«ԷկոԼուր» մամուլի ակումբում քննարկվեցին Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացման նոր միտումների, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված խնդիրների, էներգետիկայի և կլիմայի փոխկապակցվածության հարցերը:
Հանդիպմանը մասնակցում էին «Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի» տնօրեն Վահան Սարգսյանը, «Էներգախնայողության աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աստղինե Պասոյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, փորձագետներ Էմիլ Սահակյանն ու Էդվարդ Արզումանյանը, «Արմինֆո» լրատվական գործալակությունից Ալեքսանդր Ավանեսովը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, լրագրողներ Քրիստինա Տեր-Մաթևոսյանն ու Մոնիկա Երիցյանը:
Ինգա Զարաֆյանն անդրադարձավ 2022թ. հուլիսին Թբիլիսիում կայացած «Հարավային Կովկասի երկրների համար էներգետիկայի և կլիմայի ինտեգրված պլանավորում» աշխատաժողովին: «Էներգետիկ ոլորտը Եվրոպայում և ամբողջ աշխարհում գնում է կլիմայի փոփոխության դրոշի տակ: Եվրոպական երկրները ներկայում մշակում են էներգետիկայի և կլիմայի ազգային պլաններ: Հանդիպման ժամանակ մեզ ներկայացված Գերմանիայի պլանում մենք տեսանք սոցիալական արդարության հստակ մեսիջներ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ժամանակ էլ ծագեց Հայաստանի համար նույնատիպ պլան մշակելու գաղափարը: «Պետք է ստեղծել նախադրյալներ Ազգային էներգետիկ ու կլիմայական պլանի (NECP) մշակման համար, հաշվի առնել այն զարգացումները, որոնք հիմնված են Եվրոպական կանաչ գործարքի (Green Deal) նպատակների, կլիմայական արդարության սկզբունքների վրա և համապատասխանեցնել այն Հայաստանում էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտներում մշակվող քաղաքականությանը, առաջարկների փաթեթում հաշվի առնել ֆինանսական աջակցությունը, տեխնոլոգիաների կիրառումն ու համագործակցությունը եվրոպական հարթակներում, խորհրդակցություններ անցկացնել կառավարության և էներգետիկայի ու կլիմայի փոփոխության քաղաքականության համար պատասխանատու այլ կազմակերպությունների հետ, և ի վերջո NECP-ի ընդունման համար լոբբինգ իրականացնել պետական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների և ակտիվիստների հետ»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Աստղինե Պասոյանը նշեց, որ 2020թ. երբ Հայաստանում սկսվեց էներգախնայողության և էներգավերականգնման ազգային ծրագրի մշակումը, ինքն առաջարկել էր միանգամից անել ազգային էներգետիկ և կլիմայական պլանը: «Որոշում կայացվեց, որ ինչ-որ պահից դադարում ենք էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի ու կլիմայի պլաններն առանձին մշակել: Ինտեգրացված պլանն ունի առավելություններ և թերություններ: Առավելությունն այն է, որ սինքրոնացնում է, բերում է ընդհանուր հայտարարի: Ազգային, էներգետիկ և կլիմայական պլանը պետք է անել ոչ թե մեխանիկական կարելու մեթոդով, այլ՝ օգտագործել այս առիթը և վերագնահատել մեր էներգետիկ և կլիմայական պարտավորությունները, որովհետև դրանք, հնարավոր է, իրատեսական չեն»,- նշեց նա՝ հավելելով, որ բարձրացված խնդիրների ավելի լայն քննարկման համար անհրաժեշտ է ստեղծել մեծ պլատֆորմ և դրա ներքո աշխատանքային խմբեր:
Միջուկային էներգետիկա
Բարձրացվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման խնդիրը:
Ըստ Էդվարդ Արզումանյանի՝ ՀԱԷԿ-ի 1200 Մվտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանում անթույլատրելի է. հղի է վտանգներով: «Նոր ատոմային բլոկի հզորությունը, համաձայն ատոմային էներգիայի անվտանգության ռուսական և միջազգային պահանջների, չպետք է գերազանցի տվյալ էներգահամակարգի պիկային հզորության 45-50 %-ը: Հայաստանի էներգահամակարգում պիկային հզորությունը կազմում է 1200-1210 Մվտ: Այսպիսով, այդ նոր ատոմային բլոկի հզորությունը կարող է կազմել 600 Մվտ ոչ ավելի: Ներկայում խոսել Հայաստանում նոր ատոմային բլոկի 1200 Մվտ հզորության մասին էներգետիկ տեսակետից անգրագիտություն է, որը կարող է բերել նոր Չերնոբիլի»,- կարծիք հայտնեց Էդվարդ Արզումանյանը:
Ալեքսանդր Ավանեսովը նշեց, որ եթե երկիրն ուզում է 1200 Մվտ հզորությամբ նոր ատոմային բլոկ կառուցել, եթե ուզում է մինչև 2030թ. արևային էներգետիկայի ծավալը հասցնել 1000 Մվտ-ի, ապա պետք է վերլուծվի, թե այդ հզորությունների ներքո արդյունաբերության զարգացման կոնկրետ ինչ ծրագրեր կան: «Եթե այդ ամենը չլինի, այդ հաշվարկները չլինեն, այդ ժամանակ աղետ կլինի, էներգետիկ համակարգը մեծ ռիսկի տակ կլինի»,- ասաց նա:
Վահան Սարգսյանը նշեց, որ այդ հարցին պետք է պատասխանեն համակարգի օպերատորները: «Ամենալուրջ խնդիրը համակարգում եղած ռեժիմային հարցեր են, որոնք առաջանում են նման զարգացումներով: Ավելի կարևոր են համակարգի կայուն աշխատանքի հարցերը, որոնք այդ դեպքում չեն ապահովվում: Նախատեսվում էր Իրան-Հայաստան 400 Կվտ հզորությամբ էլեկտրահաղորդագիծ կառուցել, որը պետք է 1000 Մվտ-ի արտահանում ապահովեր: Բայց արդյո՞ք Իրանի հետ պայմանավորվածություններ կան, որ երբ ուզենք, այդ գիծն անջատենք, ինչքան ուզենք, փոխանցենք կամ չփոխանցենք: Այդ հարցերը համակարգի օպերատորին է պետք է ուղղել»,- նշեց նա:
Աստղինե Պասոյանն էլ նկատեց, որ երբ նման հարց բարձրացվեց, հնարավոր ֆինանսավորողները նշել էին, թե Հայաստանը երբեք չի կարող այդքան էլեկտրաէներգիա վաճառել, հետևաբար՝ ներդրումը չի կարող հետ գնվել:
Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ այդ գծերի կառուցման վերաբերյալ բաղադրիչները ներառված են Հայաստանի մինչև 2040թ. Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում, և կարելի՞ է հետևություն անել, թե ռազմավարության նոր ծրագիրը սխալ է: «Ստացվում է, որ գործողությունների ծրագիրը, հիդրոէներգետիկան, արևայինն ու ատոմայինը, այս բոլորը ֆիկցիա են, մասնագիտական որևէ հիմնավորում չկա՞»,- հարցրեց նա:
Ի պատասխան Վահան Սարգսյանն արձագանքեց. «Կար քառակողմ հանձնաժողով՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան ու Վրաստան, որը փորձում էր հարցերը շտկել: Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ չի ստացվի»,- ասաց նա:
Էմիլ Սահակյանը նշեց, որ դեռևս 2012թ. փորձագիտական եզրակացություն էր ներկայացրել ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: «Եթե իրոք կառուցենք նման բան, կրակի տանք կընկնենք: Քանի անգամ պաշտոնական գրություն եմ ներկայացրել Հայաստան-Իրան 400 Կվտ էլեկտրահաղորդագծերի և Հայաստան-Վրաստան վերակառուցվող նոր 1000 Մվտ հզորությամբ գծի ավելորդության վերաբերյալ: Դրանք շատ մեծ հզորություններ են»,- նշեց նա:
Արամ Գաբրիելյանն էլ անդրադարձավ Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030թթ. «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ) հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմանը: «ԱՍԳ-ն մշակվել է՝ ելնելով էներգետիկ ռազմավարությունից, այն դեպքում, որ այն պետք է ուղեցույց դառնար ռազմավարության համար: 1000 Մվտ-ն ինչպե՞ս ենք տեղավորելու էներգահամակարգում»,- ասաց նա:
Նոյեմբեր 25, 2022 at 12:25