

2022թ. հոկտեմբերի 4-ին Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ) էր այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: ԱԷՄԳ-ի պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
Տեխնիկական շրջայցից հետո ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում հյուրերին ողջունեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նա կարևորեց այն փաստը, որ ստեղծված իրավիճակում Ռաֆայել Գրոսսին պատրաստակամություն է ցուցաբերել այցելել Հայաստան և ՀԱԷԿ: Փոխնախարարն ընդգծեց, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկման պահից սկսած՝ արդեն շուրջ 30 տարի ԱԷՄԳ-ն տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայկական ատոմակայանին, որի դերն անհամեմատ մեծ է մեր տնտեսության զարգացման գործում:
Ռաֆայել Գրոսին նշեց, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչն, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը: «Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, և համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,- եզրափակեց իր խոսքը գործակալության ղեկավարը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրեց ընթացիկ և հեռանկարային ծրագրերը. այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, այնպես էլ նոր էներգաբլոկի կառուցման նախագծերի ուղղությամբ: «Մենք ունենք մեծ ռեսուրս և մեծ ցանկություն»,- նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, - և հույս ունենք, որ դա մեզ կօգնի հաջողության հասնել»:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ վստահություն հայտնեցին, որ ՀԱԷԿ-ԱԷՄԳ երկարամյա համագործակցությունն ունի ընդլայնվելու և մշտապես զարգանալու բոլոր նախադրյալները:
Հոկտեմբեր 05, 2022 at 15:16