Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ «ՀԱԷԿ» ՓԲԸ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձիք այցելել են մարտի 6-ին։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ զեկուցել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին։ Իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում 1995 թվականից ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։

Ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը։ Աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թվականներին, մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։

Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թվականը զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Ներկայացվել է միջազգային առաջատար փորձը:

Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը:

Վարչապետը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում՝ բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։

Մարտ 07, 2023 at 13:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր