ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ կիրականացվի

ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ կիրականացվի

2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:

Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կիրականացվի ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ, կապահովվի արդիականացված սեյսմիկ ցանցի անխափան աշխատանքը, տեղի ունեցող երկրաշարժերի գրանցումը, հետագա վերլուծությունը: Հուշագրով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք որպես կողմեր անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքների կատարման համար կնքել քաղիրավական պայմանագրեր, ինչպես նաև դիմել այլ կազմակերպությունների` օժանդակ աշխատանքների կատարման կամ ֆինանսական օժանդակության համար: Սահմանված է նաև տեղեկատվության փոխանցման կարգը: Փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով և նույնքան ժամանակով կարող է երկարաձգվել:

Անդրանիկ Փիլոյանը վստահեցրել է, որ Հուշագրի ստորագրումը թույլ կտա ավելի ընդլայնել և նոր աստիճանի բարձրացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված համագործակցությունը: Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին կարևորել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն ընդհանուր անվտանգության համատեքստում և ընդգծել, որ հարկ եղած դեպքում ինչպես տեխնիկական աջակցության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների զարգացման առումով կարելի է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը: Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական է, նախարարի ատոմակայան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և վեր են հանվել սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղած է ստորագրված Հուշագիրը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: 

Սեպտեմբեր 15, 2021 at 11:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր