Նախատեսվում է պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքի արգելք

Նախատեսվում է պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքի արգելք

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է արգելել թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների վաճառքը: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումների և փոփոխությունների նախագծերը շրջանառված են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Օրինագծերի ընդունման դեպքում արգելքը կգործի 2024թ. հունվարի 1-ից:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ արգելված այդ ապրանքների վաճառքը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Հիշեցնենք, որ 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով արգելվում է առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը։ 

Օրենքի՝ 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հասարակության բնապահպանական մշակույթի ոչ բավարար մակարդակի, ՀՀ համայնքների գերակշիռ մասում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների տրամադրման պահանջի ոչ արդյունավետ վերահսկողության իրականացման, անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մի շարք այլ պատճառների հետևանքով երկրում պոլիէթիլենային փաթեթվածքի արտադրության ծավալների էական կրճատում չի արձանագրվել, գործող մասնակի արգելքը չի ունեցել ցանկալի արդյունք, և կանխատեսումները չեն իրականացել ամբողջական ծավալով։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործուղությունների ծրագրի շրջանակներում մշակված «Պոլիմերային միանգամյա օգտագործման ապրանքների առանձին տեսակների ներմուծման և արտադրության փուլային արգելքի ներդրման նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում» զեկույցի համաձայն՝ Հայաստանում տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկ թափոն, որից վերամշակվում է միայն 25 տոկոսը: 

Մարտ 06, 2023 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր