ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐԱՄ ԱՆԵՆ

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՐԱՄ ԱՆԵՆ

Մարիաննա Ղահրամանյան, Հրապարակ

Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսությանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ կուսակցության երիտթեւն ու մի շարք բնապահպանական ՀԿ-ներ ակցիա են անելու: Ակցիան ուղղված է լինելու  Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի դեմ: Խոսքը Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ՀՀ կառավարության 2008թ. որոշմամբ հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքների մասին է: Ծրագիրն իրականացնելու է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն:

«Մենք այդ միջոցառումն առիթ ենք դարձնելու եւ «Զբոսաշրջության հարավային առանցք Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավարներին հղելու ենք դիմում-բողոք, որպեսզի նրանք էլ սատար կանգնեն հանքավայրի շահագործման դեմ պայքարին, որովհետեւ մենք ողջունում ենք զբոսաշրջային այդ ծրագիրը, որի շնորհիվ մարզը կարող է նաեւ զարգացում ապրել, մինչդեռ մյուս ծրագիրը, որի շահույթը շատ չնչին է լինելու եւ կարճաժամկետ, նպաստելու է մարզից արտագաղթի ծավալմանը: Էլ չեմ ասում, թե այդ ծրագիրն ընդհանրապես հանրապետության անվտանգության համար ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Փոստանջյանը:  Հիշեցնենք, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել հավակնող 5,7 կմ երկարությամբ ճոպանուղու բացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին:

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ
News.am


Թերթն արդեն գրել էր, որ վաղը կայանալիք Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսությանը «Ժառանգություն» կուսակցության երիտթեւն ու մի շարք բնապահպանական ՀԿ-ներ Սյունիքի մարզի բնակչության հետ համատեղ ակցիա են նախաձեռնելու ուրանի հարստացման ծրագրի դեմ: Ակցիայի մասին լուրն այն աստիճան է վրդովվեցրել Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ խաչատրյանին, որ նա անձամբ է փորձել ակցիայի առաջն առնել: Սյունիքի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, մարզպետը «դաստիարակչական» զրույցներ է ունեցել տեղական բնապահպանական ՀԿ-ների ու ակտիվի հետ` ահաբեկելով նրանց, որ ակցիային չմասնակցեն:

Բնապահպանները, իհարկե, չեն պատրաստվում ընկրկել վճռական են տրամադրված: Թերթը նշում է, որ ուրանի շահագործման աղետաբեր ծրագիրը կանխելու նպատակով բնապահպանները նախատեսում են նամակ հանձնել ճոպանուղու նախագծի ղեկավարներին:

Հոկտեմբեր 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր