2022-ի 11 ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 16.8%-ով ավելի էլեկտրաէներգիա

2022-ի 11 ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 16.8%-ով ավելի էլեկտրաէներգիա

www.1lurer.am, Իրինա Մկրտչյան

2022 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 8 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա` 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 16.8%-ով ավելի:

Սոս Խաչիկյան (տնտեսագետ) - Էլեկտրաէներգիայի պահանջարկը ևս մեծացել է` տնտեսական ակտիվության աճով պայմանավորված: Օրինակ՝ ավելի մեծ չափով ջերմաէլեկտրակայաններն են սկսել աշխատել, բայց այն ավելի թանկ է: Չնայած դրան` սպառումը կա, քանի որ պահանջարկը մեծ է:

Հայաստանի Էներգետիկ քաղաքականությունն ուղղված է և տարածաշրջանային շուկաների զարգացմանը, և արտահանմանը: Միայն ատոմակայանի դեպքում, օրինակ, էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 50%-ով:

Տիգրան Մելքոնյան (ՀՀ ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ) - Ատոմակայանում իրականացվեցին մեծամասշտաբ արդիականացման աշխատանքներ, և այն աշխատեց 100 տոկոս ջերմային հզորությամբ:

Արդիականացումը դեռ շարունակվելու է: Զուգահեռ՝ այլ ուղղություններով էլ է ոլորտը ակտիվանում: Հողմային կայանների հզորությունները, օրինակ, դեռ նշանակալից չեն, բայց աճման միտում ունեն: 2022-ի հունվարից նոյեմբեր արտադրությունը կազմել է 1,5 մլն կՎտ, 2021-ին այն 1,1 մլն էր: Փոխարենը արևից ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինն է սրընթաց ավելանում:

Վիճակագրական կոմիտեի տվյալով` ՋԷԿ-երի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,3, արևային էլեկտրակայաններինը՝ 280 տոկոսով: Միայն ՀԷԿ-երի դեպքում է, որ արտադրությունը նվազել է 12,6 տոկոսով:

Սոս Խաչիկյան - Դա կապված է եղանակային պայմանների ու ջրային ռեսուրսների նվազման հետ:

Մելքոնյանն ընդգծում է՝ բնապահպանությունն առաջնահերթություն է, ՀԷԿ-երի շահագործման նոր լիցենզիաներ չեն տալիս:

Տիգրան Մելքոնյան - Մի քանիսը կառուցման փուլում են, բայց այս ուղղությամբ զարգացումներ չենք նախատեսում: Բնապահպանական խնդիրներն ավելի կարևոր են:

Առաջնահերթությունը ներքին սպառմանն է ուղղված, բայց արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ ևս աշխատում են՝ մանրամասնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների էներգետիկայի վարչության պետը: Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը շուտով կավարտվի, Իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը մրցութային փուլում է:

Ամեն դեպքում, 2022-ին դեպի Վրաստան արտահանել ենք ավելի շատ էներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին:



Հունվար 24, 2023 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր