22 տարի անց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը Հայաստանում կիրականացնի բնապահպանական կատարողականի գնահատում

22 տարի անց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը Հայաստանում կիրականացնի բնապահպանական կատարողականի գնահատում

22 տարի անց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE-ՄԱԿԵՏՀ) Հայաստանում երկրորդ անգամ կիրականացնի բնապահպանական կատարողականի գնահատում: Այս նպատակով UNECE-ի միջազգային փորձագետների թիմը Երևանում հանդիպումներ է անցկացնում քաղաքացիական հասարակության,  պետական պաշտոնյաների, ազգային փորձագետների, գիտական և բիզնես ներկայացուցիչների հետ: 

2019 թ-ին Հայաստանի կառավարությունը դիմել է UNECE-ին՝ երկրորդ անգամ իրականացնելու բնապահպանական կատարողականի գնահատում: Առաջին անգամ գնահատում իրականացվել է 1999 թ-ին, հրապարակվել՝ 2000 թ-ին:

UNECE-ի թիմն առաջարկում է ստեղծել համապարփակ գործիք՝ օգնելու երկրներին բացահայտելու հիմնական բնապահպանական մարտահրավերները և ներկայացնելու կոնկրետ առաջարկություններ՝ բարելավելու Հայաստանի բնապահպանական ցուցանիշները:

Կգնահատվեն օդի որակի, ջրի կառավարման, կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, հողի պահպանման, թափոնների, քիմիական նյութերի կառավարման և «կանաչ» տնտեսության վերաբերյալ վերջին տասնամյակի զարգացումները: Կուսումնասիրվեն երկրի բնապահպանական ոլորտի տվյալները, տեղեկատվական և դիտորդական համակարգերը, միջազգային բնապահպանական համաձայնագրերի և պարտավորությունների կատարման մակարդակը, կլիմայի փոփոխության հետ կապված գործողությունները: Նաև կուսումնասիրվեն հասարակության հասանելիությունը բնապահպանական տեղեկատվությանը, մասնակցությունը շրջակա միջավայրի ոլորտում որոշումների կայացման գործընթացներին և արդարադատության մատչելիությունը: Վերանայման ընթացքում կքննարկվեն երկրի բնապահպանական, իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակները, ինչպես նաև կարգավորող և համապատասխանության ապահովման մեխանիզմները: Կվերանայվի բնապահպանական բաղադրիչների ինտեգրումը արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև շրջակա միջավայրի և առողջության հետ կապված հարցերը: Նաև կգնահատվի երկրի առաջընթացը Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Քաղաքացիական հասարակության հետ անցկացրած հանդիպմանը մասնակցեցին UNECE-ի փորձագետներ և խորհրդատուներ Նիկ Բոնվուազին, Վադիմ Նին,  Սարալի Անդրադե Դե Սան, Ջանիլ Մոլդալիևան, Մարիաննա Բոլշակովան, Անժելա Սոչիրկան, Վիրջինիա Ֆյուզեն, Թեոդորա Օբրադովիչ-Գռնչարովսկան, Օլիվերա Կույունջիչը, Անաբելա Ռեբելոն, Անդրաս Գուտին, Զբիգնև Նիևյադոմսկին, Պանդի Զդրուլին, Սիլվի Էյմարը, Դաֆինա Դալբոկովան, Էրվե Լետիերը, Վիկտոր Բադակերը, Կարին Ֆուերին, Նիկոլա Սահովիչը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր»-ի ներկայացուցիչ Մոնիկա Երիցյանը, «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը, «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի պատասխանատու Սիլվա Այվազյանը, «Էկոթիմ» ՀԿ-ի նախագահ Արտաշես Սարգսյանը,  «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի ներկայացուցիչներ Սիրարփի Մանյանը և Ռուզաննա Մանյանը:

Դիմելով հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներին՝ UNECE-ի փորձագետները նշեցին, որ իրականացվելիք գնահատման թիրախը կառավարությունն է. «Ձեր կարծիքները բացառիկ նշանակություն ունեն, քանի որ որևէ կառավարություն միայնակ չի կարող հասնել հաջողության, անհրաժեշտ է հասարակական սեկտորի  աջակցությունը»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն անդրադարձավ հիմնական բնապահպանական մարտահրավերներին: Նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն աշխատում է տարբեր նախաձեռնությունների, տեղի բնակիչների հետ, որոնք բարձր ակտիվություն են ցուցաբերում իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

«Ներկայում Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Ընդերքի մասին» օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Եվ բնական աղետների, պատերազմի, ահաբեկչության հետ մեկ հարթության վրա անհաղթահարելի ուժ են համարվում քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները: Շուրջ 60 կազմակերություն նամակով դիմել է Հայաստանի կառավարությանը՝ օրենքի նախագիծը հետ կանչելու համար: Նաև դիմել է  միջազգային հեղինակավոր կազմակերպություններին՝ կոչ անելով աջակցել և միջնորդ հանդես գալ այս գործընթացում:

Մենք ունենք նոր իրավիճակ, երբ բիզնեսը փոխում է իր գործունեությունը: Օրինակ, ռուսական կապիտալ ունեցող «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործուբեությունը: Մեր գնահատման ժամանակ մենք պետք է հասկանանք՝ ինչ անել այս նոր իրավիճակում:

Հանքարդյունաբերությանն ազդակիր տեղի բնակիչները սկսել են ակտիվություն ցուցաբերել իրենց «կանաչ» իրավունքների պաշտպանության գործում, որոնք սերտորեն կապված են սոցիալական խնդիրների հետ: 2018 թ-ից Լոռու մարզի Թումանյանի շրջանի մի շարք բնակավայրերի բնակիչներ տեղի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ակտիվ աշխատում են իրենց իրավունքների պաշտպանության համար: Չեխական «Առնիկա» կազմակերպության հետազոտությունների հիման վրա, որով ապացուցվել է հանքարդյունաբերական տարածքներում բարձր և վնասակար աղտոտվածությունը, շուրջ 70 բնակիչ դիմել է դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Կարևոր է, որ մարդիկ կարող են հասնել հաջողության,  երբ պաշտպանում են իրենց իրավունքները, և մենք աջակցում ենք նրանց այդ գործընթացում:

2019 թ-ին «ԷկոԼուր»-ն անցկացրել է Բնապահպանական հանրային դատավարություններ, որի ժամանակ մի շարք տնտեսվարողների գործունեությունը ճանաչվել է բնապահպանական հանցագործություն: Մենք ներկայացրել ենք մեծ ապացուցողական բազա՝ կապված տարբեր ոլորտներում բնապահպանական խախտումների հետ:

Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության տակ գտնվող 25 համայնքներում իրականացված հասարակական մոնիթորինգը ցույց է տվել, որ այդ համայնքներում կա ռադիացիոն անվտանգության ապահովման խնդիր: Այդ խնդիրների լուծումը դրված է համայնքների վրա, որոնք չունեն համապատասխան միջոցներ, իսկ պետությունը և ՀԱԷԿ-ը ֆինանսական պատասխանատվություն չեն կրում: Սա տեղի բնակչության իրավունքների խախտում է:

Մեր ջրային ռեսուրսները վտանգված են: Պատճառներն են ոչ կայուն ջրօգտագործումը, ջրային ռեսուրսների աղտոտումը: Մեր գետերի ջրերի աղտոտվածությունը հասել է 5-րդ՝ ամենավտանգավոր դասի: Բիզնեսը գրեթե չի վճարում ջրային ռեսուրսների աղտոտման համար, չկա պատասխանատվություն: Մենք չունենք մաքրման կայաններ: Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար կա օրենք, բայց այդ օրենքը մշտապես խախտվում է, և լիճը սկսել է ճահճանալ: Մեր ջրային մյուս ռազմավարական պաշարն Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերն են: Այդ պաշարի շահագործման տարեկան թույլատրելի ծավալը 1.1 միլիարդ խմ է, սակայն իրական ջրօգտագործումը հասնում է 1.6-1.7 միլիարդ խմ-ի: Տեղի է ունենում ջրային ավազանի բալանսի խախտում, և ամենամեծ ջրօգտագործողը ձկնաբուծական բիզնեսն է:  ՀԱԷԿ-ը, որի աշխատանքը պետք է ապահովվեր մշտական հոսք ունեցող ջրային ռեսուրսով, ապահովվում է խորքային հորերի ջրով, որը ոչ կայուն աղբյուր է: Մեր ոռոգման համակարգի վիճակը ևս վատ է: Ամեն տարի բարձրացվում է այն վերանորոգելու, ջրային կորուստները կրճատելու հարցը, բայց չի արվում», - ասաց Ինգա Զարաֆյանը:

«Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը նշեց. «Պաշտոնական տվյալներով՝ մենք շուրջ 70 տոկոս ջրի կորուստ ենք ունենում մեր ջրային համակարգում, իսկ ոռոգման սեզոնին ջրի դեֆիցիտը լրացնելու համար ամեն տարի լրացուցիչ ջուր է բաց թողնվում Սևանա լճից: Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման և պահպանման դեպքում մենք կարող ենք չկպնել մեր ռազմավարական ջրային պաշարին՝ Սևանա լճին, կարող ենք վերականգնել լճի ջրի այն որակը, որն ունեցել ենք նախկինում»:

«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ Հայաստանը չունի էկոլոգիական անվտանգության մշակված, հաստատված քաղաքականություն: «Մեր Սահմանադրության մեջ կա կետ, որ Հայաստանը վարում է էկոլոգիական քաղաքականություն, բայց դրանք միայն բառեր են: Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, որպեսզի մենք ունենանք էկոլոգիական քաղաքականություն՝ հեռահար նպատակներով: Այսինքն, կա հակասություն Սահմանադրության և իրականության միջև, և սա շատ լուրջ խնդիր է»:

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը բարձրացրեց որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության հարցը. «Մեր օրենսդրական նախագծերը քննարկվում են առցանց տարբերակով՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am): Այստեղ հասարակության ներկայացուցիչները թողնում են իրենց գրավոր կարծիքը, որը հաշվի չի առնվում: Առցանց քննարկումները չեն կարող փոխարինել կենդանի քննարկումներին, որոնք վերջին տարիներին հասարակական սեկտորի հետ գրեթե չեն անցկացվում»:

Սիլվա Ադամյանը բարձրացրեց կլիմայի փոփոխության հետ կապված կենսաբազմազանության պահպանության հարցը. «Կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, սակայն մենք ունենք մեծ բաղթողում կենսաբազմազանության մասով: Կլիմայական գործընթացները շատ լուրջ ազդեցություն են ունենում կենսաբազմազանության վրա, և այս բացը պետք է լրացվի»:

Ռուզաննա Ղազարյանը հիշեցրեց Երևանի Դալմայի այգիների տարածքում կառուցապատման խնդրի մասին, որի հետևանքով ոչնչացվեց տեղի կանաչ տարածքն ու կենսաբազմազանությունը: «Դալմայի այգիների տարածքում կար հարուստ կենսաբազմազանություն: Երբ կառուցապատման հետևանքով ոչնչանում էին աղվեսները, ես դիմեցի տարբեր կառույցների: Ինձ ասացին, որ Երևանում բնակվող աղվեսները չեն կարող համարվել վայրի կենդանիներ: Դալման մի մեծ աղետ էր, տարբեր  իրավունքների խախտումների կոմպլեքս»:

Հանդիպման ժամանակ UNECE-ի փորձագետները խոստացան, որ երբ կկազմի առաջարկությունների փաթեթը, այնտեղ ներառված կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունները:

Մարտ 18, 2022 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր