ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` հրաժարվելով ռուսական վարկի մնացած 70 միլիոն դոլարից: Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար:
ԷկոԼուրը թեմայի շուրջ զրուցել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ:
Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկից և որոշեց այդ նպատակով պետբյուջեից միջոցներ հատկացնել: Որքանո՞վ է իրատեսական կառավարության՝ ռուսական վարկից հրաժարվելու հիմնավորումը, և արդյո՞ք դա լավագույն լուծումն է ծախսերի խնայողության տեսանկյունից:
Կարինե Դանիելյան.
-Այստեղ ավելի մեծ կոմպոնենտը քաղաքական է: Այս իշխանությունների ուղղվածությունն ավելի շատ դեպի արևմուտք է, քան արևելք` Ռուսատան: Ցանկություն կա ավելի փոքրացնել կապը և կախվածությունը Ռուսաստանից: Ես մեծ վտանգներ եմ տեսնում այստեղ: Ատոմակայանը Ռուսաստանի մասնագետների աշխատանքի արդյունք է, իհարկե, մեր մասնագետների հետ համատեղ: Սակայն ռուսական ընկերությունների աջակցության կոմպոնենտը միշտ էլ եղել է:
Կառավարությունը ներկայացրեց ՀԱԷԿ-ում իրականացված աշխատանքների ցանկը, մասնավորապես, հիմնական համակարգերի փոխարինումը և թարմացումը: Այդ նպատակով ծախսվել է 200 միլիոն դոլար: 70 միլիոն դոլար չի ծախսվել, ինչը պետք է հատկացվի պետբյուջեից: Որքանո՞վ է իրատեսական այդ գումարի հատկացումը պետական բյուջեից՝ COVID-19-ի պայմաններում:
Կարինե Դանիելյան.
- Եթե հնարավորություն գտնվի արևմուտքից կամ այլ բանկերից լրացուցիչ գումար վերցնել, ինչ-որ կերպ կարելի է բացատրել այդ որոշումը: Ընթացքը ցույց կտա: Կարծում եմ, որ կառավարությունը հույս ունի արևմուտքից գումարներ բերելու, որովհետև ակնհայտ է, որ ներքին ռեսուրսներով հնարավոր չէ դա անել, պարզապես դրա մասին դեռ չի հայտարարվել:
Վարկավորման նոր պայմանների դեպքում հնարավո՞ր է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկրարաձգվի 2026 թ-ից հետո: Արդիականացման նպատակով ֆինանսական ռեսուրսների հնարավոր սահմանափակման պայմաններում ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար:
Կարինե Դանիելյան.
-Պետք է ավելի լուրջ մոտենալ նման հարցերին: Այսօր անվտանգության ոլորտի ամենալուրջ խնդիրներից է ատոմային էներգետիկայի անվտանգությունը: Ակնհայտ է, որ պետք է գործունեությունը շատ ավելի լուրջ մակարդակով ծավալվի: Ատոմակայանը պետք է ունենա ռազմավարական ծրագիր և դրա տակ օպերատիվ ծրագրեր՝ կարճ և երկար ժամանակահատվածների համար: Այս առումով հանրությունը պետք է տեղյակ լինի: Միգուցե ունեն, չեն հայտարարում, բայց դա սխալ է:
Մի կողմից ինձ հույս է ներշնչում այն, որ ՄԱԳԱՏԷ-ն նախորդ տարի մանրակրկիտ ստուգեց ատոմակայանը, և ստուգման արդյունքը դրական էր: Կարծես հույս կար, որ կարելի է երկարաձգել:
Բնապահպաները սկզբունքորեն դեմ են ատոմակայաններին, ատոմային էներգետիկային: Հայաստանն ուղղակի այլ ելք չունի: Շատ կուզենայի, որ Հայաստանում այլընտրանքային էներգետիկային ավելի մեծ ուշադրություն դարձվեր, հատկապես՝ Պարիս Հերունու թողած աշխատանքներին: Այն արևային էներգիան, որ կարող ենք կոմուլյատիվ ձևով օգտագործել, կարծում եմ՝ մեր ապագան է: Գիտական աշխատանքներ արվում են, բայց պետք է աջակցել դրանց:
ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների անվտանգության ապահովման ուղղված հիմնական ծախսերը դրված են այդ համայնքների վրա: Արդյոք կարելի՞ է պետական վարկի մի մասն ուղղել ապաստարանների կառուցմանն ու անհրաժեշտ իրերի ձեռքբերմանը` յոդի պատրաստուկներ, հակագազեր:
Կարինե Դանիելյան.
-Այդ համայնքները պետք է ճանաչվեն ազդակիր: Բայց դրան գուցե խանգարում է այն հանգամանքը, որ այդ դեպքում ստիպված կլինենք ընդունել ատոմակայանի ռիսկային լինելը: Բայց այն, որ այդ համայնքների սոցիալական խնդիրները պետք է թեթևացվեն, ես լրիվ համաձայն էմ: Թե ի՞նչ ճանապարհով, ժամանակը ցույց կտա: Միգուցե ավելի ակտիվ պետք է բարձրացնել այդ հարցը: Մենք պատրաստ ենք միանալ:
Օգոստոս 04, 2020 at 13:05