ասաց մարզպետը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին
«Ես երկու ձեռքով կողմ եմ, որպեսզի ՀԱԷԿ-ի հետ կապված խնդիրները, ծրագրերը քննարկվեն հանրության հետ, հատկապես այն համայնքներում, որոնք գտնվում են ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում: Պետք է լինի հանրային կարծիք, թե մենք որ ուղղությամբ ենք գնում, ինչպես ենք նվազեցնում ՀԱԷԿ-ի հետ կապված ռիսկերը և այլն: Հայաստանի բնակիչը պետք է իրավունք ունենա հանրային քննարկման և իր կարծիքն արտահայտելու, իսկ կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այդ կարծիքը», - նշեց Համբարձում Մաթևոսյանը:
Հեռանկարների մասին
«Իմ աշխատանքի շեշտը ես դրել եմ ներդրումների վրա բոլոր այն ոլորտներում, որոնք կստեղծեն աշխատատեղեր և ընդհանուր շահ: Նոր տեխնոլոգիաներ են պետք: Մտադիր եմ ստեղծել աղբամշակման կենտրոն, որը չի առաջացնի թափոններ, վերջնական կլինի հեղուկի տեսքով և կօգտագործվի ասֆալտապատման նպատակով: Նաև կան այնպիսի խնդիրներ, որոնք լուծելու համար միայն կամքը բավարար է», - ընդգծեց Արմավիրի մարզպետը:
Դեկտեմբեր 06, 2018 at 18:40