

ԷկոԼուր
Ճապոնիայում Հիրոսիմայի բարձրագույն դատարանը բավարարեց տեղի մի քանի բնակիչների հայցը և վճռեց կանգնեցնել Shikoku Electric Power-ի Էհիմե պրեֆեկտուրայում գործող «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայցվորների պնդմամբ՝ հաստատված անվտանգության ստանդարտները հաշվի չեն առնում այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ երկրաշարժերի և հրաբխային ժայթքումների ժամանակ: Խոսքը, մասնավորապես, ատոմակայանից 130 կմ հեռավորության վրա գտնվող «Ասո» հրաբխի հնարավոր ժայթքման մասին է:
Առաջին անգամ չէ, որ բնակիչները դատական հայց են ներկայացնում: Մինչ այս երկու անգամ դատարանը պաշտպանել է էներգետիկ ընկերությանը, որի ներկայացրած զեկույցի համաձայն` հրաբխի ուժեղ ժայթքման հավանականությունը շատ ցածր է:
«Իկատա»-ի երրորդ ռեակտորը վերսկսել էր աշխատանքը 2018 թ-ի հոկտեմբերին: Այս կայանը միակն է, որը գտնվում է Սիկոկուում՝ Ճապոնիայի չորս հիմնական կղզիներից ամենափոքրում: Ներկայում ռեակտորը կանգնեցված է ստուգումների անցկացման նպատակով: Սակայն դատարանի որոշման հետևանքով ապրիլին պլանավորված վերագործարկումն ընկերությունը ստիպված կլինի հետաձգել:
Մինչ 2011 թ-ին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը Ճապոնիայի էներգահաշվեկշռում ատոմակայաններին բաժին էր ընկնում մոտ 30%-ը: Ներկայում Ճապոնիայում գործում է ութ ռեակտոր՝ հինգ կայաններում, իսկ կառավարությունն ակնկալում է մոտ ապագայում շարունակել ատոմակայանների մասնակի վերագործարկման քաղաքականությունը:
Հունվար 17, 2020 at 17:15
