Հայաստանը՝ փնտրտուքների մեջ, ինչ տեսակի ատոմակայան կառուցել

Հայաստանը՝ փնտրտուքների մեջ, ինչ տեսակի ատոմակայան կառուցել

«Մենք քննարկումների մեջ ենք, թե ինչ տեսակի ատոմային էլեկտրակայան պետք է  կառուցվի Հայաստանում, և կա մի տեղեկություն, որը և՛ դուք, և ժողովուրդը պետք է իմանաք», - ՀՀ կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023թ․ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն կիսեցին մեզ հետ, որն ունի, իմ կարծիքով, կենսական նշանակություն, և մենք պետք է իմանանք մեր հետագա քննարկումների և որոշումներ կայացնելու համար։ Այդ տեղեկատվությունը հետևյալն է․ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ տեղի է ունենում վթար՝ ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Ի՞նչ է դա նշանակում։ Երբ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նշեց․ «Տեղեկատվությունը ստացել ենք նախագծող կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում, սակայն իրական տվյալները դիտարկելու համար անհրաժեշտ է, որ նրանք մեզ թույլ տան տեսնել հաշվարկային տվյալները, որոնք մտցված են իրենց հիմնավորման մեջ։ Իսկ դրանք բավականին ամուր շղարշի տակ են պահված, ու որպեսզի կարողանանք հասանելի դարձել Հայաստանի մասնագետներին, որոշակի համաձայնագրեր կան, որ պետք է ստորագրվեն, որից հետո մենք կունենանք թույլտվություն, որպեսզի տիրապետենք այդ տվյալներին»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այս հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում ու կայացվել է որոշում, որ մենք պետք է գնանք այդ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով։ Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան։ Այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում, որովհետև քննարկումները դեռ պետք է շարունակվեն»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց․ «2-3 կարևոր հարց կա։ Մենք հիմա բոլոր մոդելները ուսումնասիրելով փորձում ենք հասկանալ, որ մոդելն է, որ մեր էներգետիկ համակարգում ճիշտ կտեղավորվի և առաջիկա 60-100 տարվա մեջ մեր էներգետիկ հաշվեկշռի մեջ իր հզորությամբ ճիշտ կաշխատի։ Հաշվի առնելով, որ ինքը մի քանի միլիարդ դոլար արժեք ունեցող կառույց է լինելու, կարևոր է նաև ֆինանսավորման մեխանիզմը ճիշտ գտնենք, որովհետև նրանից բխում է երրորդը՝ ատոմակայանի արտադրած էլեկտրական էներգիայի սակագինն ի՞նչ կլինի»։

«Անվտանգությունը մենք սակագնի մեջ հաշվո՞ւմ ենք, թե չենք հաշվում։ Միշտ պետք է իմանանք, որ կարող է ֆորս մաժոր լինի, որևէ մեկը դա սակագնի մեջ հաշվո՞ւմ է, թե չի հաշվում, - ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, - Անկախ սակագնից մենք պետք է  վերականգնվող էներգետիկան զարգացնենք, վերականգնվող էներգիայի կուտակման որոշումները դառնան առավելագույնս արդյունավետ իրագործելի»։

Փետրվար 08, 2024 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր