Արարատյան արտեզյան ավազանի շատրվանող գոտին կիսով չափ պակասել է․ էկոլոգիական իրավունքի մասնագետ

Արարատյան արտեզյան ավազանի շատրվանող գոտին կիսով չափ պակասել է․ էկոլոգիական իրավունքի մասնագետ

«Արարատյան արտեզյան ավազանի շատրվանող գոտին կիսով չափ պակասել է», - այս մասին ասաց էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը՝ փետրվարի 19-ին Արարատի «Ինֆոտան»-ն անցկացված «Բնապահպանություն և իրավունք․ արտեզյան ջրերի խնդիրը» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկումը կազմակերպել էր «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն:

Արթուր Գրիգորյանը ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի 2016-2021 թթ-ի հետազոտությունների արդյունքները:

Արարատյան դաշտի ջրհավաք ավազանն ապահովում է Հայաստանի ռազմավարական նշանակության ստորերկրյա ջրային ռեսուրսների շուրջ 50%-ը:

Շատրվանող հորատանցքերի զբաղեցրած տարածքը 1984թ-ին կազմում էր մոտ 42298 հեկտար, 2007թ-ին՝ մոտ 32107 հեկտար, իսկ 2016 թ-ին՝ 22366 հեկտար: 1984 թ-ից մինչև 2016 թ-ի միջև ընկած ժամանակահատվածում շատրվանող հորատանցքերով գոտին կրճատվել է շուրջ 50%-ով:

2016 թ-ի դրությամբ՝ ավազանից տարբեր նպատակներով իրականացվող ստորերկրյա ջրառի փաստացի ծավալը կազմել է 1,608.07 մլն․ մ3, որը 60%-ով գերազանցում է թույլատրված ծավալը: Ջրառի տարեկան թույլատրելի ընդհանուր ծավալը (ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործելի ռեսուրսը) նույն ժամանակաշրջանի համար գնահատվել է 926.73 մլն․ մ3: Ստորերկրյա ջրային ռեսուրսների փաստացի գերշահագործումը կազմել է 681.34 մլն․ մ3:

Ջրառի 50%-ն իրականացվել է ձկնաբուծության նպատակով: 2016թ-ին գույքագրվել և հաշվառվել է 235 ձկնային տնտեսություն՝ 570 հորատանցքերով: Աշխատել է 135-ը՝ 336 հորատանցքով: Չի գործել 100 ձկնային տնտեսություն՝ ընդհանուր 234 հորատանցքերով, որոնցից 96-ը ունեցել են տարեկան 29․9 մլն. մ3 արտահոսք: Ձկնաբուծարաններից դեպի մակերևութային հոսքեր հեռացվող ջրի ծավալը գնահատվել է մոտ 756․4 մլն․ մ3, որից շուրջ 433․0 մլն․ մ3 հեռացվել է կոլեկտորադրենաժային ցանց, իսկ 323․4 մլն․ մ3 հոսել է գետեր, հիմնականում՝ Հրազդան և Մեծամոր:

2016թ-ին ստորերկրյա ջրառը ձկնաբուծության նպատակով կազմել է 534,600 մլն․ մ3, 2019թ-ին՝ 730,145 մլն․ մ3:

«2016թ-ի գույքագրման ժամանակ Արարատյան դաշտում և նրա ջրհավաք ավազանում առկա է եղել ջրի զգալի դեֆիցիտ՝ մարդու լայնածավալ գործունեության հետևանքով: Ջրի դեֆիցիտը՝ ջրապահանջարկի և ջրային ռեսուրսների միջև բացասական տարբերությունը՝  կազմել է 1,120.46 մլն․ մ3, որից 681.34 մլն․ մ3 ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործում է, իսկ 439.12 մլն․ մ3 ջրի դեֆիցիտ», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ Մեծամոր-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազման հետևանքով 2014թ-ին վտանգվել է Արարատյան դաշտի 29 համայնքների մոտ 8000 հեկտար հողատարածքի ոռոգումը: 2014թ-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Սևանա լճից բաց թողնել 270 միլիոն մ3 ջուր  «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված 170մլն. մ3-ի փոխարեն՝ ճնշում գործադրելով Սևանա լճի ջրային հաշվեկշռի և էկոհամակարգերի վրա: Նույն թվականին պետական բյուջեից 1 միլիարդ ՀՀ դրամ հատկացվեց ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու համար՝ այդ թվում արդիականացնելով ոռոգման նպատակով շահագործվող հորատանցքերի և պոմպակայանների պոմպերը։ Ճնշման անկման հետևանքով ջրօգտագործող ընկերությունները (ՋՕ) ստիպված են եղել հորատանցքերի խորությունն ավելացնելու, ինչպես նաև պոմպեր տեղադրելու հետ կապված ծախսեր կատարել։

«Քարտեզագրական և այլ տվյալների ուսումնասիրությամբ, գնահատվել է, որ ձկնաբուծարաններից դեպի մակերևութային հոսքեր հեռացվող ընդհանուր ջրաքանակից մոտ 350 մլն․ մ3 հնարավոր է օգտագործել ոռոգման նպատակով՝ առանց մեծ ներդրումներ պահանջող լուծումների», - նշեց Արթուր Գրիգորյանը:

Քննարկման մասնակից տեղի բնակիչները նշեցին, որ ոռոգման սեզոնին բավարար ջուր չեն ստանում: «Ինչո՞ւ պետք է մեր ջրանցնքները ոռոգման սեզոնին լինեն չոր, եթե այդքան ջուր կա մեր տարածքում: Ո՞ւր է հոսում այդ ջուրը, թող ուղղեն ջրանցքներ, մենք էլ ոռոգում անենք», - ասացին տեղացիները:

Քննարկման ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչ Մոնիկա Երիցյանը նշեց, որ Արարատյան դաշտի ջրային ավազանի խնդիրն անմիջականորեն ազդում է Հայկական ատոմակայանի անվտանգության վրա: Սևջուր (Մեծամոր) գետը, որը ժամանակին բավարարում էր ՀԱԷԿ-ի ջրապահանջարկը, գրեթե ցամաքած է: Ատոմակայանի հովացման նպատակով հորատվում են նոր խորքային հորեր, որոնք չեն կարող համարվել կայուն ջրային ռեսուրս: Եվս մեկ խնդիր է, որ ձկնաբուծարանների տակ են մնացել բերքատու հողեր:  «ԷկոԼուր»-ն առաջարկեց դիմել պատկան մարմիններին՝ պահանջով իրականացնել  ձկնաբուծարանների շահագործման սոցիալական, տնտեսական և բնապահպանական գնահատում,  ինչպես նաև՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի քանակական և որակական գնահատում պատկան մարմինների կողմից:

Փետրվար 23, 2022 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր