ՀՀ կառավարությունը կադրերի խրախուսման քաղաքականություն կիրականացնի միջուկային անվտանգության ոլորտում։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետները կստանան հավելավճարներ, իսկ աշխատանքային ստաժի համար կտրվի հավելավճար կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար: Որոշումը հաստատվեց փետրվարի 8-ի գործադիրի նիստում։
Ըստ որոշման հիմնավորման՝ սա թույլ կտա կանգնեցնել կոմիտեում առկա սակավ մասնագետների շարունակական արտահոսքը՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:
«Այս որոշումը կարևոր է, որովհետև մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան կառուցելու։ Մենք վաղը-մյուս օրը գալու ենք, բախվենք իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, ամեն ինչը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Մենք արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, հիմա պետք է այս որոշումը կայացնենք», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ «Այս տարի և հետագա տարիներին նույնպես ժամկետային զինվորական ծառայությունից կրթության պարագայում տարկետման իրավունքները և քվոտաները սահմանելիս՝ մենք պետք է հատուկ նկատի ունենանք միջուկային էներգետիկայի ոլորտը։ Ինչպես ասացի, մենք մեգանախագիծ ունենք իրականացնելու, և այդ մեգանախագծի մաս է նաև մասնագետների պատրաստումը»։
«Նախորդ տարվանից ներդրեցինք պետության համար գերակա ոլորտներում տարկետման հնարավորությունը, և նշված ոլորտները ներգրավված են։ Այս պահին 2 կրթական ծրագիր ունենք՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Ատոմային էներգետիկա» կրթական ծրագիրը և ԵՊՀ-ում «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» մագիստրոսական ծրագիրը։ 2022թ․ նույնիսկ անվճար տեղերը լրացված չէին, իսկ 2023թ․, երբ տարկետման հնարավորությունը ներառվել է, պետպատվերով տեղերը լրացվել են, և մրցույթ է եղել», - ասաց Ժաննա Անդրեասյանը։
Փետրվար 08, 2024 at 17:42