ՀՀ մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա՝ կազմելով 4,22 %

ՀՀ մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա՝ կազմելով 4,22 %

Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կապիտալում կկազմի 4,22 %: ՀՀ Կառավարությունը 2023թ. մարտի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրի նախագծին:

Ըստ նախագծի տեղեկանք-հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունն այդ մասնաբաժինն ունենալու համար 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64000 բաժնետոմս կգնի: Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար, որից վճարված կապիտալը՝ 1.5 մլրդ, ցպահանջ՝ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009թ. ապրիլին: Ներկայում Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, ՀՀ մասնաբաժինը՝ 0,007%։ «Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար, և յուրաքանչյուր վճարված բաժնետոմսը համապատասխանում է մեկ ձայնի։ Ներկայում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը, հաշվի առնելով իրականացված ծրագրերը, կազմում է 13,4 մլրդ ԱՄՆ դոլար, որից 484,2 մլն ԱՄՆ դոլարը 23 նախագծերի շրջանակներում տրամադրվել է ՀՀ-ին»,- նշված է պաշտոնական փաստաթղթում: 

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի նախագիծը նպատակ ունի կարգավորելու ԵԱԶԲ-ի կապիտալում Ռուսատանի Դաշնության մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։

Հիշեցնենք, որ Եվրասիական Զարգացման բանկը պետք է 100 մլն դոլարի ներդրում կատարի Ամուլսարի ծրագրի համար: 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր:

Մարտ 09, 2023 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր