ՀԷՑ-ի կողմից իրականացված արդիականացման միջոցառումների արդյունքում 2016-2022թթ. ջերմոցային գազերի արտանետումները կրճատվել են շուրջ 684 հազար տոննայով. ՀԷՑ-ի պատասխանը ԷկոԼուրի հարցմանը

ՀԷՑ-ի կողմից իրականացված արդիականացման միջոցառումների արդյունքում 2016-2022թթ. ջերմոցային գազերի արտանետումները կրճատվել են շուրջ 684 հազար տոննայով. ՀԷՑ-ի պատասխանը ԷկոԼուրի հարցմանը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2023թ. հունվարի 10-ին նամակով դիմել էր «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին:

ԷկոԼուրի հարցման մեջ նշված է.

««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է «Եղիր տեղեկացված Երևանում և  Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիրը, որի նպատակն  է լայն հասարակությանն իրազեկել Երևանում և Գյումրիում իրականացվող Կանաչ  քաղաքների պլանների և ծրագրերի մասին:  

«Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իրականացնում է «Կանաչ քաղաքների շրջանակ 2(GrCF2 W2) - «ՀԷՑ» Ներդրումային Ծրագիր»-ը: Ըստ Ծրագրի նկարագրության՝ այն իրենից ներկայացնում է 2017 թվականին կնքված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար գումարի  չափով ծրագրի (OpID 48957) երկարացում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 10-ամյա (2016-2027թթ.) ներդրումային ծրագրի 1-ին փուլի իրականացման համար, որն ուղղված է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացմանը: Այն ՀԷՑ-ին հնարավորություն կընձեռի իրականացնել ներդրումային ծրագրի 2-րդ փուլի («Ծրագիր») 2021-2022թթ. կապիտալ ներդրումները, որոնք, ի թիվս այլ ոլորտների, ուղղված կլինեն նաև Հայաստանի երկու խոշոր  քաղաքներին՝ Երևանին և Գյումրիին: Ծրագիրը Հայաստանում Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի ներգրավվածության երկարացումն է՝ ՎԶԵԲ-ի «Կանաչ  քաղաքներ» ծրագրի միջոցով: «ՀԷՑ»-ի ներդրումային ծրագիրն ուղղված է «Կանաչ  քաղաքների գործողությունների պլաններում» (GCAP) սահմանված  առաջնահերթություններին և մշակվել է՝ երկու քաղաքների քաղաքապետարանների հետ սերտորեն խորհրդակցելով և հաշվի առնելով «Կանաչ քաղաքների գործողությունների պլանները», որոնք ընկած են երկու քաղաքների նկատառումների հիմքում։ 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում  ենք տեղեկացնել.  

- Այս Ծրագրի շրջանակներում ի՞նչ կապիտալ ներդրումներ է կատարել կամ կատարելու ՀԷՑ-ը:  

- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված «Կանաչ քաղաքների շրջանակ 2(GrCF2  W2) - «ՀԷՑ» Ներդրումային Ծրագրով», որոնք ուղղված են Երևանի և Գյումրիի «Կանաչ քաղաքների գործողությունների պլաններում» սահմանված առաջնահերթություններին, դրանցից որո՞նք են իրականացվել, որո՞նք՝ ոչ և ի՞նչ պատճառներով:  

- Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչքան էլեկտրաէներգիայի խնայողություն է ապահովվել Երևան և Գյումրի քաղաքներում իրականացված միջոցառումների  արդյունքում և ինչքանով են կրճատվել մթնոլորտային օդ արտանետվող ջերմոցային գազերը:  

- Որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումների իրականացման համար»:  

ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը 2023թ. հունվարի 17-ին N08-ԿՀ-05/24 գրությամբ հայտնել է.

«Ընկերությունը գոհունակությամբ է վերաբերվում Ձեր կողմից իրականացվող «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրին, որի նպատակն է լայն հասարակությանն իրազեկել Երևանում և Գյումրիում իրականացվող Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին:

Ընկերությունը 2016-2027թթ. համար պլանավորել և իրականացնում է լայնածավալ (347 միլիարդ դրամ) ներդրումային ծրագիր: Ծրագրի շրջանակում ի թիվս այլ նպատակների առկա են աշխատանքներ, որոնք միտված են էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների կրճատմանը: Դրանցից առավել խոշորներն են՝

- Էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրման,

- 6(10) կՎ լարման ցանցերում տրանսֆորմատորների փոխարինման ծրագիրը:

Նշված աշխատանքները պլանավորելիս Ընկերությունը խնդիր չի ունեցել տարանջատել դրանք ըստ Երևանի կամ Գյումրու: Դրանք պլանավորվել են Ընկերության սպասարկման ողջ տարածքի համար՝ ըստ առավել խնդրահարույցների: Արդյունքում բաշխիչ ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների սահմանված 11,03% ցուցանիշը նվազել է՝ դառնալով 6,5% (2016-2022թթ.): Բաշխման ցանցում կորուստների կրճատումը կազմել է շուրջ 1,6 միլիարդ կՎտ.ժ, իսկ արդյունքում մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման կրճատումը կազմել է շուրջ 684 հազար տոննա:

Կից աղյուսակում ներկայացնում ենք Ընկերության կողմից 2016-2027թթ. ընթացքում նշված ենթաուղությունների մասին տեղեկատվությունը»:

Հունվար 20, 2023 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր