ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի հունիսի 6-ին ստորագրել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում: Խումբը Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ է իրականացնելու և քննարկելու է
հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցեր։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում պետք է աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Ըստ որոշման հավելվածի՝ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը (աշխատանքային խմբի ղեկավար), Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրենը, Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալը, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գիտական գծով տնօրեն, 01 լաբորատորիայի պետը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետը (աշխատանքային խմբի քարտուղար):
Հունիս 06, 2023 at 19:26