Զարթոնք. ՀԱԷԿ-ին ազդակիր և կոյուղաջրերով ոռոգվող համայնքը

Զարթոնք. ՀԱԷԿ-ին ազդակիր և կոյուղաջրերով ոռոգվող համայնքը

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Զարթոնք համայնքը գտնվում է ՀԱԷԿ-ից ուղիղ գծով 9 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի 2655 բնակիչ, որից 60 տոկոսը հայեր են, 40-ը՝ եզդիներ:

Ատոմակայանի ջրերը՝ համայնքի ջրատարում

ՀԱԷԿ-ի տարածքից եկող ջրերը լցվում են Զարթոնք համայնքի տարածքի մեջ: Այս մասին ԷկոԼուրին ասաց Զարթոնքի համայնքապետարանի գլխավոր քարտուղար Քյարամ Աջոյանը:

«Ատոմակայանի տարածքից եկող ջրերը գալիս, լցվում են մեր տարածք, համայնքի ջրատարի մեջ, այդ ջրատարն էլ սպասարկում է Զարթոնքը, Արտաշարը, Եղեգնուտը: Եթե մեր պոմպակայանը չի վերցում այդ ջրերը, դրանք գնում են կողքի համայնքներ: Մի քանի տարի առաջ ահազանգեցինք բնապահպանության նախարարությանը: Մասնագետներ եկան, տեղում նայեցին և գնացին: Այլևս այդ հարցով ոչ մեկը չի զբաղվել», - ասաց Քյարամ Աջոյանը: ԷկոԼուրի հարցին` անցկացվում է արդյո՞ք համայնքում հողի, ջրի մոնիթորինգ, Քյարամ Աջոյանը պատասխանեց` ոչ:

Կոյուղաջրերը՝ ոռոգման աղբյուր

Բացի ՀԱԷԿ-ի տարածքից եկող ջրերից, Զարթոնքի տարածք են լցվում Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը: ԷկոԼուրի այցի ժամանակ համայնքի բնակիչներն ահազանգեցին՝ ոռոգման ջուր չունեն և իրենց գյուղատնտեսական հողերը ստիպված ոռոգում են այդ կոյուղաջրերով:

«1988 թ-ից Արմավիրի և Մեծամորի կոյուղաջրերը լցվում են մեր դաշտերը: Այդ կոյուղաջրերը գնում են մեր պոմպակայան և դրանով ոռոգվում են մեր հողերը: Պարբերաբար բողոքել ենք, դիմել ենք բոլոր ատյաններին, անգամ Ազգային անվտանգություն, որովհետև սա ազգային անվտանգության խնդիր է, - ասաց Քյարամ Աջոյանը, - նախկինում ոռոգման համար Սևջուր գետից ենք օգտվել, բայց հիմա գետում բավարար ջուր չկա: Բազմիցս դիմել ենք կառավարությանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ասել, որ մեզ ջուր է պետք, 5 խորքային հոր պետք է հորատվի, ևս 5-ը՝ վերականգնվի: Պետք է կառավարությունը դրա համար ֆինանսավորեր, բայց չֆինանսավորեց: Անցյալ տարի ճանապարհ փակեցինք, որ ուշադրություն հրավիրենք մեր խնդրի վրա, բայց ոչինչ չարվեց: Ստիպված ենք կոյուղաջրերով ոռոգել մեր հողերը, անասուններն էլ, բնականաբար, այդ ջրից են խմում»:

ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց՝ ինչպես են կոյուղաջրերը լցվում Զարթոնք համայնքի հողերի մեջ: Կոյուղաջրերի թափման կետը գտնվում էր ճանապարհի կողքին, տարածքում ուժեղ գարշահոտություն էր:

Կոյուղաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ, կոյուղաջրերի մաքրման կայան համայնքում չկա:

Ռադիացիոն վտանգներից համայնքում միակ պաշտպանիչ միջոցը յոդն է

Զարթոնքում չկան ապաստարաններ, բնակիչներն ապահովված չեն ռադիացիոն վտանգների դեպքում անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով:

«Մի 4 տարի առաջ մարզպետարանում սեմինար անցկացվեց: Մեր բժշկական ամբուլատորիային, որը սպասարկում է 3 բնակավայր, հատկացվեց յոդ և յոդացված աղ: Սեմինարն էլ նրա մասին էր՝ ինչպես դա պահպանել և օգտագործել», - ասաց Քյարամ Աջոյանը:

Համայնքում բնակչությանը միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ չկան: Միջուկային վտանգի դեպքում բնակչության տարհանման պլանն առկա է գյուղապետարանում, սակայն ցուցադրված չէ: Համայնքի տարածքում այն որևէ տեղ փակցված չէ: Ուսումնավարժական պարապմունքներ բնակիչների համար վերջին անգամ անցկացվել են 2017 թ-ի հուլիսին:

Զարթոնքի բնակիչները նշեցին, որ ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովմանը միտված իրավական ակտերի քննարկումներին համայնքը չի մասնակցում: Միջուկային վտանգի իրազեկվածության մասին իրենց գիտելիքները համայնքապետարանի աշխատակիցները, հարցված բնակիչները գնահատեցին բավարար:

Ջեռուցումը՝ փայտով ու աթարով

Զարթոնքը, հանդիսանալով ՀԱԷԿ-ին ազդակիր համայնք, այնուամենայնիվ, չի ստանում սոցիալական աջակցություն ՀԱԷԿ-ից: Անգամ ջեռուցումը բնակիչներն ապահովում են հիմնականում փայտով ու աթարով: Վառելափայտը գնում են, 1 խմ-ը 20.000-25.000 դրամով: Ձմռանը օգտագործում են 7-10 խմ վառելափայտ:

 

17:27 Հունվար 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news