Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Էդուարդ Մարտիրոսյանը։ Ս․թ․ օգոստոսի 12-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին։

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքի համաձայն,  ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:

Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝ մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Նախարարը նշել է, որ վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:

Նախարարը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն և արգասաբեր գործունեություն:

Էդուարդ Մարտիրոսյանը մինչ 2020 թ․ հունիսը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ ղեկավարի պաշտոնը։    

Օգոստոս 13, 2020 at 11:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր